Պատվիրան 11

Պատվիրան 11

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության նախկին դատախազ Ավետիս Ափիյանի պատմությունը, որին «Հրապարակ»-ն արդեն երրորդ անգամ է անդրադառնում, հրաշալի դիդակտիկ նյութ է այն մասին, թե ժուլիկացման գործընթացն ինչպես է ծավալվում ՀՀ գլխավոր դատախազությունում: Խնդրին անդրադարձել են նաև այլ լրատվամիջոցներ, հոդվածներ են հրապարակել, հեռուստաեթերներով բարձրացրել հարցը, բայց հեղափոխական աղմուկն ամեն անգամ խանգարել է ՀՀ գլխավոր դատախազին լսելու, տեսնելու և ընկալելու, որ այդ ամենը վերաբերում է իրեն և հեղափոխական արագությամբ նեխող քաղաքական վերադասին:
Եվ ուրեմն՝ կրկին համառոտ ներկայացնենք տեղի ունեցածը, որ համանման այլանդակություններից տարբերվում է նրանով, որ այս դեպքում գործին բոլոր կողմերից խառնված են բացառապես իրավաբաններ, այսինքն՝ չկա որևէ Պողոս, որի գլխին հնարավոր լինի ջարդել կուժնուկուլան: Մեր կարծիքով՝ բանը հասնելու է եվրոպական դիվանբաշուն, իսկ այնտեղ էլ, ինչպես միշտ, որոշվելու է, որ այս գործում միակ Պողոսը Հայաստանի Հանրապետությունն է: 

Եվ այսպես, Ավետիս Ափիյանին պաշտոնից ազատելու եւ նրա փոխարեն ինչ-որ մեկի անփորձ զավակին դատախազ դարձնելու պատմությունն սկսվել է 2018թ․ փետրվարից, երբ Ափիյանի անունը, ՀՀ գլխավոր դատախազի 07.02.2018թ. թիվ 10-Ա հրամանի հավելվածի համաձայն, ներառվել է դատախազների արտահերթ ատեստավորման ցուցակում՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից 2017թ. ապրիլի 12-ին անցկացված ՀՀ դատախազության աշխատակիցների ատեստավորման արդյունքներով որոշվել էր, որ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Ավետիս Ներոնի Ափիյանը համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին: Ափիյանը բարեհաջող անցել էր նաև ատեստավորման արդյունքներով նախատեսված վերապատրաստումը և շարունակել իր գործունեությունը որպես դատախազ: ՀՀ գլխավոր դատախազությունում, սակայն, հեղափոխական որոշում էին կայացրել, որ պետք է ազատվեն անցանկալիներից և վերջ: Իսկ թե ումով էին փոխարինելու փորձառու մարդկանց, պարզ էր արդեն նոր կադրերի գրավոր դիմումներից, որոնք աչքի էին ընկնում խայտառակ տառասխալներով ու անգրագիտությամբ:

Արտահերթ ատեստավորումը, որը նշանակվել է 2018թ. ապրիլի 13-ին, չի կայացել, քանի որ 09.04.2018թ. ուժի մեջ մտած «ՀՀ դատախազության մասին»  նոր օրենքի համաձայն ձևավորվել է գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նոր կազմ, սակայն «մոռացել են» նույն օրենքի համաձայն ուժը կորցրած ճանաչել արտահերթ ատեստավորում անցկացնելու մասին 07.02.2018թ. հրամանը և արտահերթ ատեստավորում անցկացնելու համար կայացնել պատճառաբանված որոշում, որի դեպքում պարտադիր պետք է նշվեր արտահերթ ատեստավորման հիմքերը, իսկ այդպիսի հիմքեր Ա.Ափիյանի պարագայում չեն եղել: Այդ իսկ պատճառով արտահերթ ատեստավորումը, քանի որ այն Ա.Ափիյանի նկատմամբ թիրախավորված բնույթ է կրել, գլխավոր դատախազությունը որոշել է անցկացնել առանց պատճառաբանված որոշում կայացնելու` խախտելով դատախազության մասին գործող օրենքի 50-րդ հոդվածի պահանջները, անտեսելով « ՀՀ նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28 և 37 հոդվածների պահանջները, այն է` պետք է անվավեր ճանաչվեր գլխավոր դատախազի հրամանը: Ինչևէ, վերը նշված խախտումների պայմաններում 06.06.2018թ. գյուղական կարգով որոշվել է, որ արտահերթ ատեստավորման արդյունքներով Ափիյանը չի համապատասխանում պաշտոնին: Ավետիս Ափիյանին աշխատանքից ազատելու պահանջով հանձնաժողովը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որն էլ «համեստորեն» չի մերժել այդ պահանջը:

