Մի առավելություն ունեինք, դրանից էլ մեզ զրկեցին

Մի առավելություն ունեինք, դրանից էլ մեզ զրկեցին

90-ականներին մենք գրեթե ամեն ինչով առաջ էինք Վրաստանից ու Ադրբեջանից: Հայաստանն էր դեմոկրատիայի կղզյակը Հարավային Կովկասում եւ բոլոր ինտեգրացիոն պրոցեսներում, բոլոր պարամետրերով մենք գերազանցում էինք մեր հարեւաններին: Նաեւ ավելի կարեւոր եւ ավելի հուսալի պարտնյոր էինք համարվում՝ եւ Արեւմուտքի, եւ Արեւելքի համար։ Ադրբեջանն անգամ Թուրքիայի անվերապահ աջակցությունը չուներ այդ ժամանակ։ Վրաստանը բյուր խնդիրներ ուներ։ Տնտեսապես էլ մեզնից շատ առաջ չէին այս պետությունները՝ չնայած բոլորս ստարտային նույն պայմաններով էինք անջատվել ԽՍՀՄ-ից։

Բայց մենք մի շատ կարեւոր առավելություն ունեինք՝ մեր հարեւանների համեմատ։ Տասնամյակներով ձեւավորված սփյուռք ունեինք՝ կայացած հայ համայնքներ աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որի անդամները մեծ դերակատարում ունեին իրենց երկրների կյանքում՝ հզոր կապեր, հսկայական ազդեցություն իրենց իշխանությունների վրա եւ հայրենիքի հանդեպ մեծ սեր։ Հիմնականում սփյուռքի հայկական համայնքների անդուլ աշխատանքով եւ ազդեցիկությամբ էր բացատրվում 90-ականներին մեր երկրի հանդեպ աշխարհի դրական վերաբերմունքը։ Եւ մեր պետությունը փորձում էր հնարավորինս օգտվել այս եզակի առավելությունից։

Սփյուռքի հետ կապերը ՀՀ իշխանությունները շատ էին կարեւորում, սփյուռքից մեծ թվով գործիչներ էին հրավիրում Հայաստան՝ աշխատելու։ 90-ականներին անգամ սփյուռքահայ նախարարներ, փոխնախարարներ, նախագահի խորհրդականներ կային։ Հայաստան համահայկական հիմնադրամը ստեղծվեց եւ շատ լավ աշխատում էր սփյուռքի հետ, Սփյուռքի նախարարություն ստեղծվեց։ Երիտասարդներին Հայաստան գալու՝ հանգստանալու, տարբեր ծրագրերի մասնակցելու հնարավորություն էին ընձեռում։
Տասնամյակներ շարունակ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ սփյուռքում սեւ-սպիտակ կարելի է անել։ Ասենք՝ կոմունիստների ժամանակ գնացածների եւ անկախության շրջանում արտագաղթածների միջեւ տարբերակում դնել կամ՝ ՀՅԴ-ականներին ՀՀՇ-ականների դեմ հանել։ Անգամ Տեր-Պետրոսյանի ժամանակներում՝ երբ ՀՅԴ-ն արգելված էր, սփյուռքը միշտ հայրենիքի կողքին էր։

Անցան տարիներ՝ Ադրբեջանը արտաքին աշխարհում ամուր կապեր ստեղծեց ու նոր գործընկերներ գտավ, ամենակարեւորը՝ սերտ հարաբերություններ հաստատեց Թուրքիայի հետ։ Իսկ մենք փչացրեցինք մեր հարաբերությունները գրեթե բոլոր գործընկերների, մանավանդ՝ Ռուսաստանի, Վրաստանի հետ։ Բայց ամենացավալին այն էր, որ հայկական սփյուռքը պառակտեցինք ու հիասթափեցրինք Հայաստան պետությունից։ Եւ սա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ամենաողբալի արդյունքն է։

ՔՊ-ն սփյուռքահայերի մեջ անգամ թշնամիներ գտավ եւ պերսոնա նոր գրատա հայտարարեց։ Սկսեց անհասկանալի ծագմամբ ինչ որ նոր շարժումներ ու կազմակերպություններ ստեղծել, որոնք ավանդական կառույցների դեմ են աշխատում։ Եւ սփյուռքը բաժանեց նիկոլականների ու հականիկոլականների՝ մեր երկիրը զրկելով հզոր պաշտպանական պատյանից, որի անունն է հայկական սփյուռք։