Իշխանությունն իր փորած փոսում է հայտնվել

Իշխանությունն իր փորած փոսում է հայտնվել

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի իմքայլական անդամների նախաձեռնությամբ երեկ կայացավ արտահերթ նիստ, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման եւ նրանց շուրջ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցն» էր։ Թվում էր, թե նիստ հրավիրողները՝ իշխանության ներկայացուցիչներ Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանն ու Արթուր Հովհաննիսյանը, հասցեական եւ կոնկրետ գնահատականներ կհնչեցնեն, թե մասնավորապես որ դեպքերն են մտահոգության առիթ դարձել, որ դեպքում են իրենք նկատել անհանդուրժողականության մթնոլորտ, ում են հետապնդում կամ հետամտում, եւ, ի վերջո, կոնկրետ փաստարկեին իրենց նախաձեռնությունը, բայց պատգամավորները վերացական դատապարտող կոչեր հնչեցրին եւ ավելի վերացական, ոչ հասցեական հայտարարության տեքստ-նախագիծ հրապարակեցին՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բացի ներառելով լրատվամիջոցի ներկայացուցիչների, իրավապաշտպանների մասին տող։ Ապա կոչ արեցին ԱԺ բոլոր պատգամավորներին՝ միանալ դրան։

Բանն այն է, որ նիստից օրեր առաջ լրատվամիջոցները «գաղտնազերծել» էին իշխանական պատգամավորների նիստ հրավիրելու շարժառիթն ու նպատակը, այն է՝ Սորոսի գրասենյակի դիմաց մի քանի շաբաթ իրականացվող հերթապահությունը ՎԵՏՕ հասարակական նախաձեռնության անդամների կողմից։ Քննադատություններ էին հնչել, թե ինչու այս պատգամավորներին եւ, ընդհանրապես՝ իշխանություններից որեւէ մեկին չի մտահոգում, որ շուրջ մեկուկես տարի ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտը, վիրավորանքը, չարությունը դարձել են մեր առօրյան, եւ իշխանության գովքը չանող լրատվամիջոցները, առանձին անհատներ, ՀԿ ներկայացուցիչներ իշխանական ու իշխանամերձ շրջանակների թիրախում են շուրջօրյա ռեժիմով։

Բանը հասել է նրան, որ լրատվամիջոցի դեմ հարձակում է իրականացվում, լռում են, սակայն երբ Սորոսի գրասենյակի աշխատակիցների անդորրն է խախտվել, իրար են խառնվել։ Սա պատճառներից մեկն էր թերեւս, բայց ոչ միակը։ Բանն այն է, որ եթե պատգամավորները սկսեին կոնկրետ դեպքեր քննարկել, ինչպե՞ս էին բացատրելու՝ ով է անհանդուրժողականության ու թշնամանքի մթնոլորտ ձեւավորել։ Հարցադրումներ կհնչեին, որ վարչապետ Փաշինյանի հայտարարությունները՝ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, դատարաններն արգելափակելու հետ կապված, հենց նման մթնոլորտի գլխավոր պատճառն են։ Ուստի իշխանականները գերադասեցին չմտնել իրենց իսկ փորած փոսը եւ քննարկումը տարան անշառ հունով, բայց չխուսափեցին իրականության հետ առերեսումից։ Հիմնական զեկուցող՝ իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը փորձեց արդարացնել իրենց. «Տարբերություն կա հանրային տարածքում ցույց անելու եւ մարդու մարմնին մոտենալու մեջ»:

Եվ ընդհանրապես՝ որեւէ հիմնարկի դիմաց ցույց անելու եւ կոնկրետ անձի մոտենալու, նրա առողջությանն ու կյանքին սպառնալու միջեւ։ Գայանե Աբրահամյանն ավելի բաց տեքստով դատապարտեց Սորոսի գրասենյակի դեմ ակցիաները։ «Այն, ինչ տեղի էր ունենում քաղհասարակության դեմ եւ տեղի ունեցավ ուսուցիչների դեմ, որոնք ամռան ամիսների ընթացքում իրենց ազատ ժամանակն են տրամադրել, մարզեր գնալով՝ հավելյալ դասընթացներ են իրականացրել այն երեխաների հետ, որոնք հետ են մնացել ծրագրից: Այդ ուսուցիչների այցելությունները «Բաց հասարակության հիմնադրամների» գրասենյակ ուղղակի դարձան թիրախ այն խմբի համար, որոնք այնտեղ ակցիա էին իրականացնում: Սարսափելի թիրախ դարձան»,- ասաց պատգամավորը:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փորձեց առարկել. «Որպես նախկին լրագրող՝ ինձ համար խոսքի ազատությունը բարձրագույն արժեք է, բայց ես ուզում եմ, որ մենք երկակի ստանդարտներ չկիրառենք, որ մի քաղհասարակության դեմ կատարվողը դատապարտենք, մյուսինը՝ ոչ: Մի ԶԼՄ-ի հանդեպ դատապարտենք… Եթե արդարադատությունը լինելու է ընտրովի, եթե ասենք՝ սա մեր ԶԼՄ-ն է, իսկ մյուսին «հասնում է», որովհետեւ այս բառը չակերտների մեջ է գրվել, եթե սա այն ՀԿ-ն է, որը ֆինանսավորվում է x տեղից, որից մենք էլ ենք ֆինանսավորվում, իսկ որ մեկին վերցնում են, գցում են աղբարկղի մեջ… «Ռեսթարթի» անդամներ Գարիկ Միսակյանը, Դավիթ Պետրոսյանը վերցնում եւ գցում են մարդուն աղբարկղը, հիմա սա դատապարտելի՞ է, թե՞ ոչ, «Հայելու» դեմ ոտնձգությունը դատապարտելի՞ է, թե՞ ոչ»:

Թագուհի Ղազարյանը պատասխանեց, որ մարտի 4-ի դեպքի հետ կապված հայտարարությունը տարածել են նույն օրը, ուստի ասել, որ չեն արձագանքել՝ ճիշտ չէ։ «Այն արարքները, որոնց շուրջ կա հարուցված գործ, հնարավորինս պետք է ձեռնպահ մնանք գնահատական տալուց: Մենք խոսում ենք այն արարքների մասին, որոնք քրեականացված չեն, բայց ատելության մթնոլորտ են ստեղծում»,- ասաց նա՝ նկատի ունենալով «Հայելու» դեպքը։ Ի դեպ, իշխանականները չանդրադարձան լրատվամիջոցի դեմ հարձակմանը, չնայած Զոհրաբյանը պարբերաբար հրահրում էր․ «Եթե Հայաստանում ամեն դուր չեկած բանից հետո ձվերով խփեն, ձվի դեֆիցիտ կլինի։ Եթե այս անդունդը խորանա, ատելության խոսքը խորանա, մենք պիտի բաժանվենք ճամբարների եւ բոլոր հնարավոր բանջարաբոստանային կուլտուրաներով սկսենք իրար խփել: Եկեք գտնենք լուծում»:

Իշխանական պատգամավորների հայտարարության նախագծում ասվում է․ «Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հետեւանքով սկսված հանրային վերափոխման գործընթացների եւ բռնությունից զերծ հանրության ձեւավորման համար, հաշվի առնելով, թե թվային տեխնոլոգիաների զարգացումն ինչպիսի ազդեցություն ունի մեդիայի, ինչպես նաեւ խոսքի ազատության իրացման հնարավորությունների վրա, գիտակցելով, որ հարկավոր են ամուր իրավական հիմքեր խոսքի ազատության եւ այլոց իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության միջեւ հավասարակշռություն հաստատելու համար, խստորեն դատապարտում ենք քաղհասարակության եւ նրանց ներկայացուցիչների, լրատվամիջոցների եւ լրագրողների, դատական իշխանության ներկայացուցիչների, իրավապաշտպանների, այլ անհատների եւ խմբերի նկատմամբ հետապնդման, ահաբեկման, սպառնալիքի եւ ոտնձգության դրսեւորումները, ատելության եւ թշնամանքի հրահրումը եւ խրախուսումը։ Այն բոլոր դեպքերում, երբ այդ գործողությունների մեջ կա հանցակազմ, ակնկալում ենք իրավապահների անհապաղ գործողությունները»։