Այս մրրկահողմը Սյունիքի բոլոր քաղաքապետերի դռնով մտնելու է

Այս մրրկահողմը Սյունիքի բոլոր քաղաքապետերի դռնով մտնելու է

Զանգեզուրի միջանցքի հարցը, ինչպես Ադրբեջանն է հայտարարել, օրակարգից դուրս չի մնում, հետաձգվում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո։ Կարծում եմ լավ հասկանում եք, որ հետաձգվել է՝ որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Նախապատրաստական աշխատանքների մեջ է մտնում Սյունիքի ղեկավար կազմի՝ համայնքապետերի փոփոխությունը։ Ասեմ, որ այդ մրրկահողմը Սյունիքի ոչ մի համայնքապետի բաց չի թողնելու։ Խոսքս չի վերաբերվում կալավանցի մարզպետին։ Քանի որ Գորիսի համայնքապետից են սկսել, ասեմ, որ մյուս համայնքապետերը, եթե հույս ունեն, որ մնալու են, սխալվում են։ Այդ պրոցեսը բավականին հեշտ է ընթանալու, եթե հանրությունը չկարողանա անհրաժեշտ գիտակցություն, դիմադրություն ցուցաբերի։ Հեշտ է ընթանալու նաև այն պատճառով, որովհետև իշխանությունը կարողացել է հանրության գիտակցության մեջ ձևավորել այն համոզմունքը, որ քաղաքապետերը դավաճանել են ժողովրդին և անցել իշխանության կողմը։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի քաղաքապետը, Կապանի քաղաքապետը բավականին ազգային դեմքեր են եղել։ Դուք ականատես եք եղել, թե ինչ պայմաններում Առուշը քաղաքապետ ընտրվեց։

Քաջարանի քաղաքապետի մասին էլ տեղյակ եք։ Իշխանությունը, նրանց կոտրել չկարողանալով, անցավ «փչացման գործընթացին»։ Առանձին դրվագներ չներկայացնեմ, բայց Քաջարանի քաղաքապետի ծաղկեփունջը, Առուշի վերջին հանդիպում - շոուն, որը նախապես կազմվել էր իշխանության կողմից , ի վերջո ժողովրդի մեջ խոր հիասթափություն առաջացրին։ Իշխանությանը պետք էր, որ ժողովուրդը հիասթափվի, ատի նրանց, որպեսզի իր ծրագիրը ավելի հեշտ իրականացնի։ Նա մինչև վերջ էլ իր կոմպրոմատների տակ խեղճացրած քաղաքապետերին չի հավատացել, որովհետև ինքը գիտեր պետական մամլիչի ուժը, խարդավանքների զորությունը, որոնց դիմել էր, և վճռական պահին քաղաքապետերը կարող էին դուրս գալ իր հսկողությունից։ Այսօր իշխանությունը ստանում է իր հաղթանակի առաջին պտուղները։

Առուշ Առուշանյանին համայնքապետի պաշտոնից զրկելով, ստանում է հանրության մեծ մասի աջակցությունը։ Կարդում եմ բոլոր գրառումները, որոնք Առուշին դավաճան են համարում, դրան օգնում են նաև իշխանության մեծաքանակ ֆեյքերը։ Փաշինյանին հետաքրքիր չէ, որ Առուշին դավաճան են համարում, որովհետև քաղաքապետը ողջագուրվել է իր հետ։ Այդ դեպքում ինքը ի՞նչ է։ Փաշինյանը կարևորը համարում է այն , որ ընտրված քաղաքապետին պաշտոնից ազատելով, հանրության դիմադրությանը չի հանդիպի։ Կարճ ժամանակ հետո նույն քայլերը կկիրառի մյուսների հանդեպ։ Բոլորդ միասին կասեք՝ ծաղկեփունջը, Նիկոլի հետ ողջագուրվելը, բայց քչերը կմտածեն, որ դա Սյունիքը հանձնելու ծրագրի սկիզբն է։ Շատ շուտով ականատես կլինեք, մյուս քաղաքապետերի նկատմամբ ալեբախումներին։ Կարծում եմ, Սյունիքն այնքան ողջախոհ կլինի, որ կգիտակցի իրեն սպառնացող ներքին վտանգը։ Ինչու Սյունիքն եմ ասում, որովհետև այս իշխանությունը պառակտման գործողությունը վաղուց է իրականացրել։ Արցախի ցավը արցախցունն է, Կիրանցի ցավի կիրանցունը, Սյունիքի ցավը սյունեցունը, Ջերմուկի ցավը ջերմուկցունը․․․