Ամենահեշտ բանը վատ ֆիլմի մասին գրելն է

Ամենահեշտ բանը վատ ֆիլմի մասին գրելն է

Բրիտանական ֆիլմերի 16-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը Բրիտանական խորհրդի հետ համատեղ հանդիպում-քննարկում էր կազմակերպել բրիտանացի հայտնի կինոքննադատ, կինոլրագրող, «Curzon» ամսագրի խմբագիր եւ «Quintessence Publications» հրատարակչության թղթակից-խմբագիր Իեն Հեյդն Սմիթի հետ, ով պարբերաբար հանդես է եկել Չեխիայի, Գերմանիայի, Հունաստանի, Պորտուգալիայի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության կինոփառատոների ժյուրիի կազմում՝ որպես «International Film Guide»-ի խմբագիր: Նա տարբեր տարիների ընդգրկվել է նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի կազմում: 

«Աշխարհում ամենահեշտ բանը վատ ֆիլմի մասին գրելն է, դե, որովհետեւ մի քիչ զվարճալի է»,- կատակում է Իենը, ով իր մասին ասում է՝ այնպես չէ, որ ակադեմիական ֆիլմարտադրության կողմնակից է, դիտում է նաեւ սերիալներ, բայց հաճախ է ափսոսում այն ջանքերի համար, որ ուղղվում են ցածրորակ ֆիլմեր նկարելու ուղղությամբ։

Բրիտանիայում կինոքննադատությունը ճգնաժամային փուլեր է ապրում։ Ըստ Իենի՝ դրա պատճառներից մեկն էլ տեխնիկական կողմ ունի, որովհետեւ գրավոր հարթակներում գնալով սահմանափակվում են գրավոր տեքստին հատկացվող տարածքները։ «Գնալով ավելի մեծ տեղ են զբաղեցնում գովազդային եւ պրոմո նյութերը: Դա էլ իր հերթին ստիպում է ֆիլմի մասին գրողներին ավելի սեղմ եւ հատու լեզվով գրել ու կարճ ժամանակում ապահովել ուժեղ ազդեցություն ընթերցողի վրա»,- ասում է Իենը, ով հստակ տարանջատում է դնում կինովերլուծողների եւ կինոքննադատների միջեւ․ տարբերությունը մասնագիտական պատրաստվածությունն է: Նա նկատում է` դրսում եւս կա այն պրակտիկան, երբ շատ կինովերլուծողներ դրամական խրախուսանքներ են ստանում այս կամ այն ֆիլմի մասին դրական արձագանքներ գրելու դիմաց: Հենց այս պատճառով է, որ տարբերություն է դնում կինովերլուծողների եւ կինոքննադատների միջեւ: 

Կինոքննադատն անկեղծանում է` չէր ուզի, որ իր խոսքը հակասական հնչեր, բայց այն տարածված կարծիքը, թե իսկական կինոյի հանդիսատեսը գնալով նվազում է, այնքան էլ իրատեսական չէ, ավելին` որոշ դեպքերում ոչ միայն չի նվազում, այլեւ որոշակի աճ է գրանցում։ Օրինակ՝ վերջերս «Օսկարի» արժանացած՝ ռեժիսոր Չուն-հո Պոնի «Մակաբույծները» ֆիլմը, որն առաջին օրերին բրիտանական 40 կինոթատրոնում էր ցուցադրվում, այժմ ցուցադրվում է արդեն 400-ից ավելի կինոթատրոններում։ «Սա ակնհայտորեն խոսում է այն մասին, որ հանդիսատեսը չի պակասում, եւ կարող ես այդ հետաքրքրությունը պահել սուր, գրավիչ ֆիլմերով: Իսկ կինեմատոգրաֆի հնարքներն ու միջոցները բացառապես պետք է ծառայեն հանդիսատեսի ընկալումներին»,-ասում է բրիտանացի կինոքննադատն ու նկատում, որ ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր ամենատարբեր հարթակներից գուժում են կինեմատոգրաֆի մահը, բայց ինքը լավատես է եւ չի հավատում դրան, քանի որ յուրաքանչյուր նոր սերունդ իր փոփոխությունն է բերում կինոյում։

«Ես գիտեմ շատ ֆիլմարտադրողների` ամերիկացի, ֆրանսիացի, եվրոպացի, ովքեր նեոռեալիզմի հետեւորդներ են եւ այդ ոգուն հավատարիմ՝ խրախուսում են ոչ պրոֆեսիոնալ անձնակազմի ներգրավումը կինոյում, որպեսզի ավելի աուտենտիկ եւ բնական ստացվի արդյունքը: Ամեն ինչ, վերջին հաշվով, գալիս-հանգում է դրամի խնդրին, եւ շատ տխրեցնող է այն հանգամանքը, որ շատ երկրներում ավելի շատ գումար հատկացվում է ֆիլմերի հանրայնացման, շրջանառության, քան հենց բուն ֆիլմի արտադրության համար»: 

Զրույցի ընթացքում Իեն Հեյդն Սմիթը մի բանավեճի մասին է հիշում, որը տեղի է ունեցել 1990-ականների վերջին՝ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի եւ «Լոս Անջելես թայմսի» կինոքննադատներից մեկի միջեւ, ով շատ քննադատաբար է անդրադարձել Քեմերոնի ֆիլմի մասին, ինչին ի պատասխան՝ Քեմերոնը բաց նամակով է հանդես եկել «Լոս Անջելես թայմսում»` ասելով, որ իր ֆիլմը միայն 2 շաբաթում կինոթատրոններում մոտավորապես 600 մլն դոլար է հավաքել: Կինոքննադատը Քեմերոնին հակադարձել է, որ այդ նույն ժամանակահատվածում նույնքան մարդ էլ այցելել է Մաքդոնալդս, բայց դա չի նշանակում, որ կարող ենք Մաքդոնալդսը համարել բարձրաճաշակ խոհանոց: Ըստ նրա, կարեւոր չէ՝ ֆիլմը 20 մա՞րդ կդիտի, թե՞ 20 հազար հոգի, որպեսզի ֆիլմը որակենք լավ կամ վատ, կարեւորը ֆիլմի որակն է, ոչ թե դրան հաճախելիությունը:

Քննադատությունը կարող է կարծիք ձեւավորել եւ փոխել իրողությունները։ «Շատ զգայուն սահման կա այստեղ, որովհետեւ եթե փոքրբյուջե ֆիլմը կարող ես քննադատել, եւ արդյունքում այն կորցնի իր հանդիսատեսը, ապա ընդգծված քննադատությունը միեւնույն ժամանակ կարող է բոլորի ուշադրությունը սեւեռել տվյալ ֆիլմի վրա եւ դրանով ապահովել նրա հաջողությունն ու դիտողականությունը»,- ասում է Իենը, որի հոդվածները տպագրվում են բազմաթիվ հրատարակություններում, այդ թվում՝ «Թայմ աութ», «Վերտիգո», «Մետրո», «Կամերա» եւ «Սկոուփ» ամսագրերում: Նա նաեւ թղթակցում է «50 առանցքային ժամանակակից կինոռեժիսորներ», «Սա կինեմատոգրաֆ է», «Հյուսիսային Ամերիկայի կինոռեժիսորներ» եւ «Բրիտանացի եւ իռլանդացի կինոռեժիսորներ» գրքերի հրատարակություններին:

Երկար տարիներ Իենը վարել է «BAFTA» կինոփառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներ, ինչպես նաեւ նախագահել եւ վարել է Լոնդոնի կինոփառատոնի շրջանակում անցկացվող վերջին չորս տարիների մասնագիտական բաց քննարկումները: