Նորմալ կառավարությունները հավաքագրված հարկերով չեն հպարտանում, այլ այդ գումարների արդյունավետ ծախսմամբ

Նորմալ կառավարությունները հավաքագրված հարկերով չեն հպարտանում, այլ այդ գումարների արդյունավետ ծախսմամբ

Ոչ մի երկրի ղեկավար չի հպարտանում շատ հավաքած հարկերով, որովհետեւ դա իր կամ իր իշխանության ձեռքբերումը չէ: Նորմալ կառավարությունները հպարտանում են բիզնեսի ու հասարակության հարկային բեռը թեթեւացնելով, գործունեության ավելի բարենպաստ պայմաններ ապահովելով: Փաշինյանը հպարտանում է՝ կառավարության նիստում հայտարարելով. «2021 թվականի արդյունքներով, պետական բյուջեի եկամտային մասը նախատեսվածից ավել ենք կատարել 147 միլիարդ դրամով: Այսօրվա դրությամբ 2022թ. եկամտային մասի կատարման տեմպի առումով մոտավորապես 46 միլիարդ դրամ ավել հավաքագրումներ ունենք»:

Բյուջե մուտքագրված փողը քաղաքացիների եւ բիզնեսի գումարն է: Որքան կառավարությունը մեծացնում է հարկային բեռը, ուժեղացնում հարկային վարչարարությունը, կամ տեղի է ունենում գնաճ, այնքան շատ փող է հավաքվում: Եթե նախկինում մարդը հացը գնում էր 100 դրամով, ու դրանից՝ որպես ԱԱՀ, բյուջե էր գնում 20 դրամ, հիմա այդ նույն հացը մարդը գնում է 150 դրամով, ու բյուջե է գնում 30 դրամ: Սրա ձեռքբերումը ո՞րն է: Եթե վաղը հացի գինը դառնա հազար դրամ, բյուջե անհամեմատ ավելի շատ փող կգնա, եթե, իհարկե, երկրում հաց գնելու կամ հաց ուտելու ընդունակ մարդ մնա:

Կառավարության խնդիրը բյուջե հավաքված գումարն արդյունավետ ծախսելն է. այ, դրանով կարող է հպարտանալ կառավարությունը՝ ցույց տալով, որ հասարակությունից հավաքած գումարն ինքը հետ է վերադարձրել հասարակությանը` անվտանգության, որակյալ պետական ծառայությունների, հանրային նշանակության ենթակառուցվածքների, կրթության եւ առողջապահության, գիտության եւ մշակույթի ֆինանսավորման տեսքով: Մինչդեռ Փաշինյանը չի խոսում իր կառավարության կողմից իրագործված ծրագրերի ու դրանց արդյունավետության մասին: Օրինակ, չի ասում, որ այդ ավել հավաքված 147 միլիարդ դրամ գումարը, որը փաստացի նախատեսված չէր բյուջեով, ինչի վրա է ծախսվել, դրանով ինչ է կառուցվել, ինչ խնդիր է լուծվել: Դա նույնն է, որ ընտանիքի հայրն իր սոված, աղքատ եւ հիվանդ երեխաների ներկայությամբ հպարտանա, որ իր աշխատավարձը բարձրացել է, բայց ինքն այդ ավել աշխատավարձով ո՛չ հաց է գնել, ո՛չ դեղորայք, ո՛չ հագուստ:

