Խառնաշփոթ եւ քաոս
Արդեն քանի տարի է՝ Հայաստանում ո՛չ գարունն է գարնան նման, ո՛չ աշունը` աշնան, ո՛չ ամառը` ամառվա: Չէ՞ որ մենք սովոր ենք, որ գարնանը կյանքը զարթոնք ապրի, նոր նախաձեռնություններ ու ծրագրեր մեկնարկեն, ամռանը մարդիկ հանգստի են տրամադրված, դե, իսկ աշունը մեզանում, որպես կանոն, «թեժ» է լինում` քաղաքական իրադարձություններով լեցուն: Բայց վերջին տարիներին ո՛չ գարնան զարթոնքի զգացում կա մթնոլորտում, ո՛չ նոր կյանքի ու ծրագրերի մեկնարկ հիշեցնող իրադարձություններ, ո՛չ ամառն է իր հետ հանգստություն ու արձակուրդային տրամադրություններ բերում մեզ, ո՛չ էլ աշնանային թեժ իրադարձությունների ենք ականատես լինում:
Ամեն ինչ խառնվել է իրար` արտաքին ու ներքին խնդիրներ, հանրային տագնապ ու անհանգստություններ, նոր վտանգների սպասում, իշխանությունների հերթական սխալներ ու դավաճանություններ, ապիկարություն ու սայթաքումներ: Այս բոլորը մեզ զրկել է կյանքի ավանդական ընթացքից: Ո՛չ կարողանում ենք ամբողջությամբ նվիրվել ստեղծագործական աշխատանքին եւ կենտրոնանալ մեր խնդիրների վրա, ո՛չ կարողանում ենք լիարժեք արձակուրդ գնալ ու հանգստանալ հոգսերից, ո՛չ էլ կարողանում ենք կանգնեցնել մեր երկրի գահավիժումն ու ելքեր գտնել ստեղծված վիճակից: Մեծ հաշվով, դարձել ենք գործող իշխանության եւ գործող ընդդիմության պատանդը:
Ի վերջո, ի՞նչ կարող է անել Հայաստանի շարքային քաղաքացին` բժիշկը, ուսուցիչը, լրագրողը, շինարարը: Նա կարող է իր բողոքը հայտնել իշխանությունների վարած քաղաքականությունից` դուրս գալով փողոց եւ մասնակցելով ընտրություններին: Փողոց դուրս եկող մարդկանց ձայնն ակնհայտորեն լսելի չէ. ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը կորցրել են հանրության կարծիքը լսելու ունակությունը: Իսկ ընտրություններ մեզանում առայժմ նախատեսված չեն:
Կարծիքներ