Ինչ իրավիճակ է Սևանում․ սահմանափակումների 3-րդ օրն է

Ինչ իրավիճակ է Սևանում․ սահմանափակումների 3-րդ օրն է

Պարետի որոշմամբ՝  Սևան քաղաքում ելումուտը սահմանափակվեց, որոշումից 3 օր հետո Սևանի քաղաքապետից փորձեցինք ճշտել, թե փոխվե՞լ է արդյոք իրավիճակը, կա՞ն դրական արդյունքներ։ Նախ քաղաքապետին հարցրինք, թե կոնկրետ ի՞նչ սահմանափակումներ են․

«Ոստիկանության կողմից «պոստերը» դրված են, հսկողություն է իրականացվում։ Պարետի ցուցումը տրված է «խիստ անհրաժեշտության դեպքում միայն», երևի այդ դեպքում նոր ելումուտը թույլատրվում է, երբ շատ խիստ անհրաժեշտություն լինի », -ասաց Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը։

Հարցրինք՝ այս օրերի ընթացքում կա՞ն նոր դեպքեր, և արդյոք քաղաքի ներսում էլ է տեղաշարժը սահմանափակված․

 Նոր դեպքեր գրանցվել են, բայց կարծում եմ՝ մարդիկ ավելի աչալուրջ են դարձել, ոստիկանները քաղաքի ներսում էլ են տեղաշարժը հսկում, ծառայություն կա։ Բնակարաններից ելքն ու մուտքը սահմանափակված չէ, բայց ոստիկանությունը ծառայություն իրականացնում է, եթե անիմաստ են տնից դուրս եկել, կարծում եմ, կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Սահմանափակումը մինչև հունիսի 3-ն է», -պատասխանեց Մուրադյանը։

Քաղաքապետին հարցրինք նաև, թե, իր կարծիքով, այդ սահմանափակումները ինչ-որ կերպ ազդո՞ւմ են վարակի տարածման  վրա, պատասխանեց․

«Եթե ուզում եք ճիշտն ասեմ, ապա իմ կարծիքով մարդկանց մեջ զգոնությունը ավելի առաջ է եկել, կարող է մի քիչ ավելի շատ զգոն լինեն, ավելի շատ աչալուրջ լինեն , դիմակներ կրեն, սոցիալական հեռավորությունը պահեն ։ Քաղաքում հաստատված դեպքերի այսօրվա թվերը հստակ չեմ կարող ասել, բայց մինչ օրս  թիվը 100-ին մոտ է, երեկվա տվյալով, եթե չեմ սխալվում, 1 մահ կա, տարեց մարդ է»,- պատասխանեց քաղաքապետը։