Նիկոլը եւ մենք կա՛մ անմեղսունակ ենք, կա՛մ Ադրբեջանի ժողովուրդ

Նիկոլը եւ մենք կա՛մ անմեղսունակ ենք, կա՛մ Ադրբեջանի ժողովուրդ

Պատերազմից հետո էլ Նիկոլը շարունակում է իրացնել արցախյան խնդրի լուծման իր տեսլականը, որը պետք է բավարարի Ադրբեջանի ժողովրդին, Հայաստանի ժողովրդին եւ Արցախի ժողովրդին: Պատերազմից առաջ եթե փորձում էինք հասկանալ եւ դիվանագիտական սողանցքներ փնտրել, ապա նոյեմբերի 9-ից հետո պարզապես անհասկանալի է, տրամաբանությունից, անգամ բանականությունից դուրս: Եթե չհասկանալով է ասում, ինչ-որ տեղ մտածում ես, որ մարդն ադեկվատ չէ, իրականության զգացողությունն անբավարար է: Իսկ եթե մտածված է ասում, ապա ո՞ւր է տանում սլաքը, ո՞րն է վերջնական թիրախը: 

Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը բավարարում էր Ալիեւին, հետեւաբար՝ Ադրբեջանի ժողովրդին, հակառակ դեպքում չէր ստորագրի` լինելով պատերազմում առաջ եկող կողմ: Ալիեւը լավագույն դեպքում ցանկանում էր բուն ԼՂՀ-ին հարող 7 շրջանները, իսկ Շուշին նրա առավելագույն երազանքն էր, որի իրականացմանը չէր էլ հավատում: Չէր հավատում նաեւ նրա ժողովուրդը, այդ իսկ պատճառով նույնիսկ չէր երազում, էլ չեմ ասում Հադրութի մասին: Իսկ Նիկոլը ստորագրեց, որովհետեւ վստահ էր, որ իր ստորագրածը բավարարելու է Հայաստանի եւ Արցախի ժողովրդին: Տրամաբանական է, որ հարցը փակված է հատկապես Ադրբեջանի համար, որն ասում է` չկա Ղարաբաղ, եւ չեն կարող լինել բանակցություններ Ղարաբաղի շուրջը: 

Ուրեմն ի՞նչն է անհասկանալի, որն ունի պարզեցման կարիք: Ադրբեջանը Ղարաբաղի հարցը փակելով՝ անցել է Հայաստանի հարցին: Արդեն չի երազում, ուղղակի քարտեզ է գծել եւ ցուցադրում է որպես Ադրբեջանի տարածք, որի մաս են կազմում Զանգեզուրը, Սեւանը, Երեւանը: Ըստ հարեւան երկրի` դրանք իրենց պատմական տարածքներն են եւ պետք է վերադարձվեն: Մեկը` 50 միլիարդի դիմաց, մյուսը` պատերազմով, երրորդը` Էրդողանի արտասանած բանաստեղծությունով: Կարեւոր չէ, թե ինչպես, կա պատմական քարտեզը, եւ այն պետք է իրական դառնա․ սա է նրանց բավարարում առայժմ: Եվ բնավ էական չէ, թե արդյո՞ք պատմություն ունես դու, Ադրբեջան, եւ ո՞րն է այդ պատմությունը, կարո՞ղ ես մատդ դնել այդ պատմության վրա, արդյո՞ք այնտեղ կա մի մատնաչափ տեղ:   

Իսկ Մեղրիով որ ճանապարհ է անցնելու՝ Նախիջեւանն Ադրբեջանին միացնող, Նախիջեւանի միջոցով էլ` Թուրքիան, անգամ Էրդողանը չէր կարող երազել, քանի որ գիտեր՝ դիմացը Ռուսաստանն է կանգնած: Բայց անգամ դրանց չտեսած երազն իրականություն դարձավ: Եվ Ադրբեջանն այլեւս երազ չի տեսնում Արցախի վրա, այդ մենք ենք հիմա մեր երազներում տեսնում Արցախը: Իսկ Ադրբեջանի բաց աչքերով տեսած երազը Հայաստանն է: Չաուշօղլուն էլ ասում է, որ սիրում են արդար կիսել. Ստեփանակերտը` ձեզ, այսինքն` ռուս խաղաղապահներին, Երեւանն էլ` մեզ: 

Ալիեւին եւ իր ժողովրդին բավարարող տարբերակը սա է` Ադրբեջանի նոր քարտեզը` Զանգեզուրով, Սեւանով եւ Երեւանով: Հիմա ի՞նչ, բավարարե՞նք Ադրբեջանի ժողովրդին, Նիկոլը ստորագրի՞ այդ քարտեզի տակ` վստահ լինելով, որ այդպես բավարարելու է նաեւ Հայաստանի ժողովրդին եւ ռուս խաղաղապահներին: Սովորաբար մարդիկ պատերազմի սինդրոմի մեջ են լինում, իսկ Նիկոլը նախապատերազմական սինդրոմի մեջ է, որ իրականությունից դուրս է: Իսկ եթե ըմբռնում է իրականությունը, մնում է ենթադրել, որ Ադրբեջանի ժողովրդին բավարարելու հտեւողական ծրագիր է իրականացնում: Այդ դեպքում Նիկոլը եւ մենք կա՛մ անմեղսունակ ենք, կա՛մ Ադրբեջանի ժողովուրդ:  

Հուսիկ Արա