Հուսով եմ՝  նոր իշխանությունը կոստյումի խնդիր չի լուծում, դեռ մի քիչ հույս կա 

Հուսով եմ՝  նոր իշխանությունը կոստյումի խնդիր չի լուծում, դեռ մի քիչ հույս կա 

«Հրապարակի» հարցազրույցը  «ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ

-Պարոն Մակեյան, ՀԱԿ-ը տարածած հայտարարությամբ Սահմանադրություն փոխող իշխանություններին առաջարկեց անցնել կիսաախագահական մոդելի։ Կիսու՞ւմ եք այս մոտեցումը, և արդյոք պետք են սահմանադրական փոփոխություններ, որովհետև նաև կարծիք կա, որ 20 տարում 4 անգամ չի կարելի Սահմանադրություն փոխել։ Մանավանդ, որ ամեն անգամ Սահմանադրություն փոխելիս կասկածներ են լինում, թե ինչի համար են արվում և ինչ հերթական նոր կոստյում է կարվում։

-Հուսով եմ, որ նոր իշխանությունը կոստյումի խնդիր չի լուծում, դեռ մի քիչ հույս կա։ Սահմանադրության փոփոխությունը պետք է նախաձեռնվեր ավելի շուտ՝ հեղափոխությունից անմիջապես հետո։ Ուշացել է, այնուամենայնիվ, կասկածում եմ, որ ավարտական տեսքի կբերվի, որովհետև անցումային արդարադատությունը, վեթթինգը, մնացած իրենց հայտարարած փոփոխությունները օդից կախված մնացին։ Հիմա եթե սա կապում են Սահմանադրական դատարանի խնդիրը լուծելու  կամ Հրայր Թովմասյանի հետ, սա խայտառակություն է։ Բայց այնուամենայնիվ, ասեմ, եթե փոխվելու է, գնալ կիսանախագահական համակարգի, որովհետև մեր քաղաքական համակարգը կայացած չէ։ Իսկ խորհրդարանական համակարգը բարձր ժողովրդավարական համակարգ է, դրա համար այս փուլում ճիշտ կլինի գնալ կիսանախագահական մոդելի՝ կուսակցությունները, քաղաքական դաշտը կայանա, որից հետո կյանքը ցույց կտա։  Հետո, պատերազմող երկիր ենք, ճիշտը կիսանախագահականն է։ Կյանքը ցույց կտա, ինչ կլինի։ Մեր մեջ ասած՝ կասկածում եմ, որ այս գործընթացը մինչև վերջ կհասցնեն․ էլի, ինչպես իրենց մոտ ընդունված է, կիսատ-պռատ, մի հանգրվանում կանգ առնեն։ 

-Իսկ, այնուամենայնիվ, կարելի՞ է անընդհատ Սահմանադրություն փոխել, 4 անգամ։

-Շատ-շատ է, դա դուրս է գալիս, որ ամեն մեկը իրեն համար կոստյում է սարքում, բայց էլի եմ ասում՝ 1-2 տարվա մեջ դժվար թե Նիկոլ Փաշինյանը գնա այդ ճանապարհով։ Երևի ինքը սկսել է հեղափոխության էն պահանջը, որ Սահմանադրությունը Սերժ Սարգսյանը սարքել էր իր համար, իշխանությունը բռնազավթելու, այլ իր խոստումներին է տեր կանգնել։ Չեմ կարծում, որ  կոստյումի խնդիր է լուծում։ Դրա համար, մենք ասում ենք՝ այն քաղաքական ուժերը, որոնք հասկանում են իրավիճակը, գեոպոլիտիկ ․․․ մեզ պետք է կիսանախագահական համակարգ։

-Իսկ կառավարման գործող մոդելը այս իշխանափոխության ժամանակ ինչպե՞ս գործեց։ 

-Բացարձակ չի աշխատել։ Ինչ-որ եղել է, եղել է արհեստական հանրության ճնշման տակ, որոհետև եթե ժողովրդի ճնշումը չլիներ, հանրապետականները չէին քվեարկի։ Այսինքն՝ եթե ճնշման տակ պետք է աշխատի, ուրեմն համակարգը չի աշխատում։ 

-Պարոն Մակեյան, ասում եք՝ իր խոստումներին է տեր կանգնել՝ ժողովրդի կամքին իբրև թե ընդառաջ գնալու համար։ Հիմա ժողովուրդը պահանջում է մարզերում չփակել ծննդատները։ Ավելին՝ մարդիկ ասում են՝ ուր մնաց մարզերի համաչափ կառավարումը, ինչու՞ եք ամեն ինչ կենտրոնացնում Երևանում։ Եվ մյուս կողմից՝ մարզերում առանց այն էլ քիչ են երեխա ունենում և արդյոք սրանով մենք ուղղակի չենք խթանում արտագաղթը։

- Դա կոպիտ սխալ է։ Եթե դա անում են ռեֆորմի անվան տակ ու փորձում են ինչ-որ հիմնավորում գտնել, դրան ոչ մի հիմնավորում չի դիմանում։

-Նախարարն ասում է՝ ձեռք չի տալիս։

- Ես լսել եմ նախարարի կարծիքը․․․ Իմ մոտ մեկ-մեկ տպավորություն է, որ էս տղաները Հայաստանից տեղյակ են էնքան, ինչքան քայլել են Նիկոլի հետ։ Մեկ կիլոմետր են քայլել, երկու, էդ չափով են իրենց պատկերացումները, խորքային որևէ բանի չեն տիրապետում։ Կամ էլ՝ կարդացած տղաներ են, գլոբալ ռեֆորմներ են փորձում իրականացնել, բայց Հայաստանից կտրված են։ Մենք պետք է մեր գյուղերի, սահմանային գյուղերի դեմոգրաֆիկ խնդիրը լուծենք։ Իսկ եթե դու փակում ես Մարալիկը, որը Անի շրջկենտրոնից հեռու է 40-50 կիլոմետր, դու քո էդ բացատրություններով ո՞ւմ ես, ինչ ես բան անում․․․Դա, մեղմ ասած կամ չիմացություն է, կամ էլ՝ եթե գիտեն, դավաճանություն է ազգային խնդիրների հարցում։ Նույնն էլ հիմա սկսել են գյուղացիների կաշին քերթել սպանդանոցների հետ կապված․․․Էս գաղափարը նորմալ է, բայց կիսատ-պռատ։ Շիրակի մարզում չկա մի նորմալ աշխատող սպանդանոց։ Էդ ժողովուրդն ինչ պետք է անի։ Համակարգ կառուցեք, հետո գաղափարին ընթացք տվեք։ Հիմա եթե դա նախկին իշխանություններն են սկսել, ասում էին՝ Սաշիկի համար, որ հերթական մոնոպոլիան լինի, հիմա Սաշիկը չկա։ Կամ կա՝ մենք  չգիտենք, ստվերային կա։ Սա է, որ անհասկանալի է և բոլոր լավ գաղափարները փորձում են փչացնել ինչպես նախկինում։ Կարծես դարձել են գաղափարները փչացնելու իրավաժառանգորդներ։ Հույս ունեմ, որ ժողովրդի ձայնը կլսեն։