Վրացիները շնորհակալություն են հայտնել Պուտինին «պատմական» որոշման համար

Վրացիները շնորհակալություն են հայտնել Պուտինին «պատմական» որոշման համար

Ռուսաստանում վրացական սփյուռքի ղեկավար Դավիթ Ցեցխլաձեն շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կապված Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի ընդլայնման մասին նոր հրամանագրի հետ, հայտնում են վրացական լրատվամիջոցները։

«Այս պատմական կարևոր և ուրախալի օրը վերջապես եկավ։ Մեր ձայնը լսելի է, նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է փաստաթուղթ, որն այժմ Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն է տալիս երկար ժամանակով առանց վիզայի գալ Ռուսաստան, աշխատանք գտնել և կրթություն ստանալ։ Ռուսաստանի վրացական համայնքի անունից շնորհակալություն եմ հայտնում նախագահին մեր ժողովրդին նման նվերի համար»,- ասել է Ցեցխլաձեն։

«Իմ բազմամյա հասարակական գործունեության ընթացքում, առանց չափազանցության կարող եմ ասել, երբեք չեմ տեսել իմ ժողովրդին այնքան ուրախ, որքան այսօր։ Այն, ինչ նկատվում է նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հրամանագրի հրապարակումից հետո, իսկապես ազգային տոն է։ Մեր երկրների և զարմանալիորեն գեղեցիկ ժողովուրդների տոն»,- ասել է Ցեցխլաձեն, ով նաև Ռուսաստանի ազգամիջյան հարաբերությունների նախագահական խորհրդի անդամ է:

Հիշեցնենք, որ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստան են մտնում աշխատանքի կամ ավելի քան 90 օր ժամկետով։ Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման օրվանից՝ հոկտեմբերի 10-ից։