ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը՝ պատմամշակութային կեղծիքների դեմ պայքարում

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը՝ պատմամշակութային կեղծիքների դեմ պայքարում

Հիբրիդային պատերազմների ներկա դարաշրջանում մեր գիտական արդյունքի միջազգայնացումը հրատապ անհրաժեշտություն է։ Առանձնապես, հասարակական և հումանիտար գիտությունների ոլորտում, քանի որ հիբրիդային պատերազմների անքակտելի բաղադրիչ է հանդիսանում (երբեմն նույնիսկ որոշիչ դեր ունեցող), ինֆորմացիոն քարոզչությունը։ Իսկ վերջինիս հիմքերից մեկը մեր պարագայում պետք է լինի գիտականը։ 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ. Ռոբերտ Ղազարյան. «Ադրբեջանը, փորձելով Արցախի ադրբեջանական պատկանելության հիմքերն ստեղծել, աշխատում է ոչ հայկական ներկայացնել երկրամասի (Արցախ, Ուտիք) հայ եկեղեցական ավանդական կառույցը, մշակույթը և տարածաշրջանի հետ կապված գրականությունը՝ այս ճանապարհին կատարելով երկաստիճան կեղծիք: Առաջին՝ իբրև թե Արցախի եկեղեցական կառույցը, մշակույթը և գրականությունը աղվանական են, որի այժմյան ժառանգորդներն են ուդիները: Նորահնար ուդիական եկեղեցու միջոցով սեփական տարածքային և քաղաքական նկրտումները հիմնավորելը պատմական առումով գիտականորեն հիմնազուրկ է, իսկ քաղաքական առումով՝ պարզապես անբարոյական: Ուդիները դարեր շարունակ կիսել են հայ ժողովրդի ճակատագիրը (ազդությամբ ուդի է, օրինակ, Սարդարապատի ճակատամարտի հերոս Մովսես Սիլիկյանը – ծնթ. սույն հոդվածագրի՝ ենթարկվելով հալածանքների, բռնի կրոնափոխության, իսկ վերջին հարյուրամյակում ադրբեջանական իշխանությունների կողմից հետևողական ազգային ձուլման քաղաքականություն է իրականացվել մինչև 1990-ական թթ., երբ որոշվեց Արցախի պատմամշակութային ժառանգությունը և, ըստ այդմ՝ հայկական պատկանելությունը վիճարկել այս ժողովրդի վերջին մնացած բեկորների միջոցով, որից հետո ուդիների հալածանքը փոխարինվեց նրանց կրոնական քողի ներքո յուրօրինակ պատանդառությամբ, որպես թե ժառանգորդը Արցախի եկեղեցիների, որն ըստ Ադրբեջանի ղեկավարության հաշվարկների ճանապարհ է բացելու դեպի Դադիվանք, Գանձասար և Ամարաս՝ արդեն քրիստոնեության և Աղվանական եկեղեցու ժառանգորդների քողի ներքո»:

Ադրբեջանական զեղծարարության դեմ ընդհանուր պայքարի համատեքստում՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի կողմից իրականացվող «Հին, միջնադարյան և նոր շրջանի արևելյան աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» ծրագրի շրջանակներում (ղեկ.՝ պ.գ.թ. Ռ. Ղազարյան) մանրամասնորեն դիտարկվել են Արցախ և Ուտիք նահանգների, Բուն Աղվանքի չորս հիմնական հայկական իշխանատոհմերի ծագման, պատմության և ճյուղագիտության հարցերը:

Բազմաթիվ սկզբնաղբյուրների օգտագործմամբ՝ անդրադարձ է կատարվել մի շարք կարևոր հարցերի, այդ թվում՝ ներկայում Ադրբեջանի Հանրապետության տարածքում ապրող բնիկ ժողովուրդների պատմության հիմնահարցրերին: Ուսումնասիրությունն ընդգրկում է վաղ շրջանից մինչև զարգացած միջնադարի ժամանակաշրջանը, և հնարավորություն է տալիս ավելի հիմնավոր պատասխանել մեր ժողովրդի պատմության խեղաթյուրումներին:

Բուն Աղվանքի պատմության, Աղվանքի պատմամշակութային ժառանգության և հայ-աղվանական առնչությունների վերաբերյալ գիտական անդրադարձ է կատարել պ.գ.դ. Ալեքսան Հակոբյանը. «Պատմական փաստերը վկայում են, որ Աղվանից եկեղեցին պատմության ողջ ընթացքում սերտորեն կապված է եղել Հայոց եկեղեցու հետ: Առաքելական քարոզչության շրջանից հետո վերահաստատվել է Գրիգոր Լուսավորչի նշանակած Թովմա եպիսկոպոսի (Փոքր Հայքի Սատաղ քաղաքից) և ապա թոռան՝ Գրիգորիս եպիսկոպոսի կողմից 310-330-ական թթ. և հետագա պատմության ողջ ընթացում նվիրապետական առումով կամ «ի հոգևորս» ենթարկվել է Հայոց եկեղեցուն, որն սկզբնապես ուներ «հավասարների մեջ առաջինի» կարգավիճակ:
Աղվանից եկեղեցու առաջնորդները կամ ձեռնադրվել են Հայոց եկեղեցու կաթողիկոսների կողմից կամ նրանց համաձայնությամբ: Աղվանից եկեղեցին, կարելի է ասել, ամբողջապես հայկականանում է, երբ 15-րդ դարի սկզբից Գանձասար է փոխադրվում կաթողիկոսական աթոռը, որից հետո «Աղվանից կաթողիկոս» անվանումը մնում է որպես անցյալից ավանդված պատվո անուն»:

Ալեքսան Հակոբյանը նշում է, որ Աղվանից անվանվող կաթողիկոսությունը ոչ միայն ամբողջապես հայկական էր իր բնույթով, այլև Գանձասարը դարձել էր հայ ազատագրական պայքարի գլխավոր կենտրոններից մեկը, որպես թուրքական նվաճողական քաղաքականության դեմ հակազդեցության դրոշակակիր՝ հարաբերություններ մշակելով Ռուսաց կայսրության արքունիքի հետ: Հայ ժողովրդի ազատագրության քաղաքական կողմնորոշումը դեպի Ռուսաստան դարձնող Իսրայել Օրին 1699 թ. Գանձասարում հանդիպում է ունեցել տեղի կաթողիկոսի հետ: 1702 թ.-ին կաթողիկոս է ընտրվել Եսայի Հասան Ջալալյանը, ում անունն անխզելիորեն կապված է Ղարաբաղի մելիքություններ թուրքական ներխուժման դեմ պայքարի հետ: Ռուսաստանի հովանու ներքո Հայոց պետականության վերականգնման ծրագրով իր գործունեությունը ծավալած Հովսեփ Էմինը Գանձասարում է 1762 թ.-ին հանդիպել տեղի Հովհաննես կաթողիկոսին: 1783 թ.-ին Գանձասարի վանքում Արցախի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների ներկայացուցիչներն Արցախը Ռուսաստանին միացնելու դիմումով նամակ են ուղղել եկատերինյան շրջանի նշանավոր դեմքերից իշխան Գր. Պոտյոմկինին՝ հավաստիացնելով, որ ռուսական արշավանքի ժամանակ կցուցաբերեն զինական և նյութական աջակցություն:

Իսկ եկեղեցական ճարտարապետության մասին Ալեքսան Հակոբյանն ավելացնում է. «Բազմաթիվ հետազոտողներ, այդ թվում՝ արտասահմանյան, խորհրդային և ռուս գիտնականներ, անհերքելիորեն վկայում են, որ Արցախի եկեղեցական ճարտարապետությունը մաս է կազմում հայ եկեղեցական ճարտարապետությանը և կառուցվել է հայ վարպետների կողմից: Բոլոր եկեղեցիներն ունեն բացառապես հայկական վիմական արձանագրություններ: Մի շարք վանքեր եղել են հայ գրչության կենտրոններ, որով նրանք մաս են կազմում հայ գրավոր մշակույթի: Անատոլի Յակոբսոնի դիպուկ բնորոշմամբ՝ «Գանձասարը հայկական ճարտարապետության հանրագիտարանն է:
Արցախի հայկական ժառանգության յուրացման հաջորդ փորձը հայ միջնադարյան մի շարք հեղինակների «աղվանականացումն» է, իբրև թե նրանց ստեղծագործությունները սկզբնապես գրվել են աղվաներենով, ապա՝ թարգմանվել հայերեն: Այնինչ աղվանական ներկայացվող հայ հեղինակների երկերի բնագրային քննությունը ցույց է տալիս, որ դրանք ի սկզբանե գրվել են հայերեն և իրենց տիպաբանական հատկանիշներով մասն են կազմում հայ միջնադարյան գրականության: Հայոց աշխարհի մասին նրանք գրում են ոչ թե երրորդ դեմքով, այլ որպես իրենց ամբողջական հայրենիքի, որպես կրողները հայ մշակույթի: Այդ հեղինակների ստեղծագործություններից առավել ցայտուն է երևում, որ Աղվանական եկեղեցին նվիրապետական մասն է կազմել Հայոց եկեղեցու»:

