Ես մտավորական չեմ, ես արվեստագետ եմ և անընդհատ գոհացող կամ դժգոհ մարդ չեմ

Ես մտավորական չեմ, ես արվեստագետ եմ և անընդհատ գոհացող կամ դժգոհ մարդ չեմ

Մեր մշակութային գործիչներին, մտավորականներին մեր երկրի վիճակը, կարծես թե, չի հետաքրքրում։ Աշխարհը՝ աշխարհով, նրանք՝ իրենց կյանքով։ Նրանք հիմնականում լուռ են, չեն արտահայտվում։ Իսկ եթե խոսում են, ապա միայն իշխանությանը գովերգելու համար։ Երբ նրանց հարց ես ուղղում, հայտարարում են, որ մտավորականի գործն արվեստ ստեղծելն է, ասենք՝ ներկայացումներ բեմադրելը․ իրենք այդպես են արտահայտում իրենց քաղաքացիական կեցվածքը։ Նման տպավորություն ստացանք, օրինակ, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի հետ զրույցից։ 

Երբ նրան խնդրեցինք իր կարծիքը, վերաբերմունքն արտահայտել երկրում տիրող իրավիճակի, նախընտրական գործընթացների վերաբերյալ, Խանդիկյանն ասաց․ «Իսկ անպայմա՞ն է, որ խոսենք։ Ես իմ գործն անում եմ, եթե գաք, մի քանի ներկայացում կա՝ նայեք, կտեսնեք իմ վերաբերմունքն ընդհանրապես»։ Ասացինք, որ թատրոնն իր տեղն ունի, բայց մենք կցանկանայինք լսել իր կարծիքը։ «Ընտրություններից հետո վերաբերմունքս կարտահայտեմ։ Իմ անձնական միջոցներով ամեն ինչ, ինչ ես գտնում եմ ճիշտ, դա անում եմ։ Լրատվության համար հիմա ես ոչինչ չունեմ առայժմ, ցավոք, ասելու»,- ասաց Արմեն Խանդիկյանը։

- Իսկ որեւէ քաղաքական ուժի սատարելո՞ւ եք։

- Որեւէ մեկս ընտրության գնալով՝ ինչ-որ մեկին սատարելու է, չէ՞։

- Այո, բայց կարող եք նաեւ հրապարակային սատարել, ոչ միայն քվեով։

- Հրապարակայինը հրապարակային խոսողների գործն է, թող խոսեն։

- Լավ, ի՞նչ կարծիքի եք իշխանությունների մասին, Ձեզ գոհացնո՞ւմ է նրանց գործունեությունը։

- Ես անընդհատ գոհացող ու դժգոհ լինող մարդ չեմ, հա՞։ 

- Պատերազմը, զոհերը, տարածքների կորուստը Ձեզ մոտ ի՞նչ էմոցիաներ են առաջացրել։ Ձեր վերաբերմունքը փոխվե՞լ է իշխանությունների նկատմամբ։

- Իմ վերաբերմունքն ընդհանրապես կյանքի նկատմամբ է փոխվել։

- Իսկ անձամբ Նիկոլ Փաշինյանի՞, ում Դուք դիմավորում եք Ձեր թատրոնի մուտքի մոտ, երբ Ձեզ այցելում է։

- Չէ, լավ, արդեն․․․ Դուք հիմա կարծում եք, որ ես առաջին անգա՞մ եմ լրագրողի հետ շփվում։ Ուրեմն եկեք սահմանափակենք, լա՞վ։

- Պարոն Խանդիկյան, մարդիկ դժգոհում են, ասում են՝ ինչո՞ւ չեն խոսում մտավորականները, երբ մեր երկիրը ճգնաժամային վիճակում է, օրհասական վիճակում է, իսկ մտավորականները լռում են։

- Թող դժգոհեն, մենակ դժգոհելով չէ։ Ես գիտեմ իմ գործը, ես իմ գործն անում եմ, կարծում եմ, որակով, եւ դրամատիկ թատրոնը, կարծում եմ՝ Դուք էլ երեւի թե էդ կարծիքին եք, միշտ իր մակարդակի վրա է։ Մեր վերաբերմունքն ընդհանրապես աշխարհին, մեր երկրին, քաղաքականությանը, իշխանությանը, անհատին եւ ժողովրդին… մենք որոշ ներկայացումներ ունենք՝ դեռ վաղուց բեմադրված, թող գան դիտեն՝ «Անվերջ վերադարձ», «Մեծ լռություն», այ, էդ իմ հարթակն է, մնացած դրսի հարթակներն իմը չեն, դա ուրիշներինն է։

- Ես առիթի դեպքում սիրով կայցելեմ եւ կդիտեմ Ձեր ներկայացումները․ իհարկե, առիթ եմ ունեցել դիտելու «Նազա՛ր, Նազա՛ր, մինչեւ վերջ» ներկայացումը Կամերայինում եւ մեսիջները նկատել եմ, գուցե Ձեր ներկայացումներում էլ կան այդպիսի մեսիջներ։

- Հիմա ի՞նչ եք ուզում, ասեք։

- Ես ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ չեն խոսում մտավորականները, ինչո՞ւ են սահմանափակվում միայն թատրոնի պատերից ներս իրենց աշխատանքով, երբ հանրությունը նրանց խոսքի կարիքն ունի։

- Դուք հիմա հանրության կողմից քննադա՞տն եք, թե՞ ով եք, չեմ հասկանում։

- Ես լրագրող եմ, որը Ձեզ է փոխանցում հանրության կարծիքը, ինքս էլ կցանկանայի լսել մտավորականների խոսքը։

- Երբ որ առանձին հանդիպենք, կլսեք։ Ես այս պահի համար, հեռախոսային խոսակցության համար համոզված եմ, որ սպառիչ պատասխանեցի Ձեր հարցերին։

- Իսկ ես կարո՞ղ եմ Ձեզ հրավիրել եթեր՝ հարցազրույցի, որ տպավորություն չստեղծվի, թե մտավորականները միշտ լոյալ են օրվա իշխանության նկատմամբ։

- Ես մտավորական չեմ, ես արվեստագետ եմ։

- Արվեստագետ եք, բայց նաեւ մտավորական եք, չէ՞։

- Էդ Դուք եք էդպես որոշում։ Նախ կարդացեք Նժդեհ, հետո իմացեք՝ մտավորականն ինչ է։

- Ես Նժդեհ կարդացել եմ, տեղյակ եմ՝ ինչպես է նա անառիկ պահել Լեռնահայաստանը, ինչպես է պայքարել Զանգեզուրի համար եւ ոչ միայն։

- Ուրեմն ես էլ Ձեզ մի բառով ասացի։