«Ողջույններ» Գորիսից ու Մեղրիից. ՔՊ-ն կորցնում է ՏԻ մարմինները

«Ողջույններ» Գորիսից ու Մեղրիից. ՔՊ-ն կորցնում է ՏԻ մարմինները

Հոկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը երկրորդ «սյունյաց ողջույնը» ստացավ: Երկու խոշոր քաղաքներում՝ Գորիսում եւ Մեղրիում, ՔՊ-ն պարտվեց «Առուշ Առուշանյան» դաշինքին եւ «Հանրապետություն» կուսակցությանը: Մյուս ապտակը ՔՊ-ն ստացավ Գյումրիից՝ «Բալասանյան դաշինքի» հաղթանակով: Եթե Գորիսում ընդդիմության հաղթանակը սպասելի էր ու հետեւանք էր Առուշ Առուշանյանի՝ սիրված կերպար լինելու, ինչպես նաեւ հակազդեցություն էր իշխանության կողմից սանձազերծված հետապնդումներին, ապա Մեղրիի արդյունքներն անսպասելի էին: Արամ Սարգսյանի կուսակցությունը, որը 2007-ից հետո, ունակ չլինելով անցողիկ շեմը հաղթահարելու, ինքնուրույն չի մասնակցել ոչ մի ընտրության, հանկարծ ստանում է քվեների 43 տոկոսը, այն դեպքում, երբ Մեղրիում անգամ մի քանի հոգանոց գրասենյակ չունի: Հիշեցնենք․ ՔՊ-ն այստեղ մոտ 33 տոկոս է տարել, Սամվել Բաբայանի Ազատականը՝ 14.4, եւ մոտ 10 տոկոս՝ Մանե Թանդիլյանի «Ապրելու երկիրը»:

Մեղրեցիներից մեկն այս ֆենոմենը բացատրեց Արամ Սարգսյանի՝ Մեղրի նախընտրական այցով. «Արամ Սարգսյանը եկել էր, մի 3 օր մնացել էր այստեղ: Հանդիպումների ժամանակ ասում էր՝ Նիկոլ Փաշինյանն իմ ընկերն ա, տարբերություն չկա, թե իրա թեկնածուին քվեարկեք, թե իմ Բագրատ Զաքարյանին: Այ տենց կուտը կերան ու քվեարկեցին»: 

Արամ Սարգսյանի կողմնակիցներն էլ են ասում, որ ոչ մի զարմանալի բան չկա։ «Մեր հաղթանակն ավելի քան սպասելի էր: Մեղրիի համար մենք Վազգեն Սարգսյանի կյանքով ենք վճարել, ու նաեւ Արամ Սարգսյանը 6 ամսվա վարչապետության ժամանակահատվածում Մեղրիի համար արել է ավելին, քան բոլոր մյուս վարչապետները միասին վերցված: Երբ մենք շրջում էինք Մեղրիով նախընտրական քարոզչության ժամանակ, չկար միջին տարիքի մարդ, ով չէր հիշում այդ փաստը»,- ասում է «Հանրապետության» անդամներից Անի Խաչատրյանը:

Նա կարծում է, որ հաղթանակը պայմանավորված է նաեւ իրենց թեկնածուի՝ Բագրատ Զաքարյանի անձով, ով «գործի ու խոսքի մարդ» է, եւ նրա թիմի որակներով: Կարելի է կարծել, թե «Հանրապետութունն» է «ծնել-սերել» Բագրատ Զաքարյան գործչին, որը ոչ միայն այս կուսակցության անդամ, նույնիսկ համակիր էլ չի եղել: Ավելին` Սյունիքում առաջադրված Արամ Սարգսյանն ընդամենը 520 ձայն էր ստացել 2017 թվականին:

Մեղրիում պատմում են, որ Զաքարյանը կռված տղա է, ժամանակին աջակցել է Մեղրիի նախկին քաղաքապետ, ներկայում կալանավորված Մխիթար Զաքարյանին, բայց ինչ-որ լուրջ վեճից հետո խզվել է կապը: Ապա պտտվել է ՔՊ-ական շրջանակներում, որոնք նախկին ազատամարտիկին ուշադրության չեն արժանացրել, եւ մոտ 2 ամիս առաջ Զաքարյանին «որսացել» է Արամ Սարգսյանը: 

Այս խոսակցությունների շուրջ զրուցեցինք Բագրատ Զաքարյանի հետ: Նա ասաց, որ առաջինն ենք, ում հարցազրույց է տալիս՝ որպես հաղթած թեկնածու: 

- Ձեզ համար անսպասելի չէ՞ր այս հաղթանակը: 

- Հաղթանակը սպասելի էր, որովհետեւ մեր ժողովրդի մեջ ի սկզբանե տեսել էի էդ հարգանքը: Չեմ ուզում ծավալվել: 

- «Հանրապետության» անդա՞մ եք: Ի՞նչ կապ ունեք այդ կուսակցության հետ: 

- Ես զինվորական եմ եղել, երբեւիցե քաղաքականությամբ չեմ զբաղվել, առաջին անգամ է, որ մտնում եմ կուսակցության մեջ: Զինվորական եմ եղել, հետո փրկարարական ծառայությունում եմ աշխատել, հետո՝ քաղծառայող, ու բոլոր զբաղեցրած պաշտոններս թույլ չեն տվել, որ ես կուսակցական լինեմ: Բայց ես իմ գաղափարներով միշտ հոգու խորքում սատարել եմ բոլոր ազնիվ կուսակցություններին: 

- Դուք նախկինում Մխիթար Զաքարյանին եք աջակցել, հետո ինչ-որ կոնֆլի՞կտ է եղել ձեր միջեւ: 

- Ո՞վ է ասել: Բերեք չքաղաքականացնենք, անձնական դաշտ չմտնենք: Ես ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել, հիմա էլ չունեմ: Ես պետական ծառայող եմ եղել: 

- Այսինքն՝ Մեղրին Ձե՞զ է ձայն տվել, ոչ թե կուսակցությանը: 

- Չէ, չէ, այդպես չի կարելի ասել: Ամեն ինչ իր նպաստավոր պայմաններն է ունեցել: 

- Դրա համար ուզում եմ պարզել, թե Դուք ինչ առնչություն ունեք «Հանրապետության» կամ ՔՊ-ի հետ: 

- Բերեք չքաղաքականացնենք, մի օր եկեք Մեղրի, երկար զրուցենք: 

- Ինչպե՞ս եք համագործակցելու Ազատականի, «Ապրելու երկիր»-ի, ՔՊ-ի հետ, կարող է միանա՞ք: 

- Ես ոչ մի ուժերի չեմ միանալու, իրենք կմիանան, թող միանան: Մենք պատրաստ ենք, թշնամիներ չունենք: Ինձ համար չկան տենց բաներ: Հիմա վերածենք կուսակցական չգիտեմինչի, նորից թուլացնե՞նք ինքներս մեզ: Չի բացառվում, որ վաղվա մեր թիմի մեջ բոլոր երեք կուսակցություններն էլ ընդգրկված լինեն: Նրանց խելացի, ազնիվ կադրերի հետ, որոնք պատրաստ կլինեն մեզ հետ միասին կառուցողական ճանապարհ անցնել, մենք պատրաստ ենք համագործակցել, նույնիսկ այն կուսակցությունների անդամների հետ, որոնք ընդգրկված չեն եղել էս ընտրություններում: Եթե մարդն իր անցած ճանապարհով լավ մասնագետ ա, մենք էլ կդիմենք իրան: 

- Ձեր մասին ասում են, որ ե՛ւ ՔՊ-ին եք աջակցել, ե՛ւ նախկին քաղաքապետին, որն այսօր ընդդիմություն է: 

- Տեսեք, Դուք զրույցը շատ սահուն տանում եք Ձեր հարցերի կողմը: Ես Ձեր մասնագիտությունը հարգում եմ, բայց ժամանակի խնդիր ունեմ: Հետո զրուցենք: 

- Դուք հիմա եք հետաքրքիր, պահը որսացեք: 

- Դուք արդեն ինձ որսացել եք, բայց բերեք սրանով սահմանափակվենք: Ես դիմադիր-ընդդիմադիր՝ տենց խնդիրներ չունեմ: Ինձ համար կա մի հատ հայրենիք, մի հատ Հայաստան ու մեր ժողովուրդը: 

- Բա ինչո՞ւ են ասում, որ Դուք ռուսների հետ կապ ունեք: 

- Ես կապ ունեմ միայն Հայաստանի Հանրապետության հետ: 

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը հարցին, թե հնարավո՞ր է այս խայտաբղետ կազմի պատճառով ներքին անհամաձայնություններ լինեն, եւ ավագանին լիարժեք չաշխատի, պատասխանում է. «Օրենքով սահմանված լիազորություններ կան, անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժեր են, նրանք պարտավոր են իրականացնել: Այդ հարցում ոչ մի նոր մոտեցում չկա: Նախկինում էլ ավագանու մեջ որոշումներն ընդունվում էին կոմպրոմիսի արդյունքում: Պարզապես նախկինում անհատներ էին, իսկ հիմա կլինեն քաղաքական թիմեր, ու ավելի հեշտ կլինի ընդհանուր համաձայնության գալ: Ինչ մնում է քաղաքականացվելուն՝ ՏԻՄ մարմինները քաղաքական են, եւ դրանք պետք է քաղաքականացված լինեն, դրանում ոչ մի տարօրինակ բան չկա: Համայնքների զարգացումը դրանից չի տուժի»: Ըստ Երիցյանի, գլխավոր փոփոխությունն այն է, որ ՏԻՄ-երը դարձան համամասնական: Իսկ ինչո՞վ է բացատրում, որ դաշինքները, կուսակցությունները, որոնք չնչին տոկոսներ են հավաքել, հաղթում են ՔՊ-ին:

«Դեռ նոր է պրոցեսը: Ընտրության ժամանակ անհատի, տվյալ թեկնածուի, անձի գործոնը նշանակություն ունի: Առաջին անգամ է կուսակցությունների մասնակցությունը, բայց դեռ անհատականացված ընտրություն է լինում: Ավագանիների ամեն ցուցակում էլ կան անհատներ, որոնց շուրջ են մոբիլիզացվում»: 

Մեղրու, Գյումրիի արդյունքները ցույց տվեցին, որ հայկական հայտնի «ինադի» գործոնը սկսել է աշխատել նաեւ ՔՊ-ի դեմ: Քաղաքականապես ակտիվ զանգվածը նիկոլականներին էլ ձայն չի տալիս, բայց նախկինների վերադարձի վախի առկայությամբ նախընտրում է մերձիշխանական, անորոշ ու փոքր վարկանիշ ունեցող ուժերին: Փաստորեն, ՔՊ-ի` ՏԻՄ-երը գրավելու ծրագիրը ձախողվում է: