Չենք ընկճվում, շարունակում ենք մեր գործը, ռեւանշ լինելու է

Չենք ընկճվում, շարունակում ենք մեր գործը, ռեւանշ լինելու է

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում սեպտեմբերի 25-ին ՏԻՄ համամասնական ընտրակարգով կայացած ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, գրանցվել է հետեւյալ պատկերը․ «Քաղպայմանագիր» (ՔՊ)՝ 4 հազար 93, «Աշխատանք եւ արդարություն»՝ 2 հազար 693, «Մեկ Հայաստան»՝ 979, «Ապրելու երկիր»՝ 2 հազար 307, «Զարգացող համայնք»՝ 570, «Հանուն ժողովրդավարության պաշտպանների դաշինք»՝ 794 եւ ՀՅԴ՝ 403։ Ըստ այդմ, ՔՊ-ն թեպետ ամենաշատ ձայներն է հավաքել, սակայն դա բավարար չէ․ անցողիկ շեմը հաղթահարելու համար նրան հարկավոր է կոալիցիա կազմել «Աշխատանք եւ արդարություն» դաշինքի կամ «Ապրելու երկիր» կուսակցության հետ: Կամ էլ հակառակը՝ մյուս ուժերը կմիանան եւ իշխանություն կձեւավորեն, իսկ ՔՊ-ն կդառնա ընդդիմություն։

ՀՅԴ ՏԻՄ ընտրական ցուցակը Սիսիանում գլխավորում էր Սիսական ջոկատի անդամ, ազատամարտիկ, նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Աշոտ Ավագյանը, ում մի քանի հարց ուղղեցինք Սիսիանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ու դրանց արդյունքների վերաբերյալ։ 

- Ինչպե՞ս եք գնահատում ՏԻՄ ընտրությունների արդյունքները Սիսիանում, սպասելի՞ էր այս պատկերը։ Սիսիանցիները, փաստորեն, ընտրեցին ՔՊ-ին եւ ոչ թե անվտանգությունը։

- Այդ միտումն ամբողջ հանրապետությունում է՝ հատկապես 2021-ի խորհրդարանական ընտրություններից հետո, եւ այդ միտումը համարյա փոփոխություն չի կրել այս մի տարվա մեջ՝ չնչին բացառություններով։ Դա հատկապես երեւում է շրջաններում, որտեղ պետական պրոպագանդա է տարվում, իսկ ինչ վերաբերում է սպասելուն կամ չսպասելուն, կարելի է կարծել, որ սպասելի էր, բայց ոչ այսքան տխուր։ Մենք տարիներ շարունակ որոշակի թիվ ենք ունեցել, որը շատ քիչ է տատանվել, այս անգամ չափից շատ էր․․․։

- Եթե ընդհանուր միտումը, նախորդ ընտրությունների դինամիկան մի կողմ դնենք, է՞լ ինչով եք բացատրում սիսիանցիների ընտրությունը, գուցե վարչական լծակներ են գործադրվել, կաշառք է բաժանվել․․․

- Չէ, կաշառք, նման բան չի եղել, բայց ուղղորդումներ եղել են..., հետո՝ քեզ հետ մարդիկ խոսում են, բայց խաբում են քեզ, ասում են՝ դու լավ տղա ես, բայց գնում են՝ ուրիշ «լավ տղու» են ձայն տալիս։ Իմ կարծիքով, մարդիկ պարզապես ընտրեցին կոմֆորտը, բայց աբսուրդն այն է, որ, որպես այդպիսին, կոմֆորտ զոնա էլ չկա, սակայն, այդքանով հանդերձ, փորձեցին դրա մեջ մնալ․․․

- Սիսիանի, Իշխանասարի եւ, ընդհանրապես, Սյունիքի դեպքում առավել զարմանալի է այս պատկերը, որովհետեւ ուղիղ թշնամու թիրախում են՝ վերջին օրերի պատերազմական գործողությունները դրա ապացույցն են։ Ո՞րն է խնդիրը, մարդիկ կորցրե՞լ են իմունիտետը․․․

- Ոչ միայն կորցրել են իրենց իմունիտետը, այլեւ ամբողջ անվտանգային համակարգի զգացողությունն է կորսված։ Էլի եմ ասում՝ այնպես չէր, որ անսպասելի էր այս ամեն ինչը, պատկերացրեք, ընդամենը մի տասն օր առաջ քաղաքի կեսը փախչում է, հետո հետ են վերադառնում ու իրենց փախչելու պատճառի տեղը քվեարկում են…, լիքը բան կա, որ էդ մարդիկ պետք է հասկանային, բայց այդպես էլ չհասկացան...․

- Իսկ գուցե պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ դուք լավ քարոզարշավ չե՞ք տարել։

- Դա էլ կարող է լինել, բայց զգացինք, որ մեզ հետ կապված վախ կա…, ինչպես որ պատերազմի հանդեպ կա, երեւի ամբողջ հանրապետությունում տարվող քարոզչությունը՝ խաղաղություն եւ այլն, իրենց մոտ արմատավորվել է․․․

- Այսինքն՝ հավատը «խաղաղության» հանդեպ ավելի՞ մեծ է, քան կրակոցների ձայնը, որ լսում են սեփական ականջով։

- Փաստորեն՝ հա…, պետական քարոզչամեքենան այստեղ շատ հասու է, ու եթե անընդհատ սա է քարոզվում, բնական է՝ այսպես պետք է լիներ։ Ինչ վերաբերում է ՔՊ-ին, ապա հնարավոր է կոալիցիա կազմվի, ու ՔՊ-ն չանցնի Սիսիանում, որովհետեւ 3-րդ ուժը մեզ անընդհատ հավատացնում էր, որ ինքը չի միանալու ՔՊ-ին, հիմա կապրենք՝ կտեսնենք։
Ամեն դեպքում, պետք չէ ողբերգություն սարքել, պետք է Երեւանում իշխանությունը փոխել, մի ամիս ժամանակ է պետք, որ այս ժողովուրդն ու իր տրամադրությունն էլ փոխվեն դեպի իր ինքնապաշտպանական բնազդը։
Ավելացնելու մի բան ունեմ՝ չենք ընկճվում, շարունակում ենք մեր գործը, ռեւանշ լինելու է, սա պատճառ չէ ընկճվելու համար, որովհետեւ, եթե այս հայրենիքում ուզում ես ապրել, պիտի պայքարես։ Իսկ ռեւանշը մի օրում չի գալիս եւ հեշտ չի գալիս, համենայնդեպս մեզ մոտ՝ Սիսիանում։ Այ, որ Երեւանում փոխվի իշխանությունը, այստեղ կարագանա այդ պրոցեսը, բայց, իհարկե, պարտվողական տրամադրությունները մնալու են որոշակի շերտի մեջ եւ մի 30 տարի հետո նորից գլուխ են բարձրացնելու։ Դրա համար նոր եկող իշխանությունները պետք է խելամիտ լինեն, ուրիշ մակարդակի բարձրացնեն այս ամեն ինչը, չգիտեմ ինչ պիտի անեն, բայց պետք է խելամիտ լինեն։