Այս բոլոր փաստերը անհրաժեշտ է պատշաճ գիտական մակարդակով  ներկայացնել աշխարհին։ Այդ ուղղությամբ կարևոր դեր կարող են խաղալ միջազգային համագործակցություններն ու միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (Scopus, Web of Science) ընդգրկված ամսագրերում գիտական հոդվածների հրապարակումները։ Առանձնապես արդյունավետ կլինի մեծ լսարան ունեցող միջազգային ամսագրերի հարթակներն օգտագործելը։
Արևելագիտության ինստիտուտն արդեն ունի որոշ միջազգային համագործակցություն։ Քննարկումներ են տարվում մի շարք այլազգի մասնագետների հետ (Իզաբել Օժե, Մարիաննա Շեվալյե, Իգոր Դորֆման-Լազարև, Միխալ Սադլովսկի և այլք): Իրականացվում են գործուղումներ, սերտացվում են կապերը:

Ինչ վերաբերում է միջազգային գրախոսվող ամսագրերում հոդվածներին, ապա, «Հին, միջնադարյան և նոր շրջանի արևելյան աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» ծրագրի մասնակիցներ Արամ Քոսյանը (պ.գ.դ., պրոֆեսոր), Արամ Վարդանյանը (պ.գ.թ.), Երվանդ Գրեկյանը (պ.գ.դ., դոցենտ) և Գոռ Մարգարյանը (պ.գ.թ., դոցենտ) տպագրվում են Scopus գիտատեղեկատվական շտեմարանում հաշվառվող ամսագրերում։

Այս առնչությամբ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն ասում է. «Իհարկե, հնարավորություններ կան տպագրվելու միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հաշվառվող ամսագրերում, սակայն մենք մեր առջև խնդիր ենք դրել մեր ժողովածուն՝ Բանբեր Արևելագիտության ինստիտուտի (մինչև 2021 թ. կոչվում էր Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ), ընդգրկել այդ շտեմարաններում հաշվառվող ամսագրերի ցուցակներում և այդպես ապահովենք մեր աշխատությունների միջազգայնացումը»: 

Նշենք, որ արծարծվող թեմաներով նախկինում ևս, 2017-2020 թթ. ընթացքում, տպագրվել են մի շարք աշխատություններ։ Այս աշխատությունները, ինչպես նաև այս տարի և նախորդ տարիներին ԱԳՆ-ին տրամադրված նյութերը (օրինակ՝ «Աղուաններ, ուդիներ. պատմական համառոտ տեղեկանք», «Պատմական Աղվանքի մասին համառոտ տեղեկանք» և այլն) գիտական հիմք են ստեղծում հիմնավոր ձևով պատասխանելու ադրբեջանական պատմագիտական կեղծարարություններին: Նմանատիպ նյութերը հարկավոր է անգլերեն թարգմանել և լայնորեն տարածել համացանցի միջոցով: Այդ նպատակով կարելի է օգտագործել ՀՀ ԳԱԱ «Հիմնարար հայագիտություն» անգլալեզու էլեկտրոնային հանդեսը ):

Հերմինե Օհանյան

Ռոբերտ Ղազարյան
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ

Ալեքսան Հակոբյան
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գլխավորգիտաշխատող, պ.գ.դ.

Գոռ Մարգարյան
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ., դոցենտ