Հայրապետյանների ընտանիքին պատկանող ընկերությունը ճանաչվել է տուժող

Հայրապետյանների ընտանիքին պատկանող ընկերությունը ճանաչվել է տուժող

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը որոշ ժամանակ առաջ հաղորդում էր տվել հանցագործության մասին, որպեսզի հարուցվի քրեական գործ Սեւանի «Հարսնաքարի» նախկին ղեկավարի՝ Հ․Շ-ի նկատմամբ։

Մենք տեղեկացանք, որ քրեական գործն արդեն հարուցվել է։ Պաշտպանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ քրեական գործ հարուցվել է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստի առթիվ։

Նա նշեց, որ Հայրապետյանների ընտանիքին պատկանող ընկերությունը ճանաչվել է տուժող։

Նշենք, որ ռեստորանի նախկին ղեկավարը Հայաստանում չէ։

Մակինյանն ասաց՝ իր տեղեկություններով՝ Հ․Շ-ն գտնվում է Չինաստանում․ «Ես սպասում եմ, որ վարույթն իրականացնող մարմինը նույն ջանասիրությամբ միջոցներ կձեռնարկի այդ անձի Հայաստան վերադառնալու ուղղությամբ։ Մեր տեղեկություններով՝ այդ անձը Չինաստանում է, համոզված եմ, որ վարույթն իրականացնող մարմինն էլ գիտի , որ էնտեղ է, որովհետեւ էնտեղից տեսակապի միջոցով ինչ-որ գործողություններ է կատարվել այդ անձի հետ։ Որոշակի տվյալներ է հայտնել, չի կարելի ցուցմունք ասել դա։ Իր կատարած արարքները պարունակում է ծանր հանցագործության հատկանիշներ, որի համար ազատազրկում է նախատեսում միայն 4-ից 8 տարի ժամկետով։ Օրենքը նույն չափով պաշտպանում է բոլորին, այդ թվում՝ Հայրապետյանների իրավունքները որպես սեփականատերերի»։

Նշենք, որ Հ․Շ-ին տեւական ժամանակ բռնության ենթարկելու համար հայր եւ որդի Հայրապետյաններին մեղադրանք է առաջադրվել։

Ավելի վաղ՝ Քննչական կոմիտեն դեպքի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել․  ըստ այդ հաղորդագրության՝ հայր եւ որդի Հայրապետյանները 2015 թվականին Սեւանի՝ իրենց պատկանող «Հարսնաքար» ռեստորանի նախկին ղեկավարին՝ Հ․ Շ․-ին, տեւական ժամանակ բռնության են ենթարկել, պատճառել ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական ուժեղ ցավ, էլեկտրաշոկով հարվածել, նվաստացրել եւ գումարի դիմաց նրանից մի քանի գույք վերցրել․ «Հ. Շ.-ն աշխատել է «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում՝ որպես գործադիր մարմնի ղեկավար: Նա 2015-ի դեկտեմբերից մինչեւ 2016թ. հուլիսը Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Հայկական բանկ» ԲԲԸ-ից ստացել է ընդհանուր 52 միլիոն դրամ վարկ, որի մի մասն օգտագործել է ռեստորանահյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունն ապահովելու համար, իսկ մնացած՝ 30 միլիոն դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության եւ թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություն հիմնադրելու համար՝ միաժամանակ պատշաճ կատարելով վարկային պարտավորությունները»: 

Ռուբեն Հայրապետյանին և նրա որդուն՝ Ռաֆիկ  Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի (ինքնիրավչությունը) 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել։ Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ որդին ազատության մեջ է։