Հրաչյա Սարգսյանը կադրային փոփոխություններ է անում․ սկսել է փոխքաղաքապետից

Հրաչյա Սարգսյանը կադրային փոփոխություններ է անում․ սկսել է փոխքաղաքապետից

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 24-ի դրությամբ աշխատանքից ազատել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանին։ Ազատման հիմնավորման մեջ նշված է․ «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Ս. Հարությունյանի դիմումը՝ Սերգեյ Հարությունյանին 2022 թվականի հունվարի 24-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից»։

Նշենք, որ փոխքաղաքապետերի պաշտոնը հայեցողական է․ կա՛մ պետք է նրանց նոր քաղաքապետն ազատի աշխատանքից, կա՛մ էլ պետք է նույն պաշտոնում վերանշանակվեն։ Այս պահի դրութամբ դեռեւս միայն Հարությունյանի վերաբերյալ որոշում կա։

Հրաչյա Սարգսյանի մեկ այլ որոշմամբ՝  Գարիկ Բարսեղյան անունով անձը նշանակվել է քաղաքապետի խորհրդականի պաշտոնում։

Որոշման մեջ նշված է․ «Գարիկ Բարսեղյանին 2022 թվականի հունվարի 24-ից նշանակել Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնում։ Աշխատավարձը` ըստ հաստիքացուցակի, կազմում է 629.000 դրամ»։

ՀԳ. Քաղաքապետարանի մեր աղբյուրները նշեցին, որ Գարիկ Բարսեղյանին չեն ճանաչում։