«Հրապարակ». Հայտնի չէ՝ այդ քայլերը մեզ կմոտեցնե՞ն խաղաղությանը, թե՞ պատերազմի մեջ կներքաշեն

Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ «խաղաղության պայմանագրի» շուրջ ընդհանուր հայտարարի են եկել, թեպետ պայմանագրի տեքստը չի հրապարակվել, հույժ գաղտնի է պահվում: Աշխարհաքաղաքական կենտրոնները ողջունում են կողմերի պատրաստակամությունը, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանի պահանջները շատ ավելի մեծ են, քան «խաղաղության պայմանագրում» առկա կետերը: Զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:
- Այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրի» հարցում աշխարհաքաղաքական հիմնական խաղացողները` Ռուսաստան, արեւմտյան երկրներ, ԱՄՆ, ողջունում են: Ինչպե՞ս է ստացվում, որ բոլորի համար այդ պայմանագիրը շահեկան է:
- Նախ ասեմ, որ ես վստահ չեմ, որ բոլոր կողմերն անկեղծ են: Բնական է, հո չէի՞ն ասելու` մենք դեմ ենք խաղաղությանը: Բայց, բնականաբար, կողմերից յուրաքանչյուրն ուզում է այս ամենից իր հնարավոր չափաբաժինը ստանալ: Կա՛մ որպես միջնորդ են ցանկանում իրենց չափաբաժին օգուտը ստանալ, կա՛մ այս պայմանագրի միջոցով: Բնականաբար, ամեն մեկն իր շահերն ունի: Երբ ինչ-որ գործարք է կնքվում, այդտեղ շահ տեսնում են բոլորը եւ փորձում են ամեն կերպ անմասն չմնալ: Սա է պատճառը, որ բոլոր կողմերը ողջունում են: Ակնհայտ է մի բան, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները խաղաղությունից դեռեւս շատ հեռու են, այդ խաղաղությունն անգամ չի էլ երեւում: Ընդամենը առաջին քայլերն են անում, սակայն հայտնի չէ՝ այդ քայլերը մեզ կմոտեցնե՞ն խաղաղության, թե՞ դեռ մի բան էլ պատերազմի մեջ կներքաշեն:
- Ի՞նչ շահերի մասին է խոսքը: ԱՄՆ, Ռուսաստան, Եվրոպա` ի՞նչ շահեր ունեն:
- Ռուսաստանն անդադար շեշտում է, որ այդ համաձայնագիրը պետք է ստորագրվի նոյեմբերի 9-ի փաստաթղթի հիման վրա: Այսինքն` ռուսները ցանկանում են վերահսկողություն հաստատել Հայաստանով անցնող ճանապարհների վրա: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին ու Արեւմուտքին, ապա կոնկրետ ԱՄՆ-ն այս ամենը դիտարկում է հակաիրանական քաղաքականության շրջանակներում: Սա ԱՄՆ-ին ձեռք է տալիս, որպեսզի հաղորդակցության ուղիներ բացվեն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, այդպիսով Իրանին կտրեն Հյուսիսից: Այստեղ կոնկրետ շահեր կան: Եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, Ադրբեջանին հակաիրանական պրոցեսների մեջ քաշելն ավելի դյուրին կլինի:
- Իսկ ճանապարհը վերահսկելիս ի՞նչ է շահում ռուսական կողմը:
- Եթե ճանապարհը լինի ռուսական վերահսկողության տակ, դա կնշանակի, որ գործնականում այդ ճանապարհը չի աշխատելու այնպես, ինչպես պատկերացնում է Հայաստանը: Այսինքն` Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ չի լինի ցամաքային կապ` ՌԴ-ն շրջանցելով: Կապը կլինի կամ Իրանի տարածքով կամ ՌԴ-ի, դե իսկ Վրաստանի մասին չխոսենք, այժմ հենց այդպես է, սակայն Վրաստանում գնալով մեծանում է ռուսական ազդեցությունը, պարզ չէ, թե վաղը ինչ կարող է լինել: Այնպես որ, եթե ռուսները կարողանան վերահսկել ճանապարհները, կստացվի, որ մեծացնում են իրենց վերահսկողությունը Թուրքիայի եւ Ադրբեջանի ուղիղ կապի վրա, իսկ հետագայում էլ կփակեն միջին միջանցքը, որի հիմնական նպատակը ՌԴ-ն շրջանցելն է:
- Թեպետ Հայաստանում հանրության եւ քաղաքական ուժերի մեծամասնությունը «խաղաղության պայմանագրին» դեմ է, այն համարում են երկրորդ կապիտուլյացիա, սակայն պարզվում է` Ալիեւն ավելի մեծ ախորժակ ունի եւ դեմ է անգամ այդ պայմանագրին:
- Ալիեւը չի համաձայնում, որովհետեւ Հայաստանից ունի մի շարք պահանջներ, որոնց միայն մի մասն է ներառված այդ պայմանագրում: Մյուս պահանջները Բաքուն ներկայացնում է որպես «խաղաղության պայմանագրի» տակ ստորագրելու նախապայմաններ: Փաստացի` Ադրբեջանի պահանջների միայն մի մասն է ներառված փաստաթղթում: Ադրբեջանն ասում է` համաձայն եմ, եթե այս-այս պայմաններս էլ ընդունեք։ Դրանք կատարելուց հետո այլ պահանջներ առաջ կքաշի, եւ այդպես շարունակ, մինչեւ ստանա այն, ինչին ձգտում է:
- Էլ ի՞նչ պահանջներ ունի, բացի նրանից, ինչ գիտենք:
- Պահանջների մի մասը սահմաններից զորքը հետ քաշելուն, միջազգային հայցերից հրաժարվելուն, բանակի լուծարմանն են վերաբերում: Հաջորդ պահանջները լինելու են անխոչընդոտ կապը Սյունիքի միջոցով, Սահմանադրության փոփոխությունը: Հետո առաջ կքաշեն երրորդ փաթեթը` փոխհատուցում, տուգանքներ եւ այլն, եւ այլն: Այդ փաստաթղթում երեք փաթեթներից միայն մեկն է պատրաստ:
- Այս քաոտիկ իրավիճակից ելքը ո՞րն է: Մի կողմից՝ պահանջատեր Ադրբեջան, մյուս կողմից` վախեցած ՀՀ իշխանություններ:
- Քաոտիկ ոչինչ չկա: Ադրբեջանի պահանջները մշտապես հնչում են, դրանք հասկանալի են, հասկանալի է նաեւ մեր իշխանությունների դիրքորոշումը: Ամեն ինչ հստակ է ու հասկանալի, պարզապես հասարակությանը պետք է ներկայացնել միանգամից` մեկ փաթեթով: Որպեսզի հասարակությունը չընդվզի, քայլ առ քայլ են այդ մասին հայտարարում: Այդ մարտավարությունը, կարծես, աշխատում է, հակառակ դեպքում այսօր մեծ բողոքի ալիք կլիներ:
Կարծիքներ