«Հրապարակ». Ինչ «ձեռքբերումների» համար է հպարտանալու Արարատ Միրզոյանը

«Հրապարակ». Ինչ «ձեռքբերումների» համար է հպարտանալու Արարատ Միրզոյանը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 15-ին՝ ուրբաթ օրը, գնալու է խորհրդարան: Այդ օրն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում արտգործնախարարը ներկայացնելու է կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածը, որում աբսուրդի թատրոն հիշեցնող դրվագներ կան։ Մասնավորապես, ՀՀ անվտանգային միջավայրի գնահատականում ՀՀ իշխանություններն Արցախի անկման ողջ պատասխանատվությունն ու մեղքը բարդում են Ռուսաստանի եւ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների ուսերին:

«Գլոբալ անկայունության պայմաններում Հայաստանի անվտանգային միջավայրը շարունակել է ձեւափոխվել, անվտանգային մեխանիզմները, որոնց ավանդաբար ապավինել է Հայաստանը, հերթական անգամ ի ցույց են դրել իրենց անարդյունավետությունը: 2020, 2021, 2022 թթ. պատերազմական իրադարձություններից հետո, երբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն անարդյունավետ գտնվեց, Լեռնային Ղարաբաղում (այսուհետ՝ ԼՂ) տեղակայված Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ ՌԴ) խաղաղապահ զորախումբն ի վիճակի չեղավ կանխելու Լաչինի միջանցքի՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մեկնարկած ապօրինի շրջափակումը, ապա եւ 2023 թվականի սեպտեմբերին հայերի բռնի տեղահանումը ԼՂ-ից, կառավարությունն անվտանգային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու որոշում է կայացրել»: 

Ներկայացվել են նաեւ տարբեր պետությունների հետ շփումներն ու փոխհարաբերությունները, որոնք, կարելի է ասել, զուտ պաշտոնական այցերի ամփոփում են, թեպետ Թուրքիայի դեպքում պաշտոնական շփումները ՀՀ իշխանություններին` հետագա համագործակցության տեսանկյունից, լավատեսությամբ են համակել, եւ այդ մասին իր ասուլիսում խոսեց Նիկոլ Փաշինյանը, իսկ կառավարության զեկույցում էլ գրել են․ «2023 թվականն առանձնացել է բարձր մակարդակի մի շարք հանդիպումներով, որոնք դրական հիմք են ստեղծել հետագա գործընթացների համար»։ Մնում է պարզել, թե դատարակ խոսքերից ու հավաստիացումներից բացի ինչ շոշափելի արդյունք է գրանցվել հայ-թուրքական հարաբերություններում, որի որակի մասին է խոսում այն, որ չնայած մենք շուտափույթ եւ մեծ ծախսերով կառուցեցինք Մարգարայի անցակետը, այն այդպես էլ չի բացվել՝ անգամ երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար, ինչի մասին արդեն քանի տարի է՝ քննարկվում է: Այդ մասին է վկայում նաեւ այն, որ Անթալիայի ֆորումին մեկնած մեր պատվիրակության ներկայությամբ էին խոսում ՀՀ Սահմանադրությունը փոխելու եւ ՀՀ օրենսդրությունն իրենց քիմքին համապատասխանեցնելու մասին: Նման պայմաններում առաջընթացի եւ լուսավոր հեռանկարների մասին խոսելու համար կա՛մ պետք է կույր լինել, կա՛մ ֆանտաստիկ մանիպուլյատոր: