Սպասում են բժշկական եզրակացությանը

Սպասում են բժշկական եզրակացությանը

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ոստիկանները բերման էին ենթարկել «Ադեկվադ» միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին և Արթուր Դանիելյանին, ինչպես նաև Նարեկ Մալյանին, իսկ երեկոյան Նարեկ Սամսոնյանին։

Հետագայում Դանիելյանը հայտնեց, որ բերման ենթարկելու ժամանակ ոստիկանները վնասել են իր ձեռքն ու ոտքը՝ այդպես նրա առողջությանը վնաս պատճառելով։ Մենք Տեր-Նակալյանից հետաքրքրվեցինք, թե Նարեկ Սամսոնյանի ազատ արձակումից հետո ոստիկանության կողմից այլ գործողություններ չե՞ն արվել, գիշերը խաղա՞ղ է անցել, պատասխանեց, որ Սամսոնյանից հետո «ասֆալտին փռելու» օպերացիաներ տեղի չեն ունեցել։

Հարցրինք՝ իսկ պատրաստվո՞ւմ են ոստիկանության գործողությունները վիճարկել դատարանում, Տեր- Նակալյանն ասաց, որ սպասում են Արթուր Դանիելյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացությանը, հետո հնարավոր է, որ քննարկեն փոխհատուցում պահանջելու հարցը։ Երեկ բերման ենթարկվածների պաշտպանությունը ստանձնած Ռուբեն Մելիքյանը ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանից հանդիպում էր պահանջել, հարցրին՝ ոստիկանության կողմից որևէ արձագանք եղե՞լ է, Տեր- նակալյանն ասաց, որ որքանով ինքն է տեղյակ, դեռևս արձագանք չկա։