Թուրքիան դեմոկրատական երկիր չէ, նա Թուրքիո հայոց պատրիարքն է` դե հետևություններ արեք

Թուրքիան դեմոկրատական երկիր չէ, նա Թուրքիո հայոց պատրիարքն է` դե հետևություններ արեք

Մարտի 11-14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Ժողովն ատենապետել է Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, նիստերը վարել է Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի (ԵՆԺ) գումարման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Արշակ արքեպիսկոպոսը։ Ապա քննարկվել և որոշումներ են կայացվել թեմերում ԵՆԺ պատգամավորների ընտրության գործընթացի, ժողովի օրակարգային նյութերի նախապատրաստման և կազմակերպական մի շարք հարցերի վերաբերյալ։ Համապատասխան հանձնախմբերին հանձնարարականներ են տրվել Մեծ ժողովի նախապատրաստման հետ կապված: Ժողովում նաեւ զեկույցներ են լինելու` եկեղեցու առաքելության կարևորագույն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ծխական կյանքի կազմակերպմանը, հոգևորականների պատրաստությանը, կրթադաստիարակչական գործունեությանը, սոցիալական ծառայությանը, քրիստոնեական արժեքներին նետված մարտահրավերներին, Սփյուռքի ու հայկական ինքնության պահպանության և Եկեղեցու նյութական ու տնտեսական ոլորտներին։ 

Գերագույն հոգևոր խորհուրդը նաև լսել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի զեկույցը` Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների վերաբերյալ։ Անդրադառնալով Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավորություններին, խորհուրդը հանդես է եկել առանձին հայտարարությամբ, որով կոչ է արել ՀՀ իշխանություններին, համահայկական կառույցներին, միջազգային հանրությանը` «առավել ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին անհապաղ հայրենադարձնելու համար», ինչպես նաեւ դիմել է Ռուբեն Վարդանյանին` հացադուլը դադարեցնելու հորդորով։ Այս հայտարարությունից հետո էլ Ռ.Վարդանյանը դադարեցրեց մոտ 23-24 օր տեւած հացադուլը:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ հարցեր են քննարկել խորհրդի նիստի ընթացքում, ներքաղաքական հարցերին անդրադարձե՞լ են: Օրինակ, հայտարարություն արվեց հայ ռազմագերիների մասին, ի՞նչ քննարկում է եղել այդ թեմայով: Աջապահյանը մեզ հետ զրույցում նախ նկատեց. «Ինչ-որ հրապարակվել է` դա է, այլ բան չեմ կարող ասել: Հոգևոր խորհուրդը ի՞նչ քաղաքական հարցեր պետք է քննարկեր: Ինչ հարցեր որ պետք էր` քննարկեցինք և հայտարարեցինք», - ասաց Աջապահյանը:

Հարցին, թե նկատել ենք, որ վերջին շրջանում Պոլսի Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը բավականին հաճախ է այցելում Հայաստան, գուցե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ դա կապ ունի՞: «Բայց ասեմ, որ նա միշտ էլ եկել է, ժողովներին ներկա է գտնվել: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցերին, է որ քննարկենք` ի՞նչ»:

Իսկ Պատրիարքը արտահայտվե՞լ է այդ թեմայով, հարցրինք Շիրակի թեմի առաջնորդին, Աջապահյանը նշեց. «Սիրելիս, նա Թուրքիո հայոց պատրիարքն է: Թուրքիան դեմոկրատական երկիր չէ, դե այդտեղից էլ հետևություններ արեք»: