Ամերիկացի զինվորները զանգվածաբար լքում են Սիրիան

ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքից. այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։
ԱՄՆ-ի զինված ուժերը փակում են երկրի հյուսիս-արևելքում գտնվող իր ութ օպերատիվ բազաներից երեքը՝ նվազեցնելով զորքերի թիվը 2000-ից մինչև 1400-ի:
Ըստ աղբյուրների՝ 60 օրից ամերիկյան հրամանատարությունը կքննարկի ռազմական կոնտինգենտի հետագա կրճատման նպատակահարմարությունը։ Հրամանատարները խորհուրդ են տվել առնվազն 500 ամերիկացի զինծառայող պահել Սիրիայում, ասել է պաշտոնյան։
Նախագահ Դոնալդ Թրամփը թերահավատորեն է վերաբերվում Սիրիայում ամերիկյան զորքերի պահպանմանը, նշում է պարբերականը։
Ավելի վաղ իսրայելական Ynet պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները Իսրայելին տեղեկացրել են Սիրիայից զորքերի մոտալուտ դուրսբերման մասին։ Հաղորդվում է, որ Իսրայելը փորձել է կանխել այս սցենարը, սակայն չի կարողացել համոզել իր ամերիկացի գործընկերներին փոխել իրենց դիրքորոշումը:
NBC News-ը փետրվարին հայտնել էր, որ Պենտագոնը պլաններ է մշակում 30, 60 և 90 օրում ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու համար։ Պենտագոնում պարզաբանել են, որ կանոնավոր կերպով վերատեղակայում է ուժերը՝ ելնելով օպերատիվ կարիքներից և չնախատեսված հանգամանքներից:
Սիրիայում ԱՄՆ-ի տասը ռազմական բազա կա։ Նրանց առաքելությունը, ըստ Պենտագոնի, «Իսլամական պետության» դեմ պայքարելն է։ Վաշինգտոնը աջակցում է նաև այսպես կոչված «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF), որոնք կազմված են սիրիացի քրդերից (Թուրքիայում նրանց անվանում են ահաբեկչական Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական ճյուղ):
Կարծիքներ