Ամեն գնով փորձում է ներազդել մարդկանց ենթագիտակցության վրա, հուսադրում է նրանց

Ամեն գնով փորձում է ներազդել մարդկանց ենթագիտակցության վրա, հուսադրում է նրանց

Երեկ կառավարությունը հայտարարություն տարածեց, որ 2020թ. օգոստոսի 3-ին ՀՀ վարչապետի թիվ 888-Ն որոշմամբ ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով ստեղծված աշխատանքային խումբն առաջինն ուսումնասիրել է 2007 թվականին զոհված զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը, և 11.05.2021թ. ամփոփվել է վերը նշված քրեական գործի ուսումնասիրությունը՝  տալով գրավոր խորհրդատվություն:  

Աշխատանքային խմբում ներառված են եղել Փաշինյանի 3 ներկայացուցիչներ՝ հանրահայտ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ։ Խոսքը վերաբերում է 2007 թվականին զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան դ եպքի առիթով հարուցված քրեական գործին, Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը ևս եղել է աշխատանքային խմբի անդամ, Փաշինյանն էլ նրան հարցրել է, թե ինչպե՞ս է գնահատում խմբի ուսումնասիրությունը․

«Նիկոլ Փաշինյանը տուժողի իրավահաջորդ տիկին Գոհար Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչպես է գնահատում ուսումնասիրության արդյունքները և արձանագրումները: Ի պատասխան տիկին Գոհար Սարգսյանն ասել է, որ իր որդու մահվան դեպքը եղել է 2007 թվականին, և ինքը 14 տարի շարունակ բարձրաձայնել է մահվան պատճառների առնչությամբ իր մտահոգությունների մասին: Նա նշել է, որ համաձայն է խորհրդատվական եզրակացության հետ, ներգրավված է եղել աշխատանքային խմբի քննարկումներում և պատրաստ է շարունակել համագործակցությունը հետագա քայլերի շուրջ»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք իրավագիտության դոկտոր, փաստաբան Ենոք Ազարյանի հետ՝ հարցնելով, թե նորմա՞լ է ընդհանրապես, երբ քրեական գործերի վերաբերյալ կառավարությունը խմբեր է ստեղծում, ինչ-որ ուսումնասիրություններ անում, իսկ գործով շահագրգիռ կողմերին էլ հարցնում է, թե ինչպե՞ս են գնահատում, գո՞հ են։ Ազարյանին հարցրինք՝ սա իրավաբանության մեջ ընդունվա՞ծ բան է՝ նկատի ունենալով, որ քրեական գործերով ու դրանց քննությամբ զբաղվում են իրավապահ մարմիններ, այլ ոչ վարչապետի օգնականները․

«Ամենևին էլ պատահական չէ, որ այսօր՝ նախընտրական գործընթացի շեմին, ամփոփվել է քրեական գործերից առաջինի ուսումնասիրությունը:

Հետպատերազմյան ժամանակաշրջանում, երբ հազարավոր զոհվածների ծնողներ չեն ստանում իրենց հուզող հարցերի պատասխանները, ինչպես նաև կառավարության անգործության և անկարողության արդյունքում չեն լուծվում անհայտ կորածների հայտնաբերման, գերիների վերադարձման, պատերազմի արդյունքում հաշմանդամ դարձած անձանց վերականգնողական   խնդիրները, վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից տրված խորհրդատվական անիրավաչափ եզրակացությունը կարելի է համարել հերթական մանիպուլյացիոն քայլը՝ հանրության մոտ ձևավորելու կարծիք, որ մեկնարկն արդեն իսկ տրված է և իրենք հետամուտ են լինելու  բոլոր զոհվածների, անհայտ կորածների, գերիների վերաբերելի հարցերին, ինչի վառ օրինակն է այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից վերը նշված աշխատանքային խմբում ներառված,2007 թվականին զոհված զինծառայողի ծնողին անամոթաբար ուղղված հարցադրումը, թե ինչպես է գնահատում կառավարության կողմից կազմված աշխատանքային խմբի գործունեությունը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ինչպես իր գործունեության ողջ ընթացքում, այնպես էլ ներկայումս՝ նախընտրական փուլում, փորձում է քաղաքականությամբ կարգավորել իրավունքը և մշտապես ուզորպացնում իր լիազորությունները, ինչպես նաև դրսևորում է պոպուլիստական վարքագիծ, ամեն գնով փորձում ներազդել մարդկանց ենթագիտակցության վրա, հուսադրում է նրանց՝ մշտապես տալով կեղծ խոստումներ»,- պատասխանեց Ազարյանը։