Սա շատ ցավալի տվյալ է, սա ծանր է նստելու. Գյումրու քաղաքապետը՝  հարկերն ու տուրքերը գանձելու մասին

Սա շատ ցավալի տվյալ է, սա ծանր է նստելու. Գյումրու քաղաքապետը՝  հարկերն ու տուրքերը գանձելու մասին

Մինչ կառավարությունն այսօր կամ վաղը որոշում կկայացնի երկարացնել արտակարգ դրության ժամկետը, թե ոչ, թույլատրել կամ չթույլատրել հասարակական տրանսպորտի գործունեությունը, Գյումրի համայնքի ավագանին ստիպված է  համայնքի բյուջեից կրկին գումար տրամադրել Գյումրի համայնքում բնակվող բուժանձնակազմի տեղաշարժը մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ներառյալ տրանսպորտային միջոցներով ապահովող կազմակերպություններին: Քաղաքապետի խոսքերով՝ ՀՀ պարետի եւ Շիրակի մարզպետի կողմից գրություն են ստացել՝ ապահովել բուժանձնակազմի տեղաշարժը: Ապրիլ ամսից  քաղաքի 24 երթուղի  400 բուժաշխատողի է սպասարկում՝ տնից աշխատատեղ և  աշխատատեղից տներ տեղափոխելով նրանց: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի փոխանցմամբ՝  յուրաքանչյուր մեքենայի համար  համայնքի բյուջեից օրական հատկացվում է 10000-ական դրամ:

Արդեն իսկ 5 միլիոն 280 հազար դրամ փոխանցվել է ավտոտնտեսություններին։ Իսկ ահա մայիսի 2-ից 14-ը  ընկած ժամանակահատվածի համար նախատեսվում է տրամադրել ևս   3 միլիոն 120 հազար դրամ: «Աստված կարոտ պահի, բայց եթե էս վիճակը շարունակվի, անհրաժեշտություն կառաջանա ևս 4 միլիոն 80 հազար դրամ փոխանցելու»,-նշեց քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը: Ընդհանուր հաշվարկով բուժաշխատողների տեղաշարժը ապահովելու նպատակով համայնքի բյուջեից կհատկացվի շուրջ 12մլն դրամ: 

Ավագանու ԳԱԼԱ խմբակցության ներկայացուցիչ Արմենուհի Վարդանյանը կարևոր է համարում բուժաշխատողների անխափան աշխատանքն ապահովելու գործընթացը, բայց միաժամանակ նշում է, որ քաղաքի բյուջեն սուղ է, եւ  արդյոք պարետի ու  կառավարության հետ զրույց, քննարկում եղել է համայնքին աջակցելու համար: 

Ֆինանսական բաժնի պետը արձագանքեց՝ ոչ, քննարկում չի եղել: Ավագանու ԳԱԼԱ խմբակցության ներկայացուցիչ  Լևոն Բարսեղյանն էլ առաջարկում է՝ սուբվենցիայի առաջարկ անել կառավարությանը։ «Առողջապահական ծառայությունը պետական ծառայություն է և ոչ թե համայնքային, հակառակ դեպքում համայնքը իր ծառայությունները մատուցելու մասով կունենա այս գումարի չափով դժվարություն, այսինքն՝ համապատասխան ծառայությունները կտուժեն այս գումարի չափով: Առաջարկում եմ նաև ավագանու անդամների մասնակցությամբ ստեղծել հանձնաժողով, որոնք կհաշվարկեն համայնքային բյուջեի կրած վնասներն արտակարգ դրության պայմաններում։ Այդ գումարի չափը հստակեցնելուց հետո կմտածեն՝ որտեղից կարելի է փոխհատուցել այն, իհարկե, նախ և առաջ դիմելով պետական իշխանությանը, քանի որ արտակարգ դրությունը սահմանել է  պետական իշխանությունը, որն ունի քաղաքական պատասխանատվություն համայնքների կրած վնասը ինչ-որ չափով կամ ամբողջությամբ փոխհատուցելու համար»,-ասաց նա։

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ընդունում է կառավարությանը օգնության նպատակով առաջարկ անելու որոշումը՝ նշելով, որ այս ընթացքում դժվարություններ ունեցել են, հատկապես՝ հարկերը  եւ տուրքերը գանձելու հարցում: «Մենք տարբեր նամակներ ենք ստանում տարբեր կազմակերպություններից, ՍՊԸ-ներից, որ մենք չենք կարող համապատասխան տուրքը, հարկը վճարել, սա նույնպես շատ բարդ իրողություն է։ Ասեմ, որ ապրիլ ամսին 110 միլիոնի  փոխարեն հավաքել ենք ընդամենը 27 միլիոն գումար։ Սա շատ ցավալի տվյալ է, ձեզ ասեմ, որ մոտ  90-100 միլիոն պակաս, սա ծանր է նստելու, որովհետև մենք սուբվենցիոն ծրագրեր ենք անելու, բյուջեն լրիվ պլանավորված էր, իհարկե, այսօր մուտք կար, բայց շատ քիչ»,-նշեց  քաղաքապետը՝ միաժամանակ սփոփելով, որ բյուջեի հաշվին 491մլն դրամ տնտեսած գումար են ունեցել, որով կարողացել են հոգալ կոմունալ ծախսերը, դիմակ և քլոր գնել։

Մանրամասները՝ տեսանյութում