Ավետիս Ափիյանը, սակայն, չի համակերպվել այդ խաբեության հետ և դիմել է դատարան՝ իր իրավունքները վերականգնելու համար: Դատարան դու դատարան՝ վերցրել ու անվավեր է ճանաչել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի 06.06.2018թ. թիվ 2 որոշումը և ՀՀ գլխավոր դատախազի 22.06.2018թ. թիվ 124-Ա հրամանը՝ դատախազությանը պարտադրելով նախկին աշխատանքում վերականգնել Ափիյանին և վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հաշվարկված միջին աշխատավարձը (Վճիռ՝ ՎԴ/ 8328/05/18/ 13.03.2019թ.): Վարչական դատարանի այդ վճռից հետո դատախազությունում հեղափոխությունը մի պահ կանգ առավ: Ցնցված էին բոլորը: Բայց դա երկար չտևեց և դատախազությունը, այս անգամ արդեն ֆիննախին որպես երրորդ կողմ թևի տակ տված, մտավ վերաքննիչ դատարան՝ վարչական դատարանի վճիռը բեկանելու հայցով: Արդյունքում՝ «ո՞նց թե դու իմ շանը զարկես, դե զարկելը դու հիմի տես» սկզբունքով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.07.2019թ. որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության և երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության բողոքները բավարարվում են ամբողջությամբ, իսկ ՀՀ վարչական դատարանի 13.03.2019թ. օրինական վճիռը՝ բեկանվում, այսինքն՝ Ավետիս Ափիյանը մնում է ձեռնունայն: Հենց այս նոտայի վրա էլ ավարտվել էր մեր նախկին հրապարակումը, որից հետո ՀՀ գլխավոր դատախազը չբարեհաճեց անդրադառնալ մեր անհանգստությանը, փոխարենը անվրդով շարունակեց իր անգրագետ խորհրդականին, որ համատեղության կարգով նաև բարեկամն է, դատախազություն խցկելու գործը: 
Ում ում, բայց դատախազ Ավետիս Ափիյանին, անշուշտ, հայտնի էր, որ աշխարհը վերաքննիչ դատարանով չի ավարտվում, և նա, ինչպես և խոստացել էր, վերաքննիչ վարչական դատարանի որոշումը բողոքարկել է վճռաբեկ դատարան:

-Սպասումներս մեծ էին: Գրեթե համոզված էի, որ վճռաբեկի «անքննելիները» կկարողանան երկու էշի գարի ջոկել իրարից ու խնդրին լուծում տալ օրենքի ուժով: Ցավալի է, որ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր` Կարինե Բաղդասարյանը, մեղմ ասած, իրավական անտեղյակություն կամ չիմացություն է դրսևորել` վարչական դատարանի օրինական վճիռը բեկանելու համար որպես հիմնավորում նշելով թե իբր արտահերթ ատեստավորում անցկացնելու մասին գլխավոր դատախազի (այժմ նոր իշխանությունների սրտի դատախազի) 07.02.2018թ. հրամանը ատեստավորում անցկացնելու օրվա` 06.06.2018թ. դրությամբ, եղել է օրինական և ուժը չկորցրած իրավական ակտ: 

Այսինքն, ըստ Կ. Բաղդասարյանի եզրահանգման նշված հրամանը անորոշ ժամկետով է կայացվել, որ այն անժամկետ է, որ այն կարող է ունենալ առավել բարձր իրավաբանական ուժ, քան 09.04.2018թ. ուժի մեջ մտած «Դատախազության մասին» և «ՀՀ Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքները: Չծանրաբեռնեմ ընթերցողներին, այս և տեղ գտած նյութական և դատավարական նորմերի բազմաթիվ խախտումների մասին ես հանգամանորեն, փաստարկված կերպով նշել եմ վճռաբեկ բողոքում: 
 

Ասեմ ավելին, վերաքննիչ վարչական դատարանը, այսինքն Կ Բաղդասարյանը, գտել է, որ 2017 թ. ապրիլի 12-ին անցկացված իմ հերթական ատեստավորման վերաբերյալ եզրակացությունը (ըստ որի համապատասխանել եմ զբաղեցրած պաշտոնին) և գլխավոր դատախազի տեղակալի 05.02.2018թ. զեկուցագիրը, որը չի ներկայացվել դատարան, չի հետազոտվել, գրավոր կերպով մերժել են այն ինձ տրամադրել պատճառաբանելով` թե իբր այն գաղտնի տվյալներ է պարունակում /կարծես թե դատախազությունը օպերատիվ գործունեությամբ է զբաղվում, իսկ եթե դրանում պարունակվում են հանցագործության կամ կարգապահական խախտումներ, ապա թող քր. գործ հարուցեին կամ ծառայողական քննություն անցկացնեին/ բավարար են գլխավոր դատախազի 07.02.2018թ. հրամանը պատճառաբանված համարելու համար, հետևաբար որոշում պետք չի, եզրակացությունը և զեկուցագիրը արդեն իսկ «որոշում է»: Ահա այսպիսի արդարադատություն իրականացնող է Կ. Բաղդասարյանը, կեցցեք~, դուք ենթակա չեք վեթթինգի:
 

Կարճ անդրադառնամ նաև վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.09.2019թ. որոշմանը: Վճռաբեկ դատարանը գտել է, որ իմ կողմից բերված վճռաբեկ բողոքում չեն նշել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումները, այսինքն չեն նշել մարդու հիմնարար իրավունքի, նյութական և դատավարական նորմերի այն խախտումները, որոնց դեպքում է միայն բողոքը վարույթ ընդունվում: Սուտ.... բացարձակ սուտ:

Այսպիսի անհիմն, անօրինական և ապօրինի որոշում պատկերացնել իսկ հնարավոր չէ: Բոլոր հիմնավորումները, նյութական և դատավարական իրավունքի խախտումները իմ կողմից հանգամանորեն նշվել են վճռաբեկ բողոքի «հիմնավորումները և պահանջները» բաժնում, 11 թերթի վրա: Համոզված եմ, որ զեկուցողը և պալատի մյուս դատավորները վճռաբեկ բողոքին չեն ծանոթացել, չեն էլ քննարկել, նրանք առանց խղճի խայթի ստորագրել են խայտառակ, անհիմն, չպատճառաբանված ու ապօրինի որոշման տակ, որոշում, որը նույնիսկ «ուչաստկովին» (ականջդ կանչի, Քոչարյան) կարող էր գրել:

Այս պալատի դատավորների կոտրած ձեռքերով են օրինականացվել բազմաթիվ մեծ ու փոքր կալիբրի չինովնիկների կողմից Արամի, Բյուզանդի և մյուս փողոցների բնակիչների վտարումները իրենց բնակարաններից` սուտ «գերակա շահի» պատճառաբանությամբ, նրանց կողմից է օրինականացվել Հյուսիսային պողոտայի տարածքների զավթումը` կառուցապատելու և փողերի լվացման համար, նաև նրանց մեղքին է, որ եվրոդատարաններում բավարարվում են վտարվածների բողոքները, իսկ պետությունը պետք է փոխհատուցի վնասները:

Հազար անգամ իրավացի էր վարչապետը, երբ հայտարարում էր, որ դատավորները վնգստում էին նախկին իշխանությունների դռների տակ: Այո, շուրջ 90 տոկոսը վնգստում էր, բայց ցավն այն է, որ նրանք ջանասիրաբար վնգստում են նաև նոր իշխանությունների դռների տակ և պատահական չէ, որ այսօր արդեն իշխանությունները մոռացել են վեթթինգի մասին: Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կ. Բաղդասարյանը և վճռաբեկ պալատի 6 դատավորները ապագայում պետք է պատասխան տան անհիմն, ապօրինի և իրավական առումով անգրագետ որոշումներ կայացնելու համար` եթե ոչ օրենքի առջև, ապա բարձրյալի պատիժից հաստատ չեն խուսափի:
 Նշված դատավորները ապօրինի որոշումներ կայացրել են կամ չիմացության կամ պատվեր ստանալու կամ ճնշման (իսկ Ճնշվում են ճնշվողները) հետևանքով, ինչը ցանկացած դեպքում, անօրինական է: Բարձրագույն դատական խորհրդի ազնիվ ու սկզբունքային անդամները (եթե դուք այդպիսին եք) թող ի գիտություն ընդունեն իմ հայտարարությունը, այն լավ առիթ է վեթթինգի համար, առկա են բազմաթիվ խախտումներ (անհրաժեշտության դեպքում կներկայացնեմ բոլոր հիմքերը):

Եվ այսպես, Ա. Ափիյանի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել ինչից հետո, կարծում ենք, խնդրին միջամտելու հերթը նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանինն է: Սա հրաշալի առիթ է նրա համար՝ ցույց տալու, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք, Մանվել Գրիգորյանի ասած՝ «ով ուզըմ ըլի, ինչ ուզըմ ըլի», իրավունք չունի ոտնահարելու ՀՀ քաղաքացու իրավունքը և, արհամարհելով նրա անցած ճանապարհն ու մասնագիտական կարողությունները, նրան փոխարինել վնգստացող յուրայիններով: Ուստի՝ ՄԻՊ Ա. Թաթոյանին խնդրում եմ սույն հրապարակումն ընդունել որպես հաղորդում մարդու իրավունքների ոտնահարման մասին և իր իրավասությունների շրջանակում քննություն սկսել վերոնշյալ գործով: