Վարչապետը և սուրբգրային մարգարեությունը

Վարչապետը և սուրբգրային մարգարեությունը

Ս․ Ծննդյան տոնին ավետարանական մեջբերումներով շնորհավորական խոսք համեմելը ոչ միայն եկեղեցու սպասավորների մենաշնորհն է, այլ նաև սովորական քրիստոնյաների։ Հետևաբար երբ երկրիդ վարչապետը (որ կորոնավիրուսային համավարակի իրավիճակով պայմանավորված «ինքնամեկուսացել է !!!» և չի մասնակցում Ս․ Ծննդյան պատարագին՝ Ամենայն հայոց կաթողիկոսի մատուցմամբ) տոնական շնորհավորական տեքստը կառուցում է բացառապես սուրբգրային տեքստերի վրա, ակամա մտածում ես շնորհավորողի քրիստոնեական հեզաբարոյության մասին, քանզի նա չի կամեցել շնորհավորանքում եսականության ինչ-ինչ շեշտեր մտցնել՝ աշխարհիկ դատողություններով ու սեփական բանաձևերով։

Այո, հեզաբարո է մեր վարչապետը։

Բայց նրա շնորհավորական տեքստը մեր երկրի հանդեպ իրագործված չարիքի ենթագիտակցական արձանագրում է նաև, ուստի փոքր-ինչ անսպասելի է իր ընտրությամբ․ «6 Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն»:

Հայոց ողբերգական իրականության մեջ այս խոսքերն առավել ողբերգական հնչողություն են ստանում, քանզի կարող են միանշանակորեն «թարգմանվել»՝

«սրբությունը»՝ հայրենիք, երկիր

«շները»՝ թուրք-ազերի

«մարգարիտները»՝ սրբատեղիներ՝ եկեղեցի, վանք

«խոզերը»՝ դարձյալ թուրք-ազերի։

Ավետարանական այս պատառիկում ամենողբերգականը, սակայն, աշխարհում առաջին քիրստոնյա երկրի ժամանակակից թշվառ կացության բանաձևումն է՝ «ոտքի կոխան», ինչպես նաև ոսոխի նկրտումները՝ «մեզ պատառոտել»։ Վերջին արտահայտությունն ուղղակի ցնցող է իր մարգարեական նշանակությամբ՝ «խոզերը», իրավամբ, շարունակում են «մեզ պատառոտել»․․․

Գիտակցե՞լ է վարչապետն իր շնորհավորանքի այսպիսի մեկնաբանության հնարավորությունը՝ դժվար է ասել, բայց որ նրա ենթագիտակցությունն աշխատել է անվրեպ՝ աներկբա է։