«Հրապարակ». Ես՝ որպես պատմաբան, չեմ տեսնում գեթ մեկ տարբերություն

«Հրապարակ». Ես՝ որպես պատմաբան, չեմ տեսնում գեթ մեկ տարբերություն

Այսօրվա իրականությունը շատ նման է Չարենցի «Երկիր Նաիրի» վեպում նկարագրված իրականությանը: Տպավորություն է, թե անմահ վեպում նկարագրված իրականության մեջ ենք հայտնվել: Մեկ դար առաջ էլ Կարսի բնակչությունն իր համար խաղաղ, հանգիստ ապրում էր՝ անտեղյակ աշխարհի անցուդարձից. մանր առեւտրականներն իրենց գործին էին, ամեն առավոտ խանութների առաջ ավլում-մաքրում էին, վարժապետներն ու հոգեւորականներն իրենց գործին էին… մարդիկ կաֆեներում ծույլ նստած՝ ղայֆե ու օղի էին վայելում … քչփչում էին, բամբասում, խմբերով ու թայֆաներով իրար տակ էին փորում: Վտանգի զգացողության բթացումը կատարյալ էր… ինչպես այսօր… վեպի հերոսներն էլ նույնն են: Հիմա էլ ճանաչելի են գեներալ Ալոշը, Մարուքե Դրաստամատյանը, Մազութի Համոն, ընկեր Վառոդյանը, Մեռելի Ենոքը, Բոչկա Նիկոլը, Սերգե Կասպարիչը, Կարո Դարայանը, օրիորդ Սաթոն եւ այլք… ու… ընկավ Կարսը… 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ամեն վայրկյան սպասվում էր, որ ընկնելու է նաեւ Արցախը: Արցախի Հանրապետություն այսօր այլեւս չկա: Տասնյակ հազարավոր արցախահայեր արդեն Հայաստանում են: Նրանք Արցախում թողել են ամեն ինչ՝ տուն, այգի, շինություններ, գերեզմաններ, կարողություն, անգամ շատերը հագուստ ու անկողին չեն կարողացել վերցնել իրենց հետ: 

Մենք փորձեցինք պատմաբան, Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ զրույցում ավելի առարկայական զուգահեռներ անցկացնել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության եւ Ադրբեջանի Հանրապետության ու հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունների միջեւ: Պատմաբանն ասում է, որ գործողությունների եւ դաժանության առումով չկա ոչ մի տարբերություն` բարդ է այսօր արցախցիներին խորհուրդներ տալը, պետությունը պարտավոր է հոգալ բոլոր արցախահայերի կարիքները, որովհետեւ այսօրվա եւ անցյալի գլխավոր տարբերությունն այն է, որ այժմ հայ ժողովուրդն ունի պետականություն։ «Այն, ինչ Օսմանյան կայսրությունն արեց ավելի քան 100 տարի առաջ` արեւմտահայության նկատմամբ, նույն Թուրքիայի դրդումով, այսօր ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է Արեւելյան Հայաստանում, տվյալ դեպքում՝ Արցախում: Ադրբեջան կոչվող պետությունը կյանքի է կոչվել թուրքական կոնկրետ ծրագրերով: Եթե զուգահեռներ անցկացնենք Կարսի, Վանի եւ Արցախի միջեւ, ապա պետք է փաստենք, որ ընդհանրությունները շատ են: Ցեղասպանություն, էթնիկ զտումներ, հայրենազրկում: 1915-ը ցեղասպանություն էր` հայրենազրկմամբ: Հային զրկել են իր հայրենիքից: Այն քաղաքականությունը, որն Ադրբեջանն իրականացնում է Արցախի նկատմամբ, շարունակությունն է Օսմանյան կայսրության գործողությունների»,- ասաց պատմաբանը:

Իսկ ինչպե՞ս են կարսեցիները գաղթի ճամփան բռնել, ինչպե՞ս են վարվել իրենց կարողության ու տների հետ։ Աշոտ Մելքոնյանն ասում է. «Արցախցիների կարողության ճակատագրի մասին խոսելն էմոցիոնալ կլինի: Արցախահայերին որեւէ խորհուրդ տալ այդ մասով չեմ կարող, դա կլինի խիստ անշնորհակալ գործ: Կարսի եւ Վանի դեպքում մարդիկ իրենց կարողություններից զրկվել են ռազմական գործողությունների ընթացքում: Հազվագյուտ դեպքեր կարող ենք մատնանշել, որ Կարսում մարդիկ կարողացել են իրենց սեփական գույքի արժեքավոր մասը գոնե իրենց հետ դուրս բերել: Անշարժ գույքը հրկիզելու դեպքերը եւս շատ չեն Կարսի դեպքում, շատերը չեն հասցրել անգամ այրել իրենց տները: Այսօր էլ այս մասով կան նմանություններ. Աղավնոյի հայաթափման ժամանակ ես անձամբ եմ տեսել, թե ինչպես են հրշեջ մեքենաները ռուս խաղաղապահների ներկայությամբ հնարավոր ամեն բան անում, որպեսզի մարդիկ տները չհրկիզեն: Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ նպատակ ուներ դա, որպեսզի ամեն ինչ անցնի Ադրբեջանին` տեղը տեղին: Այսօր էլ հազվադեպ կարող ենք արձանագրել դեպքեր, երբ մարդիկ հրկիզում են իրենց տները: Մեծ մասն ունեցել է սեփական կյանքը փրկելու խնդիր եւ նման դժոխային պայմաններում մտածել է՝ ինչպես փրկվել ցեղասպանությունից: Օսմանյան կայսրության եւ այսօրվա Ադրբեջանի գործողությունների միջեւ ես՝ որպես պատմաբան, չեմ տեսնում գեթ մեկ տարբերություն. նույն ցեղասպան քաղաքականությունն է, նույն ձեռագիրը, նույն դետալները: Միակ մխիթարությունն այն է, որ 1915-ին չունեինք պետականություն, ցարական Ռուսաստանի տիրապետության տակ էր ողջ Արեւելյան Հայաստանը, զուտ անհատական նախաձեռնությամբ էին մարդիկ քայլեր ձեռնարկում, իսկ այսօր ունենք պետականություն, պետություն՝ վերջապես, որը պարտավոր է իր քաղաքացիների կեցությունն ապահովել: Նշվում է, որ քայլեր են արվում: Պետությունը պարտավոր է մտածել արցախահայերի մասին, դա մեր՝ բոլորիս պարտքն է»: 

Մեր զրուցակցի խոսքով` դաժանության առումով եւս չկա տարբերություն Օսմանյան կայսրության եւ Ադրբեջանի միջեւ: Պատմաբանը կարծում է, որ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն, փաստեր հավաքագրվեն, որպեսզի աշխարհն իմանա հերթական ցեղասպանության մասին. 

«Մենք պարտավոր ենք նյութերի հավաքագրումով զբաղվել: Մարդու իրավունքների պաշտպանները պետք է նախ դրա մասին մտածեն, նյութեր հավաքեն, որպեսզի կարողանանք միջազգային հանրությանը ներկայացնել հերթական ցեղասպանությունը, որն այսօր տեղի է ունենում Արցախում: Նշենք նաեւ, որ ընթացիկ տարվա հուլիսի 27-ին Արցախի Ազգային ժողովը դիմել էր աշխարհի բոլոր խորհրդարաններին՝ նրանց հիշեցնելով, որ հայ ժողովրդի հետ տեղի ունեցող պրոցեսները հղի են նոր ցեղասպանության վտանգով: Դա, ըստ էության, ահազանգ էր ողջ աշխարհին: ՄԱԿ-ի անդամ 196 երկրներ վավերացրել են Ռաֆայել Լեմկինի կողմից 1948 թվականին ներկայացված բանաձեւը, որը վերաբերում է աշխարհում ցեղասպանությունների կանխարգելմանն ու դատապարտմանը: Եկեք ուշադրություն դարձնենք «կանխարգելում» բառի վրա: Իսկ ինչո՞ւ ՄԱԿ-ի անդամ պետություններն այսօր չեն կանխարգելում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, դա, ի վերջո, նրանց սրբազան պարտքն է: Աշխարհն առանձնապես որեւէ արձագանք չի տալիս տեղի ունեցող իրադարձություններին: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի միջազգային մակարդակով Արցախում տեղի ունեցողը որակվի ցեղասպանություն` բոլոր իմաստներով»,- եզրափակեց պատմաբանը: