Ալեն Սիմոնյան․ անհույս բախտախնդիրը

Ալեն Սիմոնյան․ անհույս բախտախնդիրը

Երևի թե շատերը կհիշեն 2015 թ․-ի հայտնի միջադեպը, երբ բողոքի ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանը հարվածեց 68-ամյա մի պապիկի։ Հանրությունն իհարկե դատապարտեց բռնության այդ արատավոր միջադեպը՝ անարգանքի սյունին գամելով ոստիկանին։ Նույնիսկ հաշվի չառնվեց այն հանգամանքը, որ ծերունին սեռական բնույթի հայհոյանքներ էր տվել ոստիկանին, ինչի հետևանքով էլ վերջինս կորցրել էր ինքնատիրապետումը։ Քննադատական ալիքի համատեքստում կարմիր գծով անցնում էր այն ճշմարտությունը, որ պետության ներկայացուցիչը պարտավոր է զսպվածություն ցուցաբերել, նույնիսկ այն դեպքում, երբ տրորում են իր արժանապատվությունը։ Միաբերան հնչում էր այն պնդումը, թե պետությանը ներկայացնող անձը ցանկացած իրավիճակում չի կարող դիմել բռնության և այսպես շարունակ։ 

Դեպքից անցել է ընդամենը հինգ տարի, բայց փոխվել են մոտեցումներն ու սկզբունքները, գլխիվայր շուռ են եկել ինչպես մարդիկ, այնպես էլ նրանց տեսակետները։ 

Երեկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարվածել է Արթուր Դանիելյանին՝ կոտրելով նրա քիթը։ Իր այդ արարքի համար Սիմոնյանը բերում է գրեթե նույն պատրվակը, ինչ՝ ծերունուն հարվածող ոստիկանը։ Նա էլ է պնդում, որ Դանիելյանը հայհոյել է, իսկ ինքն էլ ստիպված բռնության է դիմել։ 

Գործ ունենք գրեթե նույն իրավիճակների հետ, միայն արձագանքներն են տարբեր։ 2015 թ․-ին իրավապաշտպանները, քաղ․ ակտիվիստներն ու հանրային գործիչները պարզապես ոչնչացրեցին և հողին հավասարեցրեցին ոստիկանին, իսկ 2020 թ․-ին նրանցից շատերը կամ արդարացնում են փոխխոսնակի իրականացրած բռնությունը կամ էլ երեսպաշտորեն լռում՝ թաքնվելով իրենց իսկ սկզբունքներից և քարոզած արժեքներից։ 

Ի դեպ Ալեն Սիմոնյանի քաղաքական թիմն էլ մշտապես դատապարտել է բռնությունը և իշխանության է եկել հենց բռնության բացառման գաղափարի ակտիվ քարոզչությամբ։ Իսկ հիմա այդ նույն քաղաքական ուժի ներկայացուցիչները երեսպաշտորեն աչք են փակում Սիմոնյանի անթույլատրելի արարքի վրա։ 

Ասվածի համատեքստում տրամաբանական հարցեր են ի հայտ գալիս․ ընկերներ ի՞նչ է փոխվել։ Ինչո՞ւ էր բռնությունն առաջ մերժելի, իսկ հիմա առերեսվում ենք դրա ուղղակի կամ անուղղակի արդարացման փաստի հետ։ Ինչո՞ւ է պապիկին հարվածող ոստիկանը տականք, իսկ քաղաքական քննադատի քիթ կոտրող փոխխոսնակը՝ հերոս։ Ես գուշակում եմ, թե ինչու իրավապաշտպաններն ու առաջադեմ գործիչները չեն համարձակվում դատապարտել բռնությունը, դե բռնության ենթարկվողը ոչ միայն գեյ չէ, այլ նաև համարձակվել է լինել սուրբ իշխանության քննադատը, ինչը նրանց համար սրբապղծություն է։ Չէ՞ որ իրավապաշտպան հորջորջվողները պաշտպանում են միայն սեռական փոքրամասնությունների շահերը և մարդու իրավունքների խախտումներ արձանագրում են միայն գոյություն չունեցող ռոբասերժական իշխանության պարագայում։ 

ԱԺ փոխխոսնակը պետք է պատասխանատվության ենթարկվի Արթուր Դանիելյանին հարվածելու համար։ Այս պարագայում էական չէ, թե ինչ է ասել Դանիելյանը, միևնույն է, բարձրաստիճան պաշտոնյան իրավունք չունի այդպիսի վարքագիծ դրսևորել։ Միակ բանը, որ կարող էր Սիմոնյանը անել, ոստիկանություն դիմելն էր։

Եթե Սիմոնյանը պատասխանատվության չենթարկվի, ապա այդ նույն տրամաբանությամբ պետք է դադարեցվի քրեական հետապնդումը Ռեստարտ կազմակերպության տղաների նկատմամբ, որոնք գրեթե նույն շարժառիթով փորձում էին աղբարկղը նետել Նարեկ Մալյանին։ Ստացվում է այնպես, որ ԱԺ փոխխոսնակին կարելի է հայհոյանքի համար ինքնադատաստան տեսնել, իսկ Հայաստանի մյուս քաղաքացիներին՝ ոչ։ 

Այս ամենի համատեքստում ինքներս մեզ համար պետք է ճշգրտենք հետևյալ երկընտրանքը․ մենք իրավական պետությո՞ւն ենք ուզում ստեղծել, թե՝  նամուսի և թասիբի կլանային հավաքականություն։ Բռնության ցանկացած դրսևորում հակասում է իրավական պետության գաղափարին, իսկ սրանից հետևում է, որ պետության ներկայացուցիչը ցանկացած իրավիճակում պարտավոր է զսպվածություն ցուցաբերել։ Լինել պաշտոնյա արդեն իսկ ենթադրում է ինչ-որ իմաստով մասնակիորեն զիջել սեփական արժանապատվությունը։ Բայց եթե անհատը պատրաստ չէ այդ զիջմանը, ուրեմն նա տեղ չունի պետական համակարգում։ 

Ցավոք սրտի Ալեն Սիմոնյանն ու իր թիմակիցները չեն հասկանում այս պարզ ճշմարտությունները։ Ինչպե՞ս կարող են հասկանալ, երբ նույնիսկ իրենց քաղաքական հայրն է օրվա առաջին կեսին խոսում սիրո և հանդուրժողականության մասին, իսկ երկրորդ կեսին՝ թաթիկներ է կտրում, պատերին է ծեփում, գոռում, սպառնում և այսպես շարունակ։ 

Այսպիսի միջավայրում Ալեն Սիմոնյանը պետք է բնականաբար ինքն իրեն հերոս զգա, առանց հասկանալու, որ երեկվա միջադեպը արժեքային տեսանկյունից կասկածի տակ է դրել ոչ միայն իր, այլ նաև ամբողջ քաղաքական թիմի արժեքային գոյությունը։ 

Ցավոք սրտի Ալեն Սիմոնյանն այդպես էլ վեր չբարձրացավ աղանդավորական խմբակ հիշեցնող իր կուսակցության մակարդակից։ Նա այդպես էլ չկարողացավ պետական գործիչ դառնալ՝ իր արկածախնդրությամբ, տկարությամբ և անլրջությամբ արժեզրկելով բոլոր այն գաղափարները, որոնք ի սկզբանե կարևոր էին թվում այս պետության համար։