Մենք «Տիտանիկի» վրա ենք, իսկ ընդդիմությունը «ջութակ է նվագում»

Մենք «Տիտանիկի» վրա ենք, իսկ ընդդիմությունը «ջութակ է նվագում»

Հայաստանը նմանվում է խորտակվող «Տիտանիկին», հասարակության մեծ մասը՝ նավի վրա անտեղյակ քնած տարեց ամուսիններին, մի մասը սպասում է «փրկանավակի»՝ գրին քարտի իր հերթին, որ դուրս թռչի խորտակվող նավից, մի փոքր մասը փորձում է կասեցնել նավի խորտակումը: Իսկ «էլիտար» ընդդիմությունը «ջութակ է նվագում»… 
Փաշինյանն իր անհեթեթ հայտարարություններով արդեն հատել է թույլատրելիության բոլոր սահմանները: Դրանք անգամ Ադրբեջանում ու Թուրքիայում են համարում սկանդալային: Բանը հասել է նրան, որ արդեն Հայաստանի սուվերեն տարածքն է համարում մեր կողմից ապօրինի զավթված՝ առանց «կադաստրի վկայականի»: Օր-օրի անդառնալի են դառնում Փաշինյանի քայլերի ու հայտարարությունների ավերածությունները: 

Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը կամ, ավելի ստույգ՝ «էլիտար» ընդդիմությունը: Երկու տարի առաջ նրանք վրանային ճամբար էին դրել Ֆրանսիայի հրապարակում, որը բաժանվել էր երկու նախկինների՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի «բանակատեղիների», որտեղից պարբերաբար թաքնված «փոխհրաձգություններ» էին արձակում միմյանց ուղղությամբ: Այժմ էլ կա ներքին պայքար՝ իսկական ընդդիմության տիտղոսի համար: Սա նաեւ երկու նախագահների «թայֆաների» պայքարն էր, ինչը նման էր բեմականացված ընդդիմադիր շարժման: Իսկ շարքային քաղաքացին, փաստորեն, այդ ներկայացման մեջ կատարում էր «մասսովկայի» դեր: Դա երեւում էր անգամ քայլերթերի ժամանակ, երբ առաջին գծում էին երկու թայֆաների «դեմքերը». սկզբում՝ ՀՀԿ-ի կարկառունները, նախկին պատգամավոր-պատգամավորուհիներով, որոնց ընդդիմադիր քայլերթը նման էր իսկական հաղթական շքերթի՝ ուրախ, զվարթ, տոնական: Կարծես թե իշխանությունը նորից ետ էին վերցրել, Շուշին ետ էին բերել, Արցախն ազատ էր, պատերազմի զոհերն էլ հարություն էին առել: ՀՀԿ-ի կարկառունների պայքարն ավելի շատ նման էր պայքարի իմիտացիայի եւ բեմականացման: Էլ չենք խոսում այն մասին, երբ առաջին շարք էին դուրս գալիս Սաշիկը, Գոնսալեսն ու Լիսկայի որդին՝ լավ իմանալով, որ իրենց ներկայությունն այդ շարժմանն արդեն իսկ վնասում է: Ոմանց համար սա կարող էր լինել ազդակ, որ Նիկոլը դեռ պետք է մնա, դեռ դուրս մի եկեք, մի շտապեք, դեռ գործեր ունի անելու…

Լաոյին արթնացնելու համար երկու «ճամբարները»՝ «քոչարյանական» ու «սերժական», որոշ ժամանակով միացան իրար, միասին քայլեցին: Այնուհետեւ, ներքին պայմանավորվածությամբ թե ակամայից, շարժման դեմքը դարձան Իշխան Սաղաթելյանն ու «Հայաստան» դաշինքի անդամները, նաեւ՝ Լեւոն Քոչարյանը: Շարժման ակտիվ մասնակիցներն ասում էին, որ քայլերթի ժամանակ երթը որոշ ժամանակ կանգ էր առնում ու նորից շարժվում առաջ: Հետո պարզվում էր, որ սպասում էին, որ Լեւոն Քոչարյանն «ընկերներով» գա հասնի իրենց: Քաղաքացիներից ոմանք դժգոհում էին, որ երթերի ժամանակ «էլիտաները» բաժանվում էին շարքային քաղաքացիներից` իրենց թիկնազոր-ուղեկցողներով: Առջեւից գնում էր էլիտան, հետեից` թիկնազորը, եւ շարքայիններին թույլ չէր տրվում «սահմանն» անցնել: Թիկնեղ տղամարդիկ կասեցնում էին նրանց: «Էլիտաներից» ոմանք էլ գալիս էին ընդամենը նկարահանվելու, սելֆի անելու համար: Կին պատգամավորներից ոմանք այդ երթերից ու հանրահավաքներից առաջ անպայման գեղեցկության սրահ էին այցելում` իրենց արտաքին տեսքը կարգի բերելու, որ սելֆիներում լավ դուրս գան: Այդպես հայրենիքի համար չեն պայքարում: Այդ ամենը շատ նման էր քաղաքական նախընտրական գովազդի, որը, փաստորեն, արդյունք չտվեց: Այդ մարդկանց դեմքերը, ներկայությունը որքանո՞վ էին վստահելի, որ մարդիկ գնան նրանց ետեւից: Մինչդեռ նրանք ինքնավստահ կերպով ընդդիմադիր ասպարեզը «բրոնյա» էին արել եւ այլ անձանց թույլ չէին տալիս, որ ասպարեզ դուրս գան: 

Ինչեւէ, ընդդիմադիր շարժումն ու Իշխան Սաղաթելյանն այդ ժամանակ՝ լավ թե վատ, որոշակի քայլեր արեցին: Չի կարելի ասել, թե այն, ինչ անում էր Իշխան Սաղաթելյանը, հեշտ էր: Հիմա այդ նույն ընդդիմությունը դա էլ չի անում: Նստել են ԱԺ կոչվող «բեսեդկայում» ու չգիտես թե ինչով են զբաղված: Երբեմն-երբեմն Իշխան Սաղաթելյանն է ինչ-որ կենդանության նշույլներ դրսեւորում, թե շուտով կսկսեն հուժկու պայքարը: Սակայն օրերը տաքացան, իսկ դեռ ոչ մի շարժ չկա: Իհարկե, անարդար է, երբ բոլորը նստած սպասում են, թե ընկեր Իշխանն ինչ է անելու կամ ինչ է ասելու:  
Պայքարը պետք է նոր թափ հավաքի՝ առանց քաղաքական «թայֆաների», կուսակցական ու խմբային ամբիցիաների, առանց կուսակցական տոմսերի ու կրծքանշանների, նոր դեմքերով՝ չարատավորված, վստահելի ու ազգային դեմքերով: Եթե ընդդիմությունն իր պայքարի մեջ ազնիվ է, իր կազմակերպչական կարողությունները պետք է օգտագործի նաեւ այս պարագայում, առանց խմբակային շահերի հետապնդման: Քանի որ մեր «Տիտանիկին» կարճ ժամանակ է մնացել…