Էդ «Ստամբոլցյան» կոնվենցիան ի՞նչ եղավ...

Էդ «Ստամբոլցյան» կոնվենցիան ի՞նչ եղավ...

Արձակուրդային օրերս Սպիտակում անցկացրի: Հրաշք է, երբ քայլում ես մանկության արահետներով, դպրոցի ճամփով, հանդիպում ազգ ու բարեկամի, հին ու նոր ծանոթների: Դե, քեզ Արանից, այսինքն՝ Երեւանից եկածի տեղ են դնում, տնտղում, հարցուփորձ անում։

Առաջին տպավորությունս այն է, որ հեղափոխական էյֆորիայից, խինդ ու բերկրանքից հետո, որպես կանոն, միշտ էլ այդպես է վերջանում` փշուր-փշուր եղած երազանքներ, սին պատրանքների ու իղձերի հիասթափություն: Այդ խոսակցությունները կարելի է ոտքի վրայի սոցիոլոգիական հարցումներ համարել: Եթե ամփոփեմ ընդամենը մեկ նախադասությամբ, ապա կստացվի հին ասացվածքը. «Շատ մի սիրիր, ատել կա, շատ մի ատիր, սիրել կա»:
Մեկ-մեկ հարցերը հեռվից են սկսում. «Ո՞նց ես, ի՞նչ ես անում», ու միանգամից շուռ են տալիս քաղաքականության: 

Երեւի աշխարhի թիվ մեկ երկիրն ու ժողովուրդն ենք, որտեղ մեծ ու փոքր, ճգնած՝ ամենօրյա քաղաքական խնդիրներ ենք լուծում։ Եթե դրան էլ պայմանական մի սահմանում տանք, ապա կստացվի՝ էս ի՞նչ է կատարվում, գումարած՝ բա ո՞նց կլինի: Ճշմարիտն ասած՝ երբեմն զարմանում ես որոշ մեկնաբանություններից: Էն, որ ասում են՝ ժողովուրդն իմաստուն է, գիտի ամեն ինչ... Հիրավի, թացն ու չորն ավելի լավ է ջոկում, քան մեր հին ու նոր քաղաքական գործիչներից շատերը։ Լրատվության էս ահռելի հորձանուտում բարոմետրի պես կողմնորոշվում են: Չնայած բակունցյան «Նամակ ռուսաց թագավորին»-ի ժամանակները վաղուց են անցել, սակայն Նիկոլին թախտից գցելը բոլոր ժամանակների համար էլ արդիական է եղել։
Այս հարցում Սպիտակում երկու կայուն ձեւավորված շերտ կա․ մեկը շատ  ուշադիր նժարի ծանրութեթեւին նայելով է  աշնանային զարգացումներին սպասում, մյուսը՝ հույսի սպասումներով`  հասարակ, բայց երախտապարտ շերտ է։

Առաջինները խոսում են խոցելի կադրային նշանակումներից, խոստումներից այն կողմ չանցնող քաղաքականությունից՝ չտեսնելով որեւէ լավ բան…
Երկրորդ շերտը բարձր է գնահատում, որ ամենաթողությունից ու ճահճացումից հնարավորինս ազատվեցինք: Նրանք նույնիսկ 1-2 հազար դրամով աշխատավարձերի բարձրացումը, բժշկական որոշ արտոնություններից օգտվելը դրական տենդենցներ են համարում: Եվ կարեւորում են, որ ամեն մանր-մունր հարցերով իշխանություններին դիմելիս էլ ձեռքիդ ու բռիդ ոնց որ թե չեն նայում: Չնայած օդում պտտվող անսահման խոստումներին։

