Չեմ հասկանում

Չեմ հասկանում

Բաներ կան, որ չեմ հասկանում՝ որքան էլ դա զարմանալի լինի ինձ համար: Զարմանալի, քանի որ երևույթներ հասկանալու առումով երբևէ խնդիր չեմ ունեցել, չունեմ և հույս ունեմ, որ մինչև կյանքիս վերջը չեմ ունենա: Դա առանց կեղծ համեստության եմ ասում. օրինակ, քանի բանասեր կա, որ հասկանում է քվանտային մեխանիկայի հիմնական սկզբունքները (բանաձևերի առումով ես փաս): Էլ չեմ խոսում քաղաքական, մարդկային և միջազգային (Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանի ականջը կանչի) հարաբերությունների և հասարակագիտական այլ երևույթների մասին: Իսկ հիմա ավելի առարկայական. ի՞նչն է, որ զարմացնում է ինձ անհասկանալիության աստիճան: Դա, առաջին հերթին, ոչ բևեռական և, ապա, գրագետ ու խելացի անձանց կողմից անընդհատ ընդդիմությանը սխալ հանելու հանգամանքն է: Այն էլ այնպիսի դաժանությամբ, որ զարմանում ես, թե որն է դրա հաճույքը՝ քլնգել ոչ թե իշխանությանը, այլ ընդդիմությանը: Հենց դա է, որ ես չեմ հասկանում՝ ինչ ուզում եք ասեք: Շատ ավելի զարմանալի է, որ դա արվում է այնպիսի անձանց (անուններ չտամ) կողմից, որոնց ես հարգանքով եմ վերաբերվում: Իսկ նման անձինք, որոնց ես հարգանքով վերաբերվեմ, մեր հասարակությունում բավական քիչ են՝ դժբախտաբար:

Ընդդիմությանն անընդհատ քննադատելու պատճառը, բնականաբար, Փաշինյան Նիկոլին վարչապետի պաշտոնից հեռացնել չկարողանալն է: Այո, ընդդիմությունը չի կարողանում պաշտոնից հեռացնել Նիկոլին: Բայց չի կարողանում, քանի որ Նիկոլը պաշտպանված է իրավապահ ողջ համակարգով՝ դատականն էլ հետը: Միաժամանակ, հասարակության մեջ առկա է մեծ մի զանգված, որը չի հասկանում թե ում է ինքն աջակցում: Եվ որն է իր շահը դրան աջակցելու հարցում: Բայց այդ զանգվածը Նիկոլով չի ծնվել, Նիկոլն ուղղակի բացահայտել ու օգտագործում է դրանց: Դեռևս 100 տարի առաջ են մեր մեծերը (Հ. Թումանյան, Ավ. Իսահակյան, Գ. Նժդեհ, Հ. Ասատրյան և այլն) դժգոհել մեր հասարակությունից: Այդ մարդկանց նույնիսկ թուրքահայ են անվանել: Մեր ժամանակներում էլ գրող և քաղաքական վերլուծաբան (ի դեպ, կրթությամբ ֆիզիկոս) Արծրուն Պեպանյանն է շուրջ քառորդ դար փորձում անկախության ժամանակաշրջանի բոլոր իշխանություններին ահազանգել այդ երևույթի մասին: Նույնիսկ փորձել է Նիկոլին հասցնել այդ ինֆորմացիան՝ չմտածելով, որ Նիկոլը հենվելու է հենց այդ զանգվածի վրա:

Ինչևէ, նման պայմաններում մեղադրել ընդդիմությանը, որ Նիկոլին հաղթել չի կարողանում, խիստ անարդարացի է: Դա մոտավորապես նույնն է, որ մեկ-երկու տասնյակ զինված խուլիգանից բաղկացած խումբը հարձակվի անզեն մի քանի հոգու վրա, իսկ մեղադրվեն այդ մի քանի հոգին, որ չեն կարողացել սանձել հարձակվողներին: Դա՝ մեկ, և երկրորդ. ընդդիմությունը կարող է հաղորդակցվել մայրաքաղաքի բնակիչների հետ երկու-երեք հեռուստաընկերության շնորհիվ, իսկ հանրապետական սփռումն իշխանության ձեռքին է: Թերթերը մի կերպ գոյություն են պահպանում, իսկ համացանցն էլ մեզանում հիմնականում խաղերի համար է օգտագործվում՝ հանած ինձ նմաններին, որոնց տեղեկացվածության աղբյուրը հենց համացանցն է: Իսկ եթե առանձին մասնավոր հեռուստաընկերություններ իշխանության ձեռքին էլ չեն, ապա զբաղված են սերիալներով և ուտելիք պատրաստելով և ոչ թե դաժան ու իշխանության քիմքին ոչ հաճելի և ըստ այդմ՝ իրենց գործի համար վտանգավոր իրականություն ներկայացնելով: Դա նշանակում է, որ Նիկոլին տրված է ողջ երկրով մեկ մարդկանց ուղեղները լվանալու հնարավորություն, իսկ ընդդիմությունը չունի հնարավորություն դրա դեմն առնելու համար:

Իհարկե, հարցեր կան, որ ես էլ համաձայն չեմ ընդդիմության հետ այս կամ այն գործողության առումով, սակայն ես ոչ թե քննադատում եմ, սխալ հանում, այլ փորձում եմ ներկայացնել առաջարկներ: Կընդունի ընդդիմությունն այդ առաջարկները կամ ոչ՝ դա իր իրավունքն է: Ինքն է գործողը, և իրեն ավելի հասանելի է ինչն ինչպես անելու ճշմարտությունը: Ի վերջո, միշտ ավելի հեշտ է խորհուրդ տալը, քան այն իրագործելը: Ու այդ պատճաով չեմ ընդունում նրանց, ովքեր սխալ են հանում ընդդիմությանը, թեև իրենք ընդունակ չեն դուրս գալ փողոց ու գոնե մի քանի տասնյակ մարդ տանել իրենց հետևից: Չնայած հասկանում եմ նաև այդ մարդկանց, քանի որ, ինձ մոտ, օրինակ, ավելի լավ է ստացվում գրավոր, քան թե բանավոր խոսքը: Ու, բնականաբար, ես այն անձը չեմ, որ կարող է զանգվածներ առաջնորդել, թեև շուրջ երկու տասնամյակ ես փողոցում կռիվ տվողների շարքերում եմ եղել՝ մինչև առողջական (ողնաշարի հետ կապված) խնդիրներ ունենալը: