«Հրապարակ». Այդ «խնդրանքը» Սահմանադրության 94-րդ հոդվածի կոպիտ խախտում է

«Հրապարակ». Այդ «խնդրանքը» Սահմանադրության 94-րդ հոդվածի կոպիտ խախտում է

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է:

- Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» խառը իրավիճակ է: Կուսակցությունից երեկ հեռացվեց նաեւ պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որի «մեղքն» այն էր, որ փորձել էր Հովիկ Աղազարյանին պաշտպանել: Ասլանյանը հարցազրույց էր տվել եւ ասել, որ մեկ ամսով կասեցնում է ՔՊ-ի հետ անդամակցությունը, մինչեւ որ կապացուցեն Աղազարյանի մեղքը, ինչից հետո ՔՊ-ն արագությամբ նրան հեռացրեց խմբակցությունից, իսկ ՔՊ-ի ուսապարկերն իրար հերթ չտալով՝ սկսել են հեգնել Ասլանյանին: Ի՞նչ զարգացումներ են սրանք, ըստ Ձեզ՝ կլինե՞ն այլ նման դեպքեր:

- Եթե կառավարող կուսակցությունը մեկ շաբաթում երկու պատգամավորի հեռացնում է իր շարքերից, սա չի կարելի համարել մակերեսային երեւույթ: Իհարկե, այնպես էլ չէ, որ այդ երկու պատգամավորին հեռացնելով իշխանությունը լուրջ ճգնաժամի առաջ է կանգնում: Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել իր իշխանության դեմքը: Դեռ էլի նման «չիստկաներ» կտեսնենք, այս ամենը սկսվեց հայտնի կադրային փոփոխություններից: Այս ամենը պետք է մեկ շղթայի մեջ նայենք: Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ հասարակության շրջանում լուրջ դժգոհություններ կան, եւ փորձում է մեղավորներ գտնել, նոր նշանակումներով այդ դժգոհությունները մեղմել: Աղազարյանի եւ Ասլանյանի դեպքերով իր թիմին փորձում է ցույց տալ, որ լոյալները կգնահատվեն, իսկ անհնազանդները խիստ պատժի կենթարկվեն: Նա փորձում է տարբեր խնդիրներ լուծել, բայց թերեւս վաղաժամ է իշխանության լուրջ ճգնաժամի մասին խոսելը: Իշխանության ներսում կան ցնցումներ: Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, չունի առաջվա հեղինակությունը, վարկանիշը, ՔՊ-ի ներսում կատարվող դեպքերն էլ հենց դրա վառ ապացույցն ու հետեւանքն են, բայց, ամեն դեպքում, սա կարող ենք ավելի շատ 2026-ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում դիտարկել: Երեկ նաեւ Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դրեց, բայց նա այլ նպատակով դրեց մանդատը, գնում է Շիրակի մարզպետ: Ընդհանուր համադասավորումներ են, իսկ Փաշինյանն ունի անհանգստություններ:

- Բայց Ասլանյանի ու Աղազարյանի հեռացման տարբերությունն այն է, որ Փաշինյանը հեռացող նախարարներին գովաբանեց, իսկ, օրինակ, Հովիկ Աղազարյանին մեղադրում է դավաճանության, անբարոյականության, ինֆորմացիայի արտահոսքերի մեջ:

- Եթե այդ նախարարները չբավարարեին նրա խնդրանքը, ինչպես արեց Հովիկ Աղազարյանը, վստահեցնում եմ Ձեզ, որ նրանք էլ նույն ճակատագրին կարժանանային: Նարեկ Զեյնալյանի նման` արդեն մոռացած կլինեինք նրան, եթե կատարեր Փաշինյանի «խնդրանքը», եւ չէինք տեսնի Փաշինյանի ներվային շարժումները: Հովիկ Աղազարյանը որոշեց Նիկոլի «խնդրանքը» չկատարել եւ դարձավ թիրախ: Վարչապետը ոչ մի պատգամավորի նկատմամբ նման «խնդրանքի» իրավունք չունի: Սահմանադրության 94-րդ հոդվածում այդ մասին հստակ գրված է: Իսկ այդ «խնդրանքը» կոպիտ խախտում է: Եթե Աղազարյանը հլու-հնազանդ աներ Նիկոլի ասածը, վստահ եղեք, որ այդ նույն ՔՊ-ական պատգամավորներն Աղազարյանի մասին այնպիսի ակնածանքով կխոսեին, ինչպես անում են Նարեկ Զեյնալյանի դեպքում: Իսկ Փաշինյանն այդ դեպքում ո՛չ Աղազարյանի հեռախոսն էր վերցնելու, ո՛չ էլ նրա սպիտակեղենն անամոթաբար դարձնելու էր քննարկման առարկա:

- Հակոբ Ասլանյանը նախ ցանկանում էր մեկ ամսով սառեցնել հարաբերությունները ՔՊ-ի հետ, հետո միտքը փոխեց: Ըստ Ձեզ` ի՞նչն էր պատճառը:

- Պարզ չէ՞: Նա անկեղծորեն որոշել էր օր ծերության մաքրվել եւ որոշել էր իր ընկերոջը սատարել, գնաց` հարցազրույց տվեց, բայց հետո միանգամից գտան այն մարդուն, որի երաշխավորությամբ նա պատգամավոր է դարձել, եւ մի քանի ժամ շարունակ անասելի ճնշում գործադրեցին այդ մարդու վրա, որպեսզի հետողորմյա անի: Դրանից հետո էլ, որպես պատիժ, հեռացրին ՔՊ-ից: Նիկոլ Փաշինյանը Մխիթար Հայրապետյանին է հանձնարարություն տվել, նա էլ մի երեք ժամ այդ մարդուն սպառնալով, համոզելով` հետողորմյա է պարտադրել: Ամեն ինչ պարզից էլ պարզ է:

- Ընդդիմադիրները հրճվում են այս ամենից, ՔՊ-ականների հետ սինխրոն վիրավորում Աղազարյանին, Ասլանյանին: Չի՞ ստացվում, որ դրանով ՔՊ-ի ջրաղացին ջուր են լցնում, գուցե՝ անկախ իրենց կամքից:

- Հրճվողների մեջ ես չկամ, ինչպես տեսնում եք: Ընդհանրապես, բոլոր նրանք, ովքեր հատկապես պատերազմից հետո որոշել են Նիկոլ Փաշինյանի հետ նույն ճանապարհով գնալ, ինձ համար քաղաքական եւ բարոյական առումով ոչնչացված մարդիկ են` անկախ անձերից: Այնուամենայնիվ, դրանով հանդերձ, առնվազն բարոյական հարթության վրա Հովիկ Աղազարյանի քայլը` մանդատից չհրաժարվելու, խրախուսելի է: Ես Աղազարյանին չեմ պաշտպանում, պաշտպանում եմ Սահմանադրությունը, այն առումով, որ պատգամավորին ոչ ոք չի կարող ստիպել՝ վայր դնել մանդատը, ոչ ոք իրավունք չունի պատգամավորի հեռախոսի մեջ մտնել, անձնական նյութերն ուսումնասիրության առարկա դարձնել: Այս ամենը հիշեցնում է 37 թվականը: Ընդդիմության միակ խնդիրը պետք է լիներ Հայաստանը 37 թվականի բարքերից փրկելը, այլ ոչ թե Աղազարյանին, Ասլանյանին ծաղրելը: Բարոյական առումով էլ ասեմ, որ 60-70 տարեկան մարդկանց ծաղրի ենթարկելը քրիստոնեական քայլ չէ: Մանավանդ, որ այդ մարդիկ հայտնվել են անօգնական վիճակում:

- ՔՊ-ականների վարքուբարքին, գործողություններին հետեւելով, ի՞նչ եք կարծում՝ նրանց շարքերում կա՞ն ըմբոստ մարդիկ, ովքեր կարող են Նիկոլ Փաշինյանին հակադրվել:

- Ես անուններ չեմ ուզում տալ, որովհետեւ եթե ես տամ անուններ, ուղիղ հինգ րոպե հետո այդ մարդկանց կհեռացնեն կուսակցությունից: Կան մի քանիսը, ովքեր ստորաքարշության այս մակարդակին չեն իջնի երբեք: Համենայնդեպս, հույս ունեմ, որ այդպես է: ՔՊ-ն կազատվի նաեւ այդ մի քանի պատգամավորից, եւ կմնան մի քանի ուսապարկերով. թիվ մեկ ուսապարկ, թիվ երկու ուսապարկ, թիվ 20 ուսապարկ.... բայց ես չեմ տա անուններ, ես նախկինում նրանց հետ շփումներ եմ ունեցել, ինձ թվում է, որ գոնե այդ երկու-երեք հոգին կպայքարեն 37 թվականի հոռի բարքերի դեմ: