Ում շնորհիվ տապալվեց աղմկահարույց նախագիծը

Ում շնորհիվ տապալվեց աղմկահարույց նախագիծը

Այսօր խորհրդարանում տապալվեց աղմկահարույց նախագծի ընդունումը՝ քվորում չապահովելու պատճառով: Քվեարկությունից առաջ Էդմոն Մարուքյանը ԲՀԿ-ի գործընկերներին հորդորեց չմասնակցել քվեարկությանը՝ ասելով, թե «Իմ Քայլը» քվորման խնդիր ունի, 65 պատգամավոր են:

Քվեարկության արդյունքում պարզ դարձավ, որ հենց 65 պատգամավոր է կողմ քվեարկել, որոնց թվում՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:  Խոսքն այն նախագծի մասին է, որով իշխանությունը մտադիր էր տոտալ վերահսկողություն իրականացնել մարդկանց հաղորդակցության նկատմամբ։ Նախագիծը պարտավորեցնում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորներին կառավարության կողմից նշված պետական մարմիններին և իրավաբանական անձանց հաճախորդի գտնվելու վայրի, տեղաշարժի, հեռախոսահամարի հետ ուղիղ, անուղղակի, միջնորդավորված կապ ունեցող հեռախոսահամարների, հաղորդակիցների շրջանակի հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթվի, սկզբի և ավարտի վերաբերյալ տվյալների տրամադրում:

Պարզ ասած՝ փորձելու են հավաքագրել տվյալներ, թե հաճախորդներն ում հետ են հեռախոսազրույցներ ունենում: Իրականում պարզվում է՝ իշխող ֆրակցիայից ավելի մեծ թվով պատգամավորներ էին դահլիճում ներկա:

Օրինակ՝ Արարատ Միրզոյանի պրոտեժե Աննա Կարապետյանը ներկա էր, սակայն չմասնակցեց քվեարկությանը: Արտահերթ նիստին ներկա են եղել եւս երկու պատգամավոր, որոնք կրկին չեն քվեարկել՝ Արտաշես Պետրոսյան, Վահե Հովհաննիսյան: