Գերմանիան մեկ շաբաթում 300-350 հազար թեստ է օգտագործում, մենք վաղվանից օրական՝ 1000

Գերմանիան մեկ շաբաթում 300-350 հազար թեստ է օգտագործում, մենք վաղվանից օրական՝ 1000

Նոր կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը հասավ Մարտի 1-ի զոհերի թվին: Սա փաստ է, որը հնարավոր չէ մեղմել՝ պարբերաբար նշելով, թե բա գիտեք՝ մահացածը ծեր էր կամ ուղեկցող անբուժելի հիվանդություններ ուներ: 

Վարչապետ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում խոստովանության նման հայտարարություն արեց. «Մեր ամենամեծ մարտահրավերը, որ մենք վաղվանից պետք է ստեղծենք, օրը 1000 թեստի հնարավորություն... Վաղվանից ցուցումով մարդկանց, թոքաբորբով հիվանդ բոլոր քաղաքացիներին կթեստավորենք»: Սա նշանակում է, որ մինչ օրս նման հիվանդներին չեն թեստավորել կամ ոչ բավարար քանակով են թեստավորել: Կառավարությունը խոստովանեց, որ թեստավորումը խնդիր է, հետեւապես հաստատեց, որ բոլոր այն խոսակցությունները, թե թեստերի քանակը քիչ է, եւ բուժհաստատությունները մարդկանց չեն թեստավորում, հիմնավոր են: 
Դեռ երեք օր առաջ՝ ապրիլի 3-ին, մեզ էր դիմել Արաբկիրի Ավետ Ավետիսյան փողոցի բնակիչ Հասմիկ Հովհաննիսյանը՝ խնդրելով օգնել, քանի որ այլեւս դիմելու տեղ չուներ: Նա ասաց, որ իր դուստրը, դստեր սկեսուրը, ամուսինն ու նրա քույրը՝ ընտանիքի 4 անդամներ, ջերմություն ունեն, գրիպի նշաններ, սակայն ոչ մի կերպ չեն կարողանում կապվել առողջապահության նախարարության համարներով: Ո՛չ «Թեժ գիծն» է պատասխանել, ո՛չ մյուս համարները. «Մի քանի համարներով արդեն մի երկու ժամ է՝ զանգում ենք, ոչ ոք չի պատասխանում: Մի կերպ կապվել ենք տեղամասային պոլիկլինիկա, այնտեղից հրահանգել են տանը մնալ ու գոլ ջուր խմել»: Հասմիկ Հովհաննիսյանը խնդրում էր թեստավորել իր հարազատներին: 

Ենթարկվելով արտակարգ դրության օրենքներին՝ մենք չհանրայնացրինք դեպքը: Աղմուկ ու խուճապ չառաջացնելու նպատակով, մենք մամուլին ոչ բնորոշ վարքագիծ ցուցաբերեցինք: Պարզապես տեղեկացրինք առողջապահության նախարարի խոսնակին, որ համապատասխան կառույցները կապ հաստատեն այս կնոջ հետ, եւ նա խոստացավ, որ կնոջը կզանգեն: Մի քանի րոպեից Հովհաննիսյանին իրոք զանգել են: «Շտապօգնությունը եկել է, զանգել են, ասել են՝ մեկը թող իջնի, տանեն թեստ անեն, եթե դրական լինի, նոր մյուսներին էլ կթեստավորեն»,- ասաց Հասմիկ Հովհաննիսյանը:  

Երեք օր անց փեսայի թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Ապրիլի 7-ին Հասմիկ Հովհաննիսյանը կրկին զանգահարեց մեզ: Նա օգնություն էր խնդրում: Ասաց, որ արդեն բոլոր հիվանդների մոտ թոքաբորբ է սկսվել: «Ուր զանգում ենք, չեն տանում թեստավորման: Դիմում ենք, բոլորի մոտ ջերմություն է՝ 37-38 աստիճան: Շտապօգնությունից եկել են, բայց չեն տարել, ասել են՝ տարեք, թոքերը նկարեք: Աղջիկս ու փեսաս գնացել են Մուրացանի հիվանդանոց, ռենտգեն են արել, հաջորդ օրը Մուրացանի բժշկուհին ասել է՝ շտապ գնացեք թեստավորման: Դուք անպայման պետք է թեստավորվեք: Հիմա ոչ մի կերպ չեն տանում թեստ անելու: Եթե սենց ստուգեն, օրական տասը չէ, մեկ մարդ էլ չի ավելանա: Փաստացի դեպք՝ ամբողջ ընտանիքով հիվանդ են, չեն տանում թեստավորելու»,- բողոքում էր քաղաքացին: Նա պատմեց նաեւ, որ տանը տատիկ կա՝ ասթմատիկ, հիպերտոնիկ հիվանդ: «Եթե հասավ նրան, նա չի դիմանա: Ստիպված՝ տատիկին փակել են տանը, թույլ չեն տալիս, որ սենյակից դուրս գա: Ուտելիքը տանում են, դնում են դռան դեմը»: Ընտանիքը դիմել է Մուրացանի հիվանդանոց, իրենց թերապեւտին, «Աստղիկ» ԲԿ, թեժ գիծ: «Իրենք խայտառակ ձեւով են աշխատում: Ժամերով զանգում ենք, վերցնող չկա: Հետո մեկի հետ կապվեցինք, մեր համարները վերցրեց, ասաց, որ կզանգեն, մինչեւ էսօր սպասում ենք»,- պատմեց Հասմիկ Հովհաննիսյանը: 

Մենք կրկին դիմեցինք առողջապահության նախարարի խոսնակին, սակայն նա այս անգամ այլեւս չարձագանքեց: Նույն օրը՝ ապրիլի 7-ին, գրավոր հարցում ուղարկեցինք նախարարություն: Երեկ արդեն ապրիլի 9-ն էր, եւ ընդամենը մի տող ենք ստացել. «Ձեր գրությունը գրանցվել է 10541-2020 համարով»: Երեկ տեղեկացանք, որ այս պատմությունը «հեփի ենդ» է ունեցել: Մեր հարցումը ստանալուց հետո ընտանիքին վերջապես թեստավորել են: Երեք հիվանդների թեստավորման արդյունքը բացասական է եղել, կորոնավիրուս չի հայտնաբերվել, բայց նրանք բոլորը բուժվում են թոքաբորբի դեմ: 

Սա ընտանիքներից մեկն էր, որ դիմեց մամուլին, բայց քանի-քանի քաղաքացիներ կան, որ հետեւողական չեն, չեն դիմում այս քայլին՝ հոգեբանական ու ֆիզիկական տանջանքների ենթարկվելով: 

Երեկ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հպարտությամբ հայտարարեց, որ թվային համակարգի միջոցով կորոնավիրուսի հաստատված դեպքերը հաշվարկելով՝ 12 անճշտություն են գտել ու պարզել դրանց իրական թիվը․ 921 դեպք՝ մարտի 9-ի դրությամբ: Սակայն դա չի նշանակում, որ մենք ունենք վարակի իրական պատկերը: Թեստավորման ներկայիս ծավալն այն չի ապահովում: Ըստ առողջապահության նախարարության տվյալների, Հայաստանում կատարվել է մոտ 5 հազար մարդու թեստավորում: «Երեկ իրականացրել ենք 326 թեստ, որից դրական է 28-ը, սա նշանակում է, որ մենք պահպանում ենք շաբաթվա սկզբում արձանագրված լավատեսությունը»,- երեկ հայտարարեց Փաշինյանը: Համեմատության համար նշենք, որ ըստ ՌԴ «Ռոսպոտրեբնադզորի», ՌԴ-ում 24 ժամում կատարում են COVID-19-ի հայտնաբերման 34-37 հազար թեստ, իսկ Գերմանիան մեկ շաբաթում 300-350 հազար թեստ է օգտագործում:

Այնպես որ, առաջիկայում պետք է պատրաստ լինենք նաեւ առողջ «վատատեսության», որովհետեւ, եթե կառավարությունն իրոք կատարի իր խոստումը եւ օրական 1000 հոգի թեստավորի, ապա հայտնաբերված հիվանդների թիվը կարող է շեշտակի աճել, իսկ հասարակությունը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի լսել այդ թվերի մասին: