ԿԳՄՍՆ-ում հոկտեմբերն անցել է առանց պարգեւավճարների

ԿԳՄՍՆ-ում հոկտեմբերն անցել է առանց պարգեւավճարների

«Հրապարակի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից, պատասխանելով հարցերին, թե որքան պարգեւավճար է տրվել կամ նախատեսվում է հոկտեմբեր ամսվա համար, որ աշխատակիցներն են ստացել, ինչ չափով, որքան է ստացել նախարարը, պարզաբանել են, որ հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պարգեւավճարների ֆոնդն ուղղվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բոլոր աշխատակիցների հոկտեմբեր ամսվա պարգեւավճարների ֆոնդը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Մասնավորապես, հոկտեմբերի 8-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2020 թվականի պետական բյուջեի «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ» հոդվածից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվել է 30 մլն դրամ։ Բացի այդ, նախարարության ղեկավար կազմը հոկտեմբերի 12-ին հիմնադրամին փոխանցել է եւս 1 մլն 411,7 հազ. դրամ։ ՀՀ ԿԳՄՍՆ-ն մի շարք խնայողությունների շնորհիվ գումար է ուղղել նաեւ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։ Նախարարության 2020 թվականի պետական բյուջեի «Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարներ» (68 մլն 045,4 հազ. դրամ), «Ներքին գործուղում» (5 մլն 416,3 հազ. դրամ), «Կառավարչական ծառայություններ» (69 մլն դրամ), «Տրանսպորտային նյութեր» (2020 թվականի ողջ տարվա համար նախատեսված բենզին՝ 4 մլն 982,0 հազ. դրամ) հոդվածներից պահուստային ֆոնդ է ուղղվել ընդհանուր 147 մլն 443.6 հազ. դրամ»։