Փաշինյանի իշխանության առաջին տարիներին մարդկանց սկսեցին համոզել, որ շուտով Հայաստանը կունենա բարձրակարգ ասֆալտապատված ճանապարհներ, որովհետեւ նախկինում ասֆալտի տենդերներում հաղթել են կուռուպցիոն սխեմաներով, դրա համար էլ ճանապարհները կառուցվել են անորակ ու շատ արագ քանդվել են: Մարդիկ, որ սպասում էին հրաշքի, մի պահ հավատացին այդ խոստումներին, հավատացին, որ մի օր էլ իրենք կերթեւեկեն փոսերից ու փոշուց զերծ ճանապարհներով: Այդ հավատը տեւեց մինչեւ այն պահը, երբ տեսան Փաշինյանի օրոք կառուցված ճանապարհների փլուզումը: Անցյալ տարի վերանորոգեցին Երեւան-Արմավիր ճանապարհի մի հատված: Այդ ճանապարհը չէր վերանորոգվել Հայաստանի խորհրդային տարիներից ի վեր: Կարկատաններ արվել էին, բայց ընդհանուր ասֆալտապատեցին միայն անցյալ տարի: Ընդամենը մեկ տարի չանցած՝ արդեն ասֆալտը դեֆորմացվել է, տարբեր տեղերում քանդվել, ու շատ անճոռնի ձեւով կարկատաններ են արվել: 40 տարի առաջ Խորհրդային Միության ժամանակ արված ասֆալտը շարունակում է ծառայել, իսկ ընդամենը մի քանի ամիս առաջ կառուցվածը քանդվել է: Մինչդեռ այս իշխանությունների մտահղացմամբ ասֆալտը պետք է լիներ նախորդ ու ներկա իշխանությունների համեմատության, բյուջետային միջոցների ծախսման եւ կոռուպցիայի բացակայության ցուցիչը: Տարբերություն չկա:

Փաշինյանը հայ հասարակությանը վերաբերվում է որպես տգետների ու հիմարների հավաքածուի: Նրան թվում է, որ եթե ինքը հեռուստաէկրանից հայտարարի, որ երկրի բյուջեում ավելի շատ գումար է հավաքվում, դրանից մարդկանց մոտ հույս կառաջանա, որ մի օր այդ գումարից իրենց էլ բաժին կհասնի, իրենց կյանքում էլ ինչ-որ դրական փոփոխություն տեղի կունենա: Մինչդեռ մարդկանց ճնշող մեծամասնությունը չի կիսում Փաշինյանի ուրախությունը, քանի որ հասկանում է, որ այդ ավել փողի տերն ամենեւին էլ իրենք չեն, այլ՝ Փաշինյանն ու իր նեղ շրջապատը: Մարդը 50-60 տարվա արտադրության «Մոսկվիչ» է վարում, իսկ իշխանություններն ամեն օր նոր մեքենաներ են գնում, գործուղումների մեկնում ու կառավարական ամառանոցներ վերանորոգում:

Ուսուցիչը կիսաքաղց գոյություն է քարշ տալիս, Փաշինյանն իր թիմին միլիարդների պարգեւավճարներ է բաժանում: Այդ ավել գումարը, որ հավաքվում է աղքատներից ու սովածներից, մեծացնում է իշխանավորների բարեկեցությունն ու ավելացնում կուտակած հարստության չափը: Այնպես որ, ավել հավաքված փողի տերը Փաշինյանն է ու իր նեղ շրջապատը, ով հասանելիություն ունի այդ փողին: Մի քիչ էլ` Փաշինյանի ու իր իշխանության անվտանգությունն ապահովող ոստիկանությունը: Պատահական չէ, որ բյուջեում հավաքված շատ փողի մասին հայտարարելուց հետո Փաշինյանն այցելեց ոստիկանության զորքերի զորամաս: Նրա ուղերձը նաեւ ոստիկանության զորքերին էր ուղղված, քանի որ եթե կա ինչ-որ ոլորտ, որն ավելի շատ ֆինանսավորում է ստացել բյուջեից, դա ոստիկանությունն է: Փաշինյանն ուզում էր ոստիկաններին ասել, որ ինքը կարողանում է հասարակությունից շատ փող հավաքել ու դրանից նաեւ ոստիկանությանը բաժին հանել, եւ եթե նրանք շարունակեն նույն նվիրվածությամբ պաշտպանել իր իշխանությունը, այդ փոխշահավետ համագործակցությունը կշարունակվի: Փող-իշխանություն-փող սխեման գործում է անխափան:

Ավետիս Բաբաջանյան