Քոչարյանի գործով դատական նիստը կրկին թեժ էր

Քոչարյանի գործով դատական նիստը կրկին թեժ էր

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, երեկ շարունակվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի քննությունը։ 
Նիստն անցավ բավականին լարված մթնոլորտում՝ հատկապես ապակիներից այս կողմ, որտեղ գտնվում էին Քոչարյանի աջակիցները, նրա ընդդիմախոսները եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ Երկրորդ նախագահին աջակիցները դիմավորեցին «հերոս», իսկ ընդդիմախոսները՝ «մարդասպան» վանկարկումներով։ Դրանից հետո էլ պարբերաբար միմյանց վիրավորանքներ էին հասցնում՝ ընդհուպ մինչեւ սեռական բնույթի հայհոյանքներ։

Դատական կարգադրիչները փորձում էին հանդարտեցնել իրավիճակը, լռեցնել նրանց, սակայն դա տեւում էր մի քանի րոպե․ երբ ներկաներից որեւէ մեկը ռեպլիկ էր անում տեղից, այդ ժամանակ կրկին սկսվում էր խառնաշփոթը։

Ապակիներից այն կողմ էլ դատավարությունն էր ընթանում, որտեղ հանդես էին գալիս միջնորդություններով, դրանց քննարկումներով։ Նիստի սկզբում հանդես եկավ պաշտպան Հովհաննես Խուդոյանը,  որի հայտարարությունը վերաբերում էր Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի կալանավորմանը։ Այնուհետ Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ 2 հիմնավորմամբ։ Մեկը՝ դատավորն այս գործը քննելու համար պատշաճ դատարան չի կարող հանդիսանալ, եւ երկրորդը․ նա կողմնակալ՝ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Մյուս ամբաստանյալները, նրանց պաշտպանները եւս միացան միջնորդությանը՝ նշելով, որ այն ենթակա է բավարարման։

Մինչդեռ դատախազները, տուժողները, տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչներն առարկեցին միջնորդության դեմ։ Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը մերժեց միջնորդությունը, ինչը հարուցեց Քոչարյանի եւ նրա աջակիցների դժգոհությունը, մինչդեռ մյուս կողմը ծափահարություններով ողջունեց այն։ Այնուհետեւ դատավորին ուղղված ինքնաբացարկի միջնորդությամբ հանդես եկավ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա միջնորդեց Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացնել։ Եվ երկրորդ միջնորդությամբ պաշտպանը խնդրեց․ եթե դատարանը չվերացնի խափանման միջոցը, ապա թույլ տա որոշ ժամանակով բացակայել երկրից․ «Խնդրում ենք քննարկել ժամանակավոր՝ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը բացակայելու թույլտվության հնարավորությունը։ Արմեն Գեւորգյանի բացակայելն ինքնանպատակ չէ, հերթական բուժզննությունը պիտի անցնի համապատասխան եվրոպական երկրներից մեկում՝ Ավստրիայում»։ Դատարանի հարցին, թե ինչ առողջական խնդիրներ ունի Արմեն Գեւորգյանը, պատասխանեց՝ սրտի հետ կապված։ Մեղադրանքի կողմն առարկեց միջնորդության դեմ։

Նիստին զուգահեռ, դատարանի բակում կրկին ակցիա էր՝ հանուն եւ ընդդեմ Քոչարյանի։ Ոստիկանությունը հսկայական ուժեր էր տեղակայել։