Չի ստացել վարչապետի օգնականի խոստացված ապացույցները

Չի ստացել վարչապետի օգնականի խոստացված ապացույցները

ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, ով մի քանի անգամ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հետեւողականորեն պնդում էր, որ Զինծառայողների ապահովագրության  հիմնադրամում չկա շուրջ 600 միլիոն դրամ, իսկ վարչապետը հերքում էր, թե իր ձեռքին հակառակը վկայող «ավելի պաշտոնական փաստաթուղթ» է, նախօրեին գրել էր․ «Փաստորեն, ես ճիշտ էի, Նիկոլը՝ սխալ. գումարը չկա»։

Տիգրան Ուրիխանյանին այս մասին տեղեկացրել է վարչապետի օգնականը եւ հայտնել, որ իրենց ուսումնասիրության արդյունքներով եւս պարզվել է, որ զինծառայողների սոցհիմնադրամի պաշտոնական հաշվետվության մեջ իսկապես սխալ կա, եւ փոխանցված գումարներն արտացոլված չեն, ինչն ուսումնասիրվում է։ Հետո Փաշինյանի գրասենյակից պարզաբանել էին, որ Ուրիխանյանը մասամբ է ճիշտ, որովհետեւ հաշվետվության մեջ դա արտացոլված չէ, բայց իրեն ասել են, որ գումարը կա, եւ առաջարկել են նոյեմբերի 14-ին քննարկել այդ հարցը։

Ուրիխանյանի ֆեյսբուքյան գրառումից անցել է երկու օր, մենք փորձեցինք տեղեկանալ, թե ինչ զարգացումներ են եղել այս ընթացքում։ Տիգրան Ուրիխանյանը նախ պարզաբանեց, թե ինչու չէր գնացել քննարկմանը։ «Ես չեմ գնացել, որովհետեւ ինձ ուղարկեցին պետական գործուղման, եւ չէի կարող լինել հա՛մ Մինսկում, հա՛մ իրենց քննարկմանը։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ ինձ խոստացվել էր տրամադրել էն ապացույցները, որ այդ գումարը, իբր, ինչ-որ տեղ կա։ Եվ ինձ ոչինչ չի տրամադրվել։ Եթե չտրամադրվեց մինչեւ հաջորդ քառօրյա, ես դրա մասին վարչապետին եւ հանրությանը կտեղեկացնեմ եւ ապա պաշտոնական ձեւաթղթով կդիմեմ Գլխավոր դատախազություն՝ քրեաիրավական գնահատական տալու եւ նյութերի նախապատրաստման փուլը սկսելու համար»։

Տիգրան Ուրիխանյանին հարցրինք՝ արդյոք թափանցիկության խախտում չէ՞, երբ մի քանի անգամ ԱԺ ամբիոնից հարցը հնչեցնելուց եւ վարչապետի մակարդակով հերքվելուց հետո պարզվում է, որ այդ գումարները կան, բայց ինչ-որ մի տեղ, սակայն հայտնի չէ որտեղ։ Նա ասաց․ «Ես դրա համար էլ ասացի, որ արդեն քրեական հոտ է գալիս, որովհետեւ, եթե գումարները լինեին, հիմնադրամը կկայացներ որոշում եւ կտեղադրեր նույն հաշվեհամարին ու կստանար նույն տոկոսները, որոնք ուղղվում են զինծառայողների կյանքի ու առողջության փոխհատուցմանը։ Եվ հիմա ֆիքսեք՝ սա կորսված եկամո՞ւտ է, թե՞ չէ, պետությանը պատճառված վնա՞ս է, թե՞ չէ։ Ի՞նչ չափի։ Առանձնապես խոշոր չափի»։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն ու Քննչական կոմիտեն 18 ամիս շարունակ սրանից շատ ավելի փոքր՝ պետությանը 1-2, 5-10 միլիոն դրամի չափով հասցված վնասի հոդվածով մի քանի հարյուր գործեր են հարուցել մի քանի հարյուր մարդու նկատմամբ։