Իսրայելցիներն ու պաղեստինցիները ողջունում են Թրամփի հաղթանակը, ի՞նչ են ակնկալում նրանից

Իսրայելցիներն ու պաղեստինցիները ողջունում են Թրամփի հաղթանակը, ի՞նչ են ակնկալում նրանից

Ե՛վ իսրայելցիները, և՛ պաղեստինցիները ողջունել են Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Իսրայելցիները հույս ունեն, որ կստանան ԱՄՆ նոր ղեկավարի աջակցությունը «Համասի», «Հեզբոլլահի» և Իրանի դեմ պայքարում: Պաղեստինցիները սպասում են, որ Թրամփը նոր գաղափարներ կառաջարկի, գրում է «Ամերիկայի ձայնը»: 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփին շնորհավորած օտարերկրյա առաջին գործիչների թվում էր՝ նշելով ԱՄՆ նորընտիր նախագահի «պատմության ընթացքում ամենամեծ վերադարձը»։ Դիտորդները նկատում են՝ իսրայելցիների մեծ մասը ողջունում է ամերիկյան ընտրությունների արդյունքները:
«Կարծում եմ՝ իսրայելցիների մեծ մասը, հավանաբար, քաջալերված է այն փաստից, որ Դոնալդ Թրամփը հաղթեց այս ընտրություններում: Իսրայելը առանձնանում էր Թրամփի վերընտրման գործում իր հսկայական աջակցությամբ»,- ասում է Haaretz-ի լրագրող Էլիսոն Կապլան Զոմմերը:

Դոնալդ Թրամփի նախագահ եղած չորս տարիներին Իսրայելը գրեթե չի արժանացել Վաշինգտոնի քննադատությանը, և հանրապետական գործչի ընտրողներն ասում են, թե ելնելով նրա նախկին պաշտոնավարումից՝ կասկած չունեն, որ Թրամփը կաջակցի Իսրայելին ամենից լուրջ թշնամու՝ Իրանի դեմ: Սակայն կան որոշ մտավախություններ, որ դեմոկրատների օրոք Իսրայելի ստացած նշանակալի ռազմական օգնությունը կարող է շարունակություն չունենալ:

Որոշ պաղեստինցիներ նույնպես ողջունում են Թրամփի հաղթանակը. Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը վստահ է, որ Թրամփը ջանքեր կգործադրի Գազայում ռազմական գործողությունները դադարեցնելու և պաղեստինյան պետության ստեղծման ուղղությամբ: «Համասի» ներկայացմամբ՝ Իսրայելի հետ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ավելի քան 43 հազար պաղեստինցի է սպանվել: Ամերիկյան ընտրություններից առաջ Գազայում բնակվող պաղեստինցիներն ասում էին, թե նախագահ Ջո Բայդենը հիասթափեցրել է իրենց:
«Բայդենը չորս տարի անցկացրեց և ոչինչ չտրամադրեց Պաղեստինի ժողովրդին։ Նա խոստանում էր «երկու պետությունների» լուծում, բայց, ի վերջո, նման լուծում չկա։ Ամերիկյան ընտրություններից սպասում ենք․․․, եթե Թրամփը հաղթի, թող ողորմա պաղեստինցի ժողովրդին»,- ասում է Գազայի տեղահանված բնակիչ Մուստաֆա Աբու Համադան:

Իր հաղթանակին նվիրված ելույթում ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը խոստացել է վերջ դնել բոլոր պատերազմներին, սակայն պարզ չէ, թե ինչ է նա անելու արդեն պատմական դարձած իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: