Թուրքիան եվ Ադրբեջանը համառորեն հրաժարվում են Հայաստանը վերածել խաչմերուկի, որովհետեւ ամբողջն են ուզում

Թուրքիան եվ Ադրբեջանը համառորեն հրաժարվում են Հայաստանը վերածել խաչմերուկի, որովհետեւ ամբողջն են ուզում

«Խաղաղության խաչմերուկը միայն տնտեսական հաշվարկ չէ, այն շատ ավելի ընդարձակ եւ շատ ավելի համապարփակ նախագիծ է»,- խորհրդարանում հայտարարել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հարցին, թե ինչ օգուտ կտա Հայաստանին Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկը», ինչ տնտեսական հաշվարկներ կան դրա տակ: Իսկ թե ինչ համապարփակ կամ ընդարձակ ծրագրի մասին է խոսքը, Փաշինյանը,  իհարկե, չի բացահայտի: Այն իսկապես տնտեսական հաշվարկ չէ, այն հաշվարկ է այն մասին, թե ինչպես պահել կամ երկարաձգել սեփական իշխանությունը՝ Հայաստանի եւ Հայաստանի շահերի հաշվին: 

Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկն» առաջարկ էր` ուղղված Ադրբեջանին եւ Թուրքիային. Փաշինյանն առաջարկում էր, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանը վերածեն իրար հետ հաղորդակցության ճանապարհների խաչմերուկի: Մի ճանապարհը Ղազախից Հայաստանի կենտրոնով կանցնի ու Մարգարայով կգնա Թուրքիա, մյուս երկուսն Ադրբեջանը կկապեն Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ, երկաթուղու միջոցով Ադրբեջանը եւ Թուրքիան երկաթուղային հասանելիություն կունենան միմյանց հետ: Հայաստանը դրանցից ոչինչ չի շահելու, դառնալու է ընդամենը տարանցիկ երկիր, որի վրայով թուրքերն ու ադրբեջանցիները գնալու են ու գան: Հայաստանը ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի ենթակառուցվածքներից օգտվելու ոչ մի հնարավորություն չի ունենալու: Փաշինյանն ասում է, որ մեզ պետք էլ չէ, որ դուք թույլ տաք, որ մենք նման հասանելիություն ունենանք, դուք օգտվեք, մեր երկրի տարածքն օգտագործեք, մենք արդեն դրանից մեզ բավարարված ու երջանիկ կզգանք: Բայց Թուրքիան եւ Ադրբեջանը համառորեն մերժում են Փաշինյանին, համառորեն հրաժարվում են Հայաստանը վերածել խաչմերուկի, որովհետեւ ուզում են ընդհանրապես վերացնել այն:

Արդեն մեկուկես տարուց ավելի Հայաստանի իշխանությունները շունչը պահած սպասում են, որ Թուրքիան կբացի սահմանը: Սկզբում Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քլըչը 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում պայմանավորվեցին «ամենասեղմ» ժամկետում բացել հայ-թուրքական սահմանը: Այդ ամենասեղմ ժամկետը ձգվում է արդեն երկրորդ տարին: Նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարական վեհաժողովի ժամանակ իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պատմեց, որ հոկտեմբերի 23-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների, Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար:

Եթե Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քլըչը պայմանավորվել էին սահմանