44-օրյայից առաջ ադրբեջանցի մայրերի նկարն է․․․

44-օրյայից առաջ ադրբեջանցի մայրերի նկարն է․․․

2019 թվականի մարտ ամսվա նկար է։ Ադրբեջանցի որդեկորույս  մայրերն են։ Նկարին նայելով անմիջապես կպատկերացնեք, թե Ադրբեջանը Հայաստանի խաղաղության փետուրներ հագնելու ֆոնին ինչպիսի քաղաքականություն էր որդեգրել։ Կանայք պատրաստ են վրեժ լուծել։ Ադրբեջանը հասկացնում էր, որ ադրբեջանցի կանայք պատրաստ են զենքը ձեռքներին կռիվ տալ։ Նկարից պարզ երևում է, որ այս կանայք կյանքում երևի առաջին անգամ են զենք բռնում, ու նկարը զուտ քաղաքական է։ Նման լուսանկարները իրենց մեջ պարունակում են քաղաքականության թելադրելու ծրագիր։

Այդ նույն ժամանակ Հայաստանի փափկասուն կանայք՝ Աննա Հակոբյանի գլխավորությամբ,  զենքից զարդ էին ձուլում ու խաղաղության թիթեռային ոսկե պատումով մարդկանց արբեցնում։ Խաղաղությունից մնաց զուտ ոսկեփոշին, որն էլ քամին քշեց, տարավ։ Ինչքա՜ն նման էր իշխանության խաղաղությունը Ակսել Բակունցի նկարագրած միրհավին, ում սպանեց Դիլան դային․ 

«Նշան բռնեց։ Երբ քարը կայծ տվավ և կայծից բռնկվեց վառոդը, հրացանի փողից բոց ու մուխ ելավ, ձորերը որոտացին ահավոր արձագանքով, ձորից թռան միրհավները` թևերը լայն, փափուկ բմբուլով, թևերը փռած աշնան արևի ոսկե շողերի տակ։ 
Միայն մեկը թփրտաց, մամռոտ քարից վայր ընկավ թփուտների մեջ։ 

Դիլան դային վազեց և վազելիս նկատեց, որ մի սպիտակ շուն լեզու հանած, ցատկեց թփուտների կողմը։ 

Որսկան շան շունչն ու Դիլան դայու ձեռները միասին ձգվեցին դեպի արնոտ միրհավը»։ 

Մեր խաղաղությունից էլ մնաց  արյունն ու սիրտ քրքրող հիշողությունը։   

«Մամռոտ քարի վրա երկու փետուր էր ընկած, դեղնագույն-սև պուտերով, իսկ թփի չոր ճյուղերին` արյան կաթիլներ»։

Հիմա ումից ի՞նչ ենք ուզում, երբ միրհավը սպանվեց բոլորիս աչքի առաջ։  Մենք մեր ձեռքով սպանեցինք այն, ինչ ունեինք։ Միայն զենքով չեն սպանում, սպանում են նաև ընդարմացնելով, քնեցնելով։ Մինչև հիմա շատերը քնած են ու քնած էլ կմնան արնոտ միրհավի ոսկեփետուրի տակ․․․