Գառնիի բնակիչները ստորագրահավաք են անցկացնում․ «Պահանջը չկատարեն, փողոցը փակելու ենք»

Գառնիի բնակիչները ստորագրահավաք են անցկացնում․ «Պահանջը չկատարեն, փողոցը փակելու ենք»

Գառնիի բնակիչներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման, պնդում են՝ այս գներով հնարավոր չէ ամեն օր Երևան հասնել։ Ակցիան տեղի է ունեցել Գառնու առաջին կամրջի մոտ։ Տեղեկացանք, որ ակցիայի մեկնարկից րոպեներ անց բնակիչները ճանապարհը բացել են, քանի որ եկել են ոստիկանությունից, թեպետ ուժ չեն կիրառել։

«Ոստիկանությունը մեզ թույլ չի տվել, որ երկար ժամանակով փողոցը փակենք։ Հենց այս պահին մենք արդեն ստորագրահավաք ենք իրականացնում, 200-ից ավել մարդ էլ արդեն ստորագրել է։ Ստորագրահավաք ենք անցկացնում, որ մենք՝ բնակիչներս, համաձայն չենք գնի փոփոխության հետ։ 200 դրամով թանկացրել են տրանսպորտի գինը։ Նախկինում Երևան գալիս էինք 300 դրամով, հիմա ստիպված ենք 500 դրամ վճարել։ Դե ստիպված այս պահին վճարում ենք այդ 500-ը, հենց հիմա էլ տրանստպորտի մեջ եմ, բայց այսպես երկար շարունակվել իհարկե չի կարող, մենք համաձայն չենք ու մեր ձայնը պիտի լսելի դառնա»,- «Հրապարակի» հետ զրույցում ասացին Գառնիի բնակիչները։

«Ինչու միայն ուսանողներ։ Բոլորս ենք դեմ սրանք, միայն ուսանողները չեն, որ օգտվում են տրանսպորտից։ Մենք գյուղերի բնակիչների անունից ենք խոսում։ Ուզում ենք շեշտել, որ ոստիկանությունը մեր հանդեպ բռնություն չգործադրեց։ Եկավ մեր համայնքապետը ու առաջարկեց, որ մենք ստորագրահավաք անենք ու դիմում գրենք նախարարություն՝ Տրանսպորտի նախարարություն։ Ամբողջ համայնքով՝ Գառնի, Գեղադիր, Գողթ, ստորագրահավաք ենք անում։ Պահանջում ենք, որ նախկին գինը լինի ու վերջ։ Մեզ առհասարակ հետաքրքիր չէ՝ ինչ ավտոբուսներ են բերում։ Որ նոր տրանսպորտ են բերում, դա ամենևին չի նշանակում, որ ճանապարհի ծախսը պիտի փոխվի։ Ասում են՝ ավտոբուսները փոխել ենք, դրանք արդեն շուտ են գալու՝ 15 րոպեն մեկ, բայց մենք պնդում ենք՝ դա պատճառ չի, որ թանկանա։ Մենք իրենց չենք խնդրել, որ այդ պայմաններով տրանսպորտ բերեն, մեզ վրա էլ գնի փոփոխություն զգացվի։ Շատ վայրերում, օրինակ՝ Արտաշատում, տրանպորտները ևս փոխվել են, բայց գինը էլի նախկին գինն է մնացել, էլի հին գինն են վճարում, բա մենք ինչի պիտի վճարենք։ Այսինքն՝ Ծաղկաձորից Երևան հասնելու համար վճարում ես 500 դրամ, հիմա պիտի Գառնիից Երևանի համար էլ 500 վճարե՞ս, որն է տրամաբանությունը, հարց է առաջանում։ Գառնիի բնակիչներիս համար Երևանը շատ մեծ նշանակություն ունի, մեր բնակիչներից շատերը հենց Երևանում են աշխատում։ Մեր ուսանողները Երևանում վարձով բնակարաններ չեն վարձում, որովհետև շատ հարմար է այստեղ գալ ու գնալ։ Իսկ հիմա այսպես ուսանողները գումար չեն ունենալու, որ գնան դասի։ Եթե իրենք մեր պահանջը չկատարեն, մենք փողոցը փակելու ենք։ Մենք ոչ մեկից ոչինչ չենք խնդրում, պահանջում ենք»,- հավելեց նա։