Հարցազրույց

Հայաստանում չի գտնվի որեւէ խումբ, որը կփորձի ձեռքերը լվանալ Արցախի հարցից

Հայաստանում չի գտնվի որեւէ խումբ, որը կփորձի ձեռքերը լվանալ Արցախի հարցից

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը:

- Ազատության հրապարակում օրերս ընդդիմադիրներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում: Հանրահավաքը կայացած համարո՞ւմ եք:

- Հանրահավաքի ընթացքին եւ բովանդակությանը չեմ հետեւել: Այն, ինչ մեր պետությանը վնասել չի կարող, հնարավոր է օգտագործել ի շահ պետության: Միայն սոցցանցերում տեսա երրորդ նախագահի հակիրճ հարցուպատասխանը: Չեմ կարծում, թե նրանից ավելի արժեքավոր բան ասած լինեն հռետորները:

- Չորս կողմից աղաղակում են, թե Հայաստանի գլխին մեծ վտանգ է կախված: Այս պահին ի՞նչ կոնկրետ վտանգ եք տեսնում:

- Այս պահին բացարձակապես որեւէ վտանգ չի սպառնում Հայաստանին: Միակ վտանգը, որ այսօր սպառնում է Հայաստանին, մեր աշխարհընկալումն է, որի առողջացման համար, ցավոք, գրագետ քայլեր դեռ չեն արվում: Որոշ ժամանակ անց, իհարկե, Հայաստանին եւ ամբողջ տարածաշրջանին լրջագույն փորձություններ են սպասվում. դրա՛նց է պետք նախապատրաստվել այսօրվանից: Մենք շատ ժամանակ չունենք դրա համար:

- Շատ է խոսվում հայ-ադրբեջանական խաղաղության նոր պայմանագրի մասին: Սա ի՞նչ է ենթադրում:

- Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր առաջիկայում չի կնքվի, քանի որ դա ոչ միայն մեր եւ Ադրբեջանի կենսական հետաքրքրությունների տիրույթում է, այլեւ դարձել է միջազգային շահերի ու խաղարկումների կիզակետ: Այդ՝ երբեւէ կնքվելիք պայմանագիրը կլինի միայն միջազգային հարաբերությունների փոքր-ինչ զուլալումից հետո, երբ ընդհանուր հայտարար կպարտադրվի երկու կողմին էլ: Սրան եւս շահեկանորեն պատրաստվել է պետք, տքնաջան աշխատել է պետք՝ այսօրվա տնայնագործության փոխարեն: «Հայության հավաքում գաղափարական իմաստով»՝ կասեր Տերյանը:

- Արցախում եւս իրավիճակը լարված է, տպավորություն է, թե իշխանություններն իրենց ձեռքերն Արցախից լվացել են: Խոսակցություններ կան, որ Արցախն այժմ իր հույսերն ամբողջությամբ Ռուսաստանի հետ է կապում:

- Համամիտ չեմ այն դատողությանը, թե Հայաստանում կգտնվի որեւէ խումբ, որ կփորձի ձեռքերը լվանալ Արցախի հարցից: Առաջին հերթին հենց իշխանությունն իրեն չի կարող նման «շռայլություն» թույլ տալ. եկեք բացառենք սուիցիդի կանխավարկածը: Արցախում իրավիճակի ներկա սուր լարվածությունը կապված է նրա հետ, որ, ըստ ամենայնի, ռուս-թուրքական պայմանավորվածություններ կան՝ Լավրովյան պլանի հաջորդ փուլ, որ երբեք չեն հրապարակի ո՛չ ռուսը, ո՛չ թուրքը: Հիմա Ռուսաստանի խայտառակ անճարակությունը տեսնելով՝ թյուրքական կողմը փորձում է ժամանակացույցը տեղաշարժել հօգուտ իրեն, արագացնել այդ պայմանավորվածությունների կատարումը: Փառք Աստծո, նույնիսկ Արցախում դա գիտակցողներ կան: Արցախն ընդհանրապես դեռ 1700-ականներից ունեցել է ռուսական կողմնորոշում, եւ դա պայմանավորված է եղել աշխարհագրական դիրքով, ինքնապահպանման բնազդով: Իսկ հիմա ոմանք արդեն տեսնում են, որ այլեւս հույս կապել ռուսական ողորմածության հետ, կատարյալ ինքնաոչնչացում կլինի: Թեեւ դա պետք է հասկացած լինեին, երբ ռուսները սոսկալի բարբարոսություններով ժամանակին դատարկեցին ԼՂԻՄ-ի երբեմնի մաս կազմած գրեթե միատարր Շահումյանը: Հադրութի կորստից հետո նույնիսկ Արցախում ոչ բոլորի, բայց արդեն ոմանց կողմից աստիճանաբար հասկացվում է, որ ռուսական սայլին լծված մնալը մահ է: Բայց ավանդական կարծրատիպային ընկալումներից ձերբազատված այդ սակավաթիվներն էլ անցել են մեկ այլ՝ ոչ խելամիտ ու ոչ պարկեշտ մեթոդի՝ պնդում են, թե Հայաստանը պետք է պաշտոնապես վերահայտարարի Արցախի անվտանգության երաշխավորի իր կարգավիճակի մասին: Մի՞թե առանց այդ էլ պարզ չէ, որ հենց հայն ու Հայաստանն են մեր վիրավոր այդ հայրենահատվածի գոյության, ապագայի, ընդլայնման երաշխավորը: Աններելի բան է, երբ ազգովի դառնում ենք քաղաքականագետ-դիվանագետ. դրա հետեւանքները պակաս աղետալի չեն, երբ գործից չհասկացող մարդիկ փորձում են բժշկի փոխարեն բուժման մեթոդ առաջարկել ու դեռ մի բան էլ ավելի՝ դեմքի լուրջ արտահայտությամբ ձեռքն առնել վիրահատական լանցետը: Արցախին եւ Հայաստանին անպատկերացնելի լուսավոր ապագա է սպասվում, եթե ամեն մեկս բացառապես մե՛ր տեղում մե՛ր գործով զբաղվենք ու ամրացնենք մեր Հոգու եւ Ոգու սահմանները՝ դիմագրավելու համար սպասվելիք փորձությունները եւ շահեկանորեն դիմավորելու համար դրանց հաջորդելիք լավագույն հնարավորությունները: Այս անգամ պահը բաց թողնելու իրավունք չունենք. պատմությունն այլեւս բարեհաճ չի գտնվի մեր հանդեպ: Այսօրվա ամեն մեկ ժամի կորուստն անգամ մեզ վրա թանկ է նստելու: Եվ հակառակը՝ այսօրվա խելամիտ օգտագործված ամեն ժամը վաղը փոխհատուցվելու է լիուլի:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image