ԱԱԾ-ն ճիշտ ճանապարհի վրա է

ԱԱԾ-ն ճիշտ ճանապարհի վրա է

Այն բանից հետո, երբ Ազգային անվտանգության ծառայությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է, բացի նախագահից ու վարչապետից, անձնական բժիշկ տրամադրել նաեւ Ազգային ժողովի նախագահին, համայնքը կրկին բորբոքվել-ալեկոծվել է: Իսկ համայնքը, ինչպես գիտեք, զորավոր է ու եթե հանկարծ չընդունեց այդ առաջարկը, իմ կողմից շատ հարգված ԱԱԾ-ի նախագիծը կարող է եւ չընդունվել: ԱԱԾ-ի պարզաբանումը շատ պարզ է.

«...ներկայումս օրենքի ուժով հանրապետության նախագահի եւ վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար»: Ես կասեի` մոգական է... ԱԺ դերի ինչպիսի կարեւորում... Մեկ հարց կուզենայի պարզել` ընդունվելու դեպքում այս կենարար օրենքը կվերաբերի միայն Ալեն Սիմոնյանի՞ն, թե՞ կտարածվի նաեւ ՀՀ ԱԺ բոլոր ժամանակների նախագահների վրա:

Եթե բոլորի, ապա համայնքի այսրոպեական վրդովմունքն ամենեւին էլ տեղին չէ, ես կասեի: Բայց այսքանով այս հարցը համարենք փակված եւ շարոնակենք մի քիչ էլ քննարկել «անձնական բժիշկ» թեման: Այսօր ո՞ւմ անձնական բժիշկ պետք չէ: Այսօր, երբ պաշտոնյան դեռ պաշտոնավարում է, երբ կարող է դեռ իրեն էշություններ թույլ տալ, հիմար բաներ անել: Ալեն Սիմոնյանի տեւական բացակայության շրջանում նրա ՔՊ-ական տեղակալներն ինչպիսի սթրեսներ տարան, իրենց ինչեր թույլ տվեցին: Էդ խեղճերի առածն ի՞նչ էր, որ մի հատ էլ բժշկի վրա փող ծախսեն:

Իսկ ԱԺ ուսապարկաց դա՞սը: Նախկինում ԱԺ դահլիճում բոլորը պատգամավոր էին, ու հատուկ դասեր չկային: Մեկ-երկուսին ասում էինք` օդիոզ, մեկ-երկուսին` մականունավոր... Դուք տեսե՞լ էիք, որ որեւէ պատգամավորի կենդանու հետ համեմատեին: Ճիշտ է, Հովիկ Աբրահամյանին ասում էին մուկ, բայց դա նրա տատի դրած անունն էր, եւ նա դրանից ամենեւին էլ չէր նեղվում: Իսկ 2018 թվականից այսկողմ ի՞նչ է կատարվում ԱԺ դահլիճի մեծ մասում` է՛լ դեբիլ, է՛լ անասուն, է՛լ ավանակ, է՛լ էշ, է՛լ քոռ խոզ, է՛լ ոչխար, է՛լ յոնջա... Եվ այս ամենը ամփոփված մեկ հասկացության մեջ` ազգակործան պատուհաս: Ի՞նչ եք կարծում` ԱԺ դահլիճի այս մեծ հատվածը մարդկությանը վերադարձնելու համար բժիշկ պետք չէ՞: Մի՞թե հնարավոր է, օրինակ, Վահագն Ալեքսանյանին հասարակություն վերադարձնել զուտ վարչական մեթոդներով: Չեմ կարծում, ավելի ճիշտ` չեմ պատկերացնում: Իսկ թե ինչ կկատարվի ԱԺ դահլիճում, երբ Փաշինյանը սկսի հուշիկ քայլերով հեռանալ, մնում է միայն երեւակայել:

Եվ  վերջում՝ երկու բառ ժողովրդի մասին: Մի ժամանակ վիճում էինք, թե ինչպես հայերեն ասենք` ջենթլմեն: Ի վերջո, կանգ առանք «օրիորդապնդիչ» տարբերակի վրա: Այսօր կրկին նման վեճ կա` ինչպե՞ս անվանել նիկոլիզմի աղանդի հետեւորդներին, որ թե՛ մի փոքր բարեհունչ լինի, եւ թե՛ հասկանալի: Նրանց ժեխ մի ասեք, նրանք մեր ժողովրդի մի մասն են` պահանջում է հայ հասարակության մնացյալ հատվածը, որը, անշուշտ, իրավացի է: Ժեխին ժեխ ասելով չես բուժի եւ մայր ժողովրդին չես վերադարձնի: Այստեղ էլ բժշկի, ես կասեի` անձնական բժշկի անհրաժեշտություն կա, բայց մինչ այդ պետք է արվեն որոշակի միջանկյալ քայլեր, որոնք կհեշտացնեն բժիշկների գործը: Պետք է մերձեցնել մեր հասարակության երկու տարբեր մասերին, ինչը նաեւ ազգային անվտանգության խնդիր է: Որպես մերձեցման առաջին քայլ` ԱԱԾ-ին առաջարկում եմ մրցույթ հայտարարել «ժեխ» բառի առավել բարեհունչ եւ առավել հասկանալի տարբերակի համար: Դիցուք` «օրիորդապնդիչ»-ը, որի մասին արդեն ակնարկեցի, շատ հարմար կաղապար կարող է ծառայել: Պարզապես պետք է «օրիորդ» բաղադրիչը փոխարինել «նիկոլ» բաղադրիչով` «նիկոլապնդիչ»: Ինձ թվում է` գոնե այս փուլի համար լավ է, թեեւ ճաշակին, ինչպես ասում են, ընկեր չկա: