Կաթողիկոսը այդ մարդասիրական կոչը ինչու Հաց բերողի համար չհնչեցրեց

Կաթողիկոսը այդ մարդասիրական կոչը ինչու Հաց բերողի համար չհնչեցրեց

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ


Ամենայն հայոց կաթողիկոսի՝ բոլոր ազատազրկվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք դրսեւորելու, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կոչից հետո իշխանական շրջանակներն արշավ են սկսել եկեղեցու եւ վեհափառի դեմ՝ հայհոյանքներ, սպառնալիքներ, քրեական գործեր Հայ առաքելական եկեղեցու առաջնորդների նկատմամբ:

- Իշխանությունն ամենեւին բացասական վերաբերմունք չունի եկեղեցու նկատմամբ, ճիշտ հակառակը՝ դրական է տրամադրված: Եթե հիշում եք, մինչեւ կաթողիկոսի հայտարարությունը որեւէ մեկն իշխանությունից չէր խոսում եկեղեցու մասին ինչ-որ վատ բան: Հիմա էլ վատ բան չեն խոսել, ոչ էլ կաթողիկոսին են վատ բան ասել:

- Բայց Դուք էլ ասացիք, որ մինչեւ այդ հայտարարությունը, եւ բացի դա, բոլորն են տեսնում՝ թե՛ իշխանական ֆեյքերի, թե՛ լրատվամիջոցների, թե՛ պատգամավորների միջոցով բացահայտ հայտարարություններ են արվում, սպառնում, թե ժողովուրդը կաթողիկոսի հեռացումն է ցանկանում:

- Ներողություն, այդ պատգամավորները, այդ թվում՝ ԱԺ փոխխոսնակը, իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնելու եւ իրենց կարծիքն են ընդամենը հայտնել:

- Կան տեղեկություններ, որ այդ պատգամավորներն ամենավերեւից՝ Նիկոլ Փաշինյանից են նման հրահանգ ստացել, հակառակ պարագայում պետության ղեկավարը սաստող հայտարարությամբ հանդես կգար, կհորդորեր հարգալից գտնվել եկեղեցու նկատմամբ, որ կաթողիկոսը հենց մարդասիրական կոչեր հղելու համար է:

- Ես չունեմ նման տեղեկություն, որ ամենաբարձր օղակներից է հրահանգավորված: Ինչ վերաբերում  է, որ կաթողիկոսը մարդասիրական հայտարարություն է արել, դրա մասին բազմիցս խոսվեց, եւ ես նույնպես կարծում եմ, որ կաթողիկոսի մարդասիրական հայտարարությունը հասարակության մոտ այլ կերպ կընդունվեր, եթե նույն հայտարարությամբ հանդես գար Հաց բերողի մասին: Մենք հարցադրում ենք անում՝ ինչու տարանջատել, մենք ունենք կարծիք հայտնելու իրավունք, մենք դրանով չենք վարկաբեկում կաթողիկոսին կամ վատ բան չենք ասում եւ չենք փորձում մեր եկեղեցու դեմ բան խոսել: Ուղղակի մարդկանց մոտ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչով է քաղաքացի Ռոբերտ Քոչարյանն այդքան արժանի դրան եւ ոչ քաղաքացի Արթուր Սարգսյանը: Այստեղ քննադատական վերաբերմունք չկա, այլ խոսք է հանուն արդարության:

- Իսկ միգուցե իրավիճակ է փոխվել, դուք եք, չէ, ասում, որ մեր իշխանության շրջանում կա խոսքի ազատության աննախադեպ բարձր մակարդակ, եւ ցանկացած ոք կարող է կարծիք հայտնել: Բայց ստացվում է այնպես, որ կաթողիկոսը կարծիք է հայտնում, ու եկեղեցու առաջնորդներից մեկին հաջորդող օրերին մեղադրանք է առաջադրվում:

- Հանուն արդարության, եթե խնդիրն այդ դաշտում է, ես, իհարկե, ձեր վարկածն եմ առաջ քաշում, եթե իսկապես այդպես է, ապա պետք է տեքստում տեղ գտներ դա, որ այն ժամանակ ձայնի իրավունք չենք ունեցել, այսօր ունենք եւ այլն… Սակայն ես չեմ կարծում, որ դա է խնդիրը:

- Եթե նույնիսկ այդպես չէ, բայց դուք՝ իշխանություններդ եք, չէ՞, ձեզ ժողովրդավար համարում, ինչո՞ւ չեք հանդուրժում քաղաքական հակառակորդներին, նրանց աջակիցներին: Եթե կուզեք՝ հենց այսպիսի պահվածքի համար է, որ շատերն ասում են՝ բա ինչո՞վ եք տարբերվում նախկիններից…

- Որեւէ մեկը քաղաքական հակառակորդին չի հալածում: Բայց Դուք էլ, չէ՞, նախորդ հարցում ասացիք, որ իրավիճակ է փոխվել, եւ, այո, բոլորը, այդ թվում՝ կաթողիկոսը, կարող են  իրենց կարծիքը հայտնել եւ հայտնել են ու որեւէ ճնշման չեն ենթարկվել:

- Այս դեպքում փորձեցին, բայց ճնշումներն անխուսափելի եղան, այդ թվում՝ մեղադրանք առաջադրվեց հոգեւոր դասի ներկայացուցչին,  հարկային ստուգումներ են ընթանում:

- Քրեական գործն իրավական գործընթաց է, նույն աշխարհիկ մարդիկ են եղել, որ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր են ներկայացրել, ես վստահ եմ, որ նախորդ իշխանության օրոք, օրինակ, Սասուն Միքայելյանի համար շատ-շատ մարդիկ երաշխավորագիր չեն ներկայացրել, որովհետեւ կանխատեսել են, թե նախկին իշխանություններն ինչ կբերեին այդ մարդկանց գլխին:

- Հիմա նույն բանը ձեր մասին են ասում, մարդիկ նկատում են, ֆիքսում ժամանակագրությունը:

- Ներողություն, բայց իրավական գործընթացի մասին ինձ մի հարցրեք, հարցրեք
Ինչու աշխարհիկ մարդիկ երաշխավորագիր գրեցին, իրենց հետ ոչինչ չեղավ, ես դեպքում կապում են իրար հետ:

- Եթե եկեղեցու նկատմամբ այս արշավն իշխանությունը չի հրահանգել, ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա՞ սաստող հայտարարությամբ, չէ՞ որ նրա մի հանդուրժողականության կոչը կարող է հազարավոր քաղաքացիների մոտ իրավիճակ փոխել:

- Ինձ թվում է՝ Փաշինյանը միշտ է հանդուրժողականության կոչեր անում, ինչ վերաբերում է այս դեպքին, ես չեմ կարող ասել: