Դու այսօր հացե՞լ ես․․․
Վաղուց արդեն մարդիկ հասկացել են, որ հեծանիվ քշելը, «պիրյաշկի, կուկուռուզ ուտելը» , ընտանիքի անդամներին հասարակության մամլիչի բերան տալը Փաշինյանի համար սովորական կենցաղ է։ Նա զբաղեցնում է հանրությանը։ նա այնքան մեծ ծրագրի վրա է, որ իրեն չի հետաքրքրում, որ իր ընտանիքի անդամները՝ մեծից փոքր, իր գլխավորությամբ, դարձել են հասարակության աչքի գրողը։ Մարդկանց զբաղեցնում է դրսի թելադրանքով՝ մի բան տուր, թող ծամեն, տեսնենք՝ ի՞նչ ենք անում։ Նման այն բանին, երբ բերանը ծամոն են գցում՝ խաբելով ստամոքսին։ Տիեզերքը, ակադեմիական քաղաքը, փղերի համար փողոց կառուցելը, չոր նավահանգիստներ ստեղծելը, կոկորդիլոսաբուծությունը․․․ բոլորը սուտ են, բոլորը հեծանիվ քշելու պես մի բան են։ Վերջում իջնում է՝ իր չեչոտ ու ատամնաթափ ասֆալտի վրա․․․
Այսօր էլ պեղել, փորփրել, հանել է չօգտագործվող հացել բայը ու այդ թեմայով ֆեյսբուքյան գրառում է արել։ Հացել համարյա չօգտագործվող բայը նշանակում է ճաշել։ Բայց կրթություն չունեցող Փաշինյանը մարտահրավեր է նետում լեզվաբաններին ու ասում է, որ այդ բացը պիտի օգտագործել ,, հաց ստեղծելու,, իմաստով։ Հայ ժողովրդի ստեղծածը կործանած, խորտակած մարդը խոսում է ստեղծելուց։ Եվ այդ ամենը նրա համար, որ կարգախոս է ուզում, նրան թվում է, թե ընտրական պայքարի մեջ է և արդեն կարգախոսով է հանդես գալիս․ «Հայաստանի Հանրապետությունում հաց, Հայաստանի Հանրապետությունում կաց» կարգախոսը կարող է լինել այն բանաձեւը, որը կմիաձուլի, մեկը կդարձնի ժողովրդական եւ պետական պատկերացումները»: Երբեմն ինձ թվում է, թե նա ու իր կինը եթե մի օր հանրության նեգատիվը, հայհոյանքը չեն ստանում, հեքիաթի կախարդի նման թուլանում, ընկնում են։ Նրանց պետք է սնվել մարդկանց բացասական էներգիայից։
Հաց ստեղծողին հացից կտրողը խոսում է հաց ստեղծելուց։ Նրա գրածի, ասածների մեջ չպիտի խորանալ, նա խաղում է մեղվի թևերի հետ, պոկում ու նրանց անոտ բաց թողնում։ Նա գիտի, որ սպանում է մեղվին ու ընդունում է նրա խայթը, ընդունում ու մեղվի թույնից իր ցամաքած հոգին բուժում է։ Նա սնվում է աշխատող, տքնող, ստեղծող մեղվի թույնով․․․ Ոչինչ, որ նրա շուրջը խայթած մեղուների անշնչացած մարմիններն են։
․․․Բայց այդչափ մեծ դոզայով թույնի ընդունումը սպանում է նույնիսկ թույնով սնվողին․․․ Այո, մեր մեղվափեթակները դատարկվեցին, բայց առողջ խմբաքանակ կա, որոնց դժվար է դիմանալ հացելով ու հեծանիվ քշելով․․․ Հայ ժողովրդին կործանեց՝ ապագա հորինելով, հիմա էլ կեղտոտ կոշիկներով լեզվի տաճար է մտնում ու արհեստական բառեր հորինում։ Օգտատերերից մեկը շատ դիպուկ հարցնում է Փաշինյանին՝ դու այսօր հացե՞լ ես․․․ Մի օգտատեր էլ զայրանում է՝ «Հայրենիք ենք կորցնում դուք լուցկու չոփով բզեզ եք խաղացնում»։ Քեզ համար առաջնայինը քո հացելն է, ժողովրդի հացելու մասին երբևէ մտքովդ չի անցել։ Դու և ժողովուրդը տարբեր բևեռներում եք։ Ժողովուրդը երկրի ճակատագրի ցավով է տառապում՝ դու՝ սեփական հացի։ Եվ այս դեպքում շատ ճիշտ է օգտագործել հայկական ասացվածքը՝ «Որտեղ հաց, այնտեղ կաց»։ Դա է կարգախոսդ։ Կարևոր չէ, թե ինչ անուն կունենա վաղը Հայաստանը։
Կարծիքներ