Առաջիկայում «թաղում» ունենք

Առաջիկայում «թաղում» ունենք

«Ամուլսարը» չթաղած մեռելի նման մնացել է Նիկոլ Փաշինյանի վրա: Ի՞նչ անել: Հարթել էն մեծ ավանտյուրան, որ կատարել է օտարերկրյա կազմակերպությունը՝ «քցելով» իր ակցիոներներին, հաստատ Նիկոլի խելքի բանը չէ և ոչ էլ Հայաստանն ունի ինքնիշխանության այն չափաբաժինը, որ կառավարությունը ձեռքը խփի սեղանին և ասի՝ իմ ժողովուրդը չի ցանկանում, որ Ամուլսարը դառնա հանք: Ներքուստ Փաշինյանը գուցե և ցանկանում է, որ հանքը շահագործվի և էլի մի որոշ ժամանակով կայունացման միտումներ նկատվեն տնտեսության մեջ, բայց այստեղ էլ մի խումբ բնապահպաններ են արգելք դարձել և գիշեր ու զօր հսկում են դեպի հանք տանող ճանապարհները: Ամեն ինչ փորձեցին՝ նրանց համոզելու համար, սակայն ապարդյուն: Ոչ մանրակրկիտ հետազոտությունների պատրվակով անվերջանալի քննարկումները, ոչ տարատեսակ սպառնալիքները պայքարողներին չհամոզեցին, որ դա անվտանգ է և չի վնասելու շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը:

Հանքը շահագործելու մի ելք էլ կա՝ ոստիկանության «կախարդական դագանակը», այն էլ եթե այդ դագանակը մի գեղեցիկ օր շուռ չգա այս իշխանության դեմ, որ իրականում այնքան էլ կողմնորոշված չէ Ամուլսարը հանք դարձնելու հարցում: Եվ իսկապես, մինչև ե՞րբ կարելի է սեփական ժողովրդին ծեծել՝ չիմանալով ինչի համար: Թող ոստիկաններին Ամուլսար բարձրացնող Փաշինյանը գոնե մեկ անգամ խոսի և բացատրի, որ Ամուլսարի շահագործումը կենսական անհրաժեշտություն է երկրի տնտեսությունը կոլապսից դուրս բերելու համար: Մենք հիշում ենք, թե ինչպես նա պաշտպանեց երկիրն էլեկտրաէներգիայով և գազով ապահովող կազմակերպություններին՝ կորոնավիրուսի պատճառով տներում նստած քաղաքացիներին համոզելով վճարել կոմունալները: Նա նույնը կարող է անել հիմա, բայց չի անում՝ փոխարենը ոստիկաններին է ուղարկում սարերը՝ մարդկանց «ջարդելու», բերման ենթարկելու, վախեցնելու: Բայց ոստիկանն էլ, ի վերջո, մարդ է և հասկանում է, որ սա իր գործը չէ, սա տնտեսական խնդիր է, որ պետք է լուծվի կամ փակվի պետական մակարդակով, ժողովրդի և տնտեսվարողների հետ վերջնական պայմանավորվածությամբ: Ոստիկանությունն, ի՞նչ է, տարիներով պետք է մնա սարի վրա, որ ջերմուկցիները մի օյին չբերե՞ն հանքի ու այն շահագործողների գլխին: Այսօր կբացեն՝ վաղը հանքը կրկին կփակվի, կշրջափակվի կամ մի ուրիշ բան տեղի կունենա: Ոստիկանին սարերը հանելու իմաստը ո՞րն է:

Ամուլսարում կկրկնվի՞ Իջևանի սցենարը: Հազիվ թե: Իջևանում բոլոր էկոլոգները՝ իմքայլական, թե անկախ, դեմ էին անկանոն անտառահատումներին և ըստ էության Փաշինյանի կողմն էին այդ հարցում: Ոստիկանության զորքերի «օպերացիան» չտևեց նույնիսկ մեկ լրիվ օր: Իջևանցիներին աղցան արին, դրեցին մի կողմ ու… սկսեցին գիտությունով չալել, այսինքն անտառը «օրինական» կտրել, միայն թե կտրողներն ու փայտանյութը վաճառողներն էին արդեն ուրիշ: Ամուլսարի հարցում նիկոլական էկոլոգները լուռ են, իսկ անկախ բնապահպաններն ու ժողովուրդն այնքան վճռական են տրամադրված, որ հնարավոր չէ ոստիկաններին ծայրահեղ գործողությունների մղել: Չէի ցանկանա վատ գուշակություն անել, բայց, հնարավոր է, կարմիրբերետավորներն ուղղակի հրաժարվեն կատարել այդ հրամանը:

Ավելի վաղ, երբ Ամուլսարում իրավիճակը կրկին լարված էր, Փաշինյանը մեկնեց ԱՄՆ: Հիշում եք երևի վարչապետի այդ «թանկ» շրջագայությունը: ԱՄՆ նախագահի աշխատակազմից և գործարար շրջանակներից Փաշինյանին ոչ ոք չընդունեց: Դրա պատճառներից մեկն էլ, մեր կարծիքով, Ամուլսարի առկախված խնդիրն էր, որ Փաշինյանը, հավանաբար, խոստացել էր լուծել, բայց այդ պահի դրությամբ չէր կարողացել: Այսօր էլ, ամենայն հավանականությամբ, հանքի օտարերկրյա տերերը առաջընթացի են սպասում, բայց Փաշինյանն այդ առաջընթացը ապահովել չի կարողանում: Պատճառները շատ են, որոնց ավելացել է ևս մեկը՝ Նիկոլ Փաշինյանն այսօր չունի այն վստահությունը, որ ուներ ամերիկյան աղմկահարույց այցի նախօրյակին: Հայաստանում հանրային կարծիք է փոխվել, ինչի հետ, անշուշտ, չեն կարող հաշվի չնստել հանքի օտարերկրյա շահառուները: Խոսքն էլ այնպիսի գումարների մասին է, որ նրանք կարող են մի գեղեցիկ օր շատ անսպասելի հարց դնել՝ կամ հանքը, կամ Նիկոլը: Եվ հենց այստեղ կարող է պարզվել, որ Ամուլսարի ուղղությամբ Փաշինյանի կիսաքայլերն այնքան էլ ընդունելի չեն պետական մարմիններում բնադրած օտարերկրյա գործակալների համար: Դիցուք՝ Արման Բաբաջանյանի: Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե այդ անձնավորությունը երեկ ի՞նչ գործ ուներ Ամուլսարում և ինչ էր փորձում «հասկացնել» ժողովրդին, որ փակել էր դեպի հանք տանող ճանապարհն ու վանկարկում էր՝ «Ամուլսարը՝ միայն սար»: Ես զարմանում եմ, թե ինչպես նրա գլուխը չջախջախեցին՝ իմանալով, որ նա օտարերկրյա կազմակերպության գործակալ է Հայաստանում (Wikileaks): Պետք է ընդունել, որ իշխանության սորոսական շրջանակներն այս տեսանկյունից Փաշինյանի դեմ դավադրություն ծրագրող շատ ակտիվ օջախներ են: 

Մի խոսքով՝ «Ամուլսարը» չթաղած մեռելի նման մնացել է Նիկոլի վրա: Շատ կուզենայի օգնել նրան՝ հանգուցյալին թաղելու հարցում, բայց չգիտեմ, թե ինքն ինչ է մտածում այդ ուղղությամբ և, առհասարակ, ինչ կարծիքի է իր ղեկավարած Հայաստանի ինքնիշխանության մասին: