Բախտի քմահաճույքին

 Բախտի քմահաճույքին

Երեկ քարոզարշավը սկսվեց, եւ մեր տանջված ու տուժած, կողմնորոշումն ու ինքնավստահությունը կորցրած ժողովուրդը հայտնվեց մի պտտահողմի մեջ, որից կարող ենք պարզապես դուրս չգալ։ Ի՞նչ զգացումներ ունեն քարոզարշավի առաջին օրն այն մարդիկ, որոնք ընդգրկված չեն նախընտրական ցուցակներում եւ ըստ այդմ՝ շատ ոգեւորված չեն այս ընտրություններով։ Նրանք ընդամենը ընտրողի դիրքերից հետեւում են Հայաստանում ծավալվող իրադարձություններին եւ ցավալի արձանագրումներ անում։ Նրանց առաջին տպավորությունն այն է, որ այս ընտրությունների մեջ ներքաշված մարդիկ մոռացել են ամեն ինչ՝ երկիրն ու սահմանները պաշտպանող, պետության եւ հասարակության մասին մտածող այժմ չկա։ Սակայն եթե իշխանության մաս չկազմող քաղաքական ուժերին չենք կարող առանձնապես մեղադրել, քանի որ նրանց պատասխանատվության տիրույթում չէ սահմանն ու պետությունը պաշտպանելը, ապա իշխանական ուժը, որը քրտնաջան լծվել է քարոզչությանը, ոչ մի արդարացում չունի։

Փաստ է, որ կառավարությունը՝ իր ամբողջ կազմով, վարչապետի գլխավորությամբ, արդեն քանի օր է՝ միտինգների, դրամահավաքների, նախընտրական բուռն քարոզարշավի մեջ է՝ մոռանալով, որ պետությունը պետք է կառավարվի, անգամ եթե երկրում ընտրություններ են ընթանում։ Առավել եւս, որ մեր սահմաններին պայթյունավտանգ վիճակը շարունակվում է, իսկ մեր տարածք ներխուժած թշնամին դեռ ամուր կանգնած է մեր հողում, չնայած օրեր առաջ խոստումներ եւ ուլտիմատումներ էին հնչում, թե ադրբեջանական զինուժը, առանց որեւէ նախապայմանի, պետք է հեռանա Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային հատվածներից։

Տպավորություն է, թե մի ամբողջ երկիր հանձնված է բախտի քմահաճույքին եւ Աստծո ողորմածությանը։ Հայի Աստվածը գուցե ձեռք մեկնի, եւ մենք անփորձանք անցկացնենք այս փուլը։