Եթե այդպես, ապա՝ փոխադարձաբար

Եթե այդպես, ապա՝ փոխադարձաբար

Արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին հորդորել է հայտարարել, որ ԱՀ նախագահի ընտրություններում նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին չի աջակցում: Արզումանյանն ասել է, որ մի օր է անցկացրել Հադրութում եւ փոխանցում է մարդկանց տրամադրությունները. Արայիկ Հարությունյանի համակիրներն են Արարատ Միրզոյանի աջակցության մասին լուրեր տարածում: Կարող եմ հակադարձել. Մայիլյանի կողմնակիցներն էլ լուրեր են տարածում, որ նրա թեկնածությունն առաջ է մղում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը:

Այդ դեպքում ինչու՞ չհորդորել, որ նա էլ հերքի այդ լուրերը: Մանավանդ որ, կարծես, գործ ունենք նաեւ փաստերի հետ: Հայաստանի ԱԽ քարտուղարն անցած ՏԻՄ ընտրություններում Մարտունու քաղաքապետի իր թեկնածուն է ունեցել, որ պայքարում էր Արայիկ Հարությունյանի ,,Ազատ հայրենիք,, կուսակցության կողմից առաջադրված թեկնածուի դեմ: Ճիշտ է, նա պարտվեց, բայց փաստը մնում է փաստ՝ Հայաստանի ԱԽ քարտուղարն ի սկզբանե Արայիկ Հարությունյանի դեմ կանխատրամադրված էր: Ստեփանակերտ այցի ընթացքում նա հանդիպել է ԱՀ ԿԸՀ նախագահի հետ:

Հարց է ծագում՝ ո՞րն է Անվտանգության խորհրդի քարտուղարի եւ  ԿԸՀ նախագահի հանդիպման իմաստը, ի՞նչ հարցեր կարող էին նրանք քննարկել: Ավելին ասեմ, օրերս ֆեյսբուքում Մայիլյանի կողմնակիցներից մեկն ինձ հարցրեց՝ եթե Հարությունյանը եւ Մայիլյանը չմասնակցեին ընտրություններին, ու՞մ կուզենայի տեսնել նախագահի պաշտոնում: Կատակեցի. «Անկեղծ ասած՝ ինձ»- եւ հարցրի. «Իսկ դու ու՞մ կուզենայիր»: Նա անվարան պատասխանեց. «Արմեն Գրիգորյանին»: Ճշտեցի՝ ու՞մ,- պարզաբանեց. «Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարին»: Հրաչյա Արզումանյանն այդ խոսակցություններին տեղյակ չէ՞: Թե պետական կառավարման համակարգում ԱԺ նախագահն ավելի ազդեցիկ լծակների է տիրապետում, քան Անվտանգության խորհրդի քարտուղա՞րը: