Ասում է՝ «պատժվել են, պատժվում են, կպատժվեն», իսկ դու ե՞րբ ես պատժվելու

Ասում է՝ «պատժվել են, պատժվում են, կպատժվեն», իսկ դու ե՞րբ ես պատժվելու

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարեց, որ բանակի եւ մեր սպառազինության հետ կապված հարցերին չի պատասխանելու՝ նախկինում իր թույլ տված սխալը չի ուզում կրկնել եւ հրապարակավ խոսել այդ մասին։ Այս բացատրությամբ հրաժարվեց անգամ բանակի բարեփոխումների մասին ընդհանուր գծերով խոսել, հրաժարվեց գոնե մի քանի հուսադրող նախադասություն ասել։ 

Հենց նույն նկատառումներից ելնելով, որ թշնամին եւ աշխարհը լսում է, ասեր, որ՝ այո, մեր բանակը հզորացնելու ենք, վերականգնելու ենք, տարածաշրջանում մրցունակ բանակ ենք ունենալու, պահպանելու ենք 30 տարվա ավանդույթները։ Ողջ ասուլիսի ժամանակ անիմաստ ու ոչինչ չտվող բառերի հեղեղի փոխարեն, կարելի էր մի քանի նման նախադասություն ասել՝ եթե, իհարկե, իր կառուցողական գործընկերոջը չի խոստացել, որ Հայաստանն այլեւս բանակ չի ունենալու եւ ոչ մի վերականգնման ու զինուժի բարեփոխման մասին խոսք չի գնալու այլեւս։ 

Բայց քիչ անց՝ երբ խոստացել էր բանակից չխոսել, խոսում է բանակից փախչելու, դիրքերը լքելու մասին։ Մինչդեռ հենց դա է որ պետք չէ անել՝ ոչ ներքին, ոչ արտաքին լսարանի համար։ Առհասարակ՝ փախչելու, դավաճանելու, դիրքերը թողնելու թեման շրջանառության մեջ կարող էր դնել միայն դավաճանը՝ ազգային շահերին դավաճանողը։

Առաջինը հնց ինքը բարձրացրեց դավաճանության, Շուշիից փախչելու թեման։ Դրանից հետո ազգը սկսեց փնտրել դավաճաններին եւ դավաճանության ամոթալի թեման դարձավ մեզանում ամենաակտուալը։ Իսկ նման թեմա շրջանառության մեջ դնելուց հետո պետք է գիտակցես, որ մարդիկ նաեւ հակադարձելու են, մտածելու են, թե ով կարող էր դավաճանել մեզ, ում դավաճանության արդյունքում կարող էինք նման աղետալի ու սահմռկեցուցիչ պարտություն կրել։ Իհարկե՝ երկրի առաջին դեմքի, գերագույն գլխավոր հրամանատարի։ Մյուս բոլորի դավաճանությունը կարող էր փոքրիկ ճակատամարտերում պարտության հանգեցնել, իսկ ամբողջ պատերազմը պարտվել կարող էինք միան պետության ղեկավարի դավաճանության պարագայում։ Բայց նա կրկին փորձում է ջրից չոր դուրս գալ՝ մեղքը բարդելով բոլորի, բայց ոչ իր վրա։

Եւ երբ դավաճանական թեմայի մեջ ընկղմված լրագրողներն ու ասուլիսը վարողը պնդում են՝ իսկ ե՞րբ են պատժվելու փախածները, դավաճանածները, ասում է մի նախադասություն, որն իր կերպարի ամփոփ նկարագիրն է, ասում է․ «Պատժվել են, պատժում են, պատժվելու են»։ Պատժվածները թերեւս Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարար Դավիթ Գալստյանն են, Օնիկ Գասպարյանն ու Մովսես Հակոբյանը, Գրիգորի Խաչատուրովը, որին հեռացրին բանակից։ Պատժվում են՝ Աշոտ Սիմոնյանը՝ հայրենիքի նվիրյալ Աշոտ Երկաթը, Առուշ Առուշանյանը, Արթուր Վանեցյանը, որի նկատմամբ էլ քրեական գործ կա՝ պատերազմի հետ կապված։ Պատժվելու են հավանաբար նաեւ բանակի ամբողջ գեներալիտետը, զինվորականները, որոնք նրա հրաժարականն էին պահանջում պատերազմից հետո, ինչը նա գնահատում է որպես «ռազմական հեղաշրջման փորձ»։ 

Եւ գալով պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակին, խոսում է այն մասին, որ կար երկու ճանապարհ՝ հրաժարական տալ, կամ վերականգնել իր լեգիտիմությունը։ Հրաժարական չտվեց, քանի որ չէր ուզում ժողովդի քվեն չստացած մարդկանց հանձնել իշխանությունը։ Մինչդեռ այդ օրերին բազմաթիվ ձեւաչափեր էին առաջարկվում՝ երկիրը կոլեկտիվ կառավարող օղակ, ասենք՝ նախկին նախագահներից կազմված, ստեղծելուց, մինչեւ իր թիմից որեւէ մեկին հանձնելու ձեւով (Լեւոն Տեր-Պետրոսյանն անգամ առաջարկեց Մհեր Գրիգորյանին հանձնել ժամանակավոր կառավարումը՝ մինչեւ ընտրությունների անցկացում)։ Ինքը նախընտրեց՝ մնալ վարչապետի պաշտոնում, ապա ձեւական հրաժարական տալ՝ նորից մնալով վարչապետի պաշտոնակատար եւ ընտրությունն իր ձեռքով անցկացնել, որպեսզի լծակներն էլ իր ձեռքում լինեն եւ կարողանա մուրճով ու հիստերիայով նորից գրավել իշխանությունը։ Իսկ լեգիտիմություն վերականգնելու օպերացիան էլ կազմակերպեց ոչ թե պատերազմից անմիջապես հետո՝ երբ մարդիկ վստահաբար իրեն չէին ընտրի, այլ 7 ամիս անց՝ հունիսին։ 

Եւ այդ բոլոր ամիսներին մեր պետությանը նորանոր փոքրիկ պարտությունների շարան բերեց՝ երբ թշնամին արդեն մեր սուվերեն տարածքում է, իսկ մենք ոչ դիվանագիտական լծակներն ենք կարողանում օգտագործել, ոչ կարողանում ենք միջպետական հարաբերություններ կարգավորել դրսում, ոչ ներսում ենք համերաշխության եւ միասնականության մթնոլորտ ստեղծում, ոչ էլ թոթափում ենք պարտվածի հոգեվիճակը։ 
Առհասարակ՝ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը ոչ մի լուծում չի գտել այս մեկ տարում, որը կօգներ մեզ դուրս գալ հոգեբանական եւ դիվանագիտական պարտության այս փոսից։ Եւ հիմա նվաղած ձայնով փորձում է կրկին խաբել մարդկանց, խղճահարություն հարուցել եւ համոզել, որ ինքն այնքան էլ վատ կառավարիչ չէ։ 

Սվետա Մարտիրոսյան