Հումորով մեկն ունենք: Տարավ-բերեց ու կոնկրետ մի հարց տվեց. «Էդ Ստամբոլցյան կոնվենցիան ի՞նչ եղավ»: Երկուստեք քահ-քահ ծիծաղում ենք: Ասում եմ՝ Ստամբոլցյանն այն ժամանակվա ՀՀՇ-ի Խաչիկ Ստամբոլցյանն է, իսկ կոնվենցիայի անունը Ստամբուլյան է: Տեղնուտեղն ինձ հակադարձում է. «Ես շատ լավ էլ գիտեմ, թե ինչ եմ ասում, էդ Ստամբոլցյան Խաչիկը չէ՞ր, որ կաուչուկի գործարանի ռելսերին պառկել ու ասում էր, որ մեր նորածինները քլորոպրենային կաուչուկից թունավորվում ու խեղվում են: Ու հենց այդտեղից էլ սկսվեց Հայաստանի գործարանների, ֆաբրիկաների ու գործատեղերի քայքայումը։ Հիմա ուզում եք ՄԱԿ-ի առաջ ցույց արեք, միեւնույն է՝ էնպես ենք ամեն ինչ հարամել, որ էլ վերականգնել չի լինի»։

Ասում եմ՝ խաղը մեծ էր, միայն մեզանով չէր պայմանավորված։ Ասում է՝ ինձ ի՞նչ, թե խաղը մեծ չէր։ Ամեն ինչում հենց մենք պիտի առաջինը լինենք... Էդ էլ չեղավ 1909 թվականինը, որ հայերս ոգեւորվեցինք ու «Ազատություն, եղբայրություն, հավասարություն» կարգախոսով երիտթուրքերին իշխանության բերեցինք: 1915-ին տեսանք, թե ինչ եղավ։ Այդպես էլ դասեր չենք քաղում պատմության սխալներից:

Ասել կուզեր, որ մի քիչ համբերենք, տեսնենք՝ ինչն ինչոց է, նոր միայն խաղի մեջ մտնենք: Չէ՛, ո՞նց կլինի, ամեն ինչում մենք պիտի առաջինը, անպայման առաջին շարքերում լինենք։

Վերադառնում ենք «Ստամբոլցյան» բառախաղին: Ասում եմ՝ Խաչիկը վաղուց ձեռքերը լվացել է: Մի անգամ Կոմիտասի պողոտայում հանդիպեցի նրան, հին դարդուցավը պատմեց, վիրավոր ոտքը ցույց տվեց, ասաց, որ ինքն այլեւս հեռու է նրանցից։ Չէ, զրուցակիցս չհամոզվեց: Ավելին՝ զրույցը թեժացավ: Ասաց. արդեն երեք տասնամյակ է՝ զբաղված ենք մարդու տեսակը փոխելու մոլուցքով: Հայաստան աշխարհը դարձրել ենք փորձարարական տնկարան: Ի՜նչ վարքագիծ, օյին-զոյին ասես, դրսից չենք բերում։ Փոխանակ դրսի վատը ֆիլտրացնենք, սփյուռքի միջոցով միայն լավը ներս բերենք, ճիշտ հակառակն ենք անում: Ինչքան վատը, մարդկային հոգեկերտվածքը խաթարող երեւույթներ կան, հիմնականում դա ենք Հայաստան ներկրում: Էն կրկեսի վարժեցնողների պես պրյանիկը տալիս են ու ճիպոտահարում։ Ով եկավ, չկարողացավ առաջն առնել կամ չուզեց: Ու այդպես երեսուն տարի շարունակ։ Մեկը չեղավ, որ ասի՝ հերիք ա, բոլ ա, աշխարհի կեղտաջուրը մեզ մոտ մի բերեք… Սրա վերջը պիտի տա՞լ, թե՞ չէ...

Չինացիները ցանկացած դեղ ու դեղորայք, մինչեւ եվրոպացիներն իրենց վրա չփորձեն, իրենց երկիր չեն ներկրում: Սովորեք, էլի… Չէ, վատն ենք վերցնում։ Հանուն փողի էս չքնաղ երկիրը փորձարկումների լաբորատորիա ենք դարձրել։ Հիմա էլ էդ «Ստամբոլցյան» կոնվենցիան…
Լուռ ու գլխիկոր լսում ու մտածում եմ, որ եթե էդ «Ստամբուլյան կոնվենցիա» ասվածը խորհրդարանը վավերացնի, դա այս իշխանությունների վերջի սկիզբը կլինի։ Այսինքն` ժողովրդի էն շերտը, որ նժարի ծանրութեթեւին է նայում, սրտին յուղ կքսի։
Դե, եթե այդքանն էլ գիտակցելու ունակ չեն, Աստված իրենց հետ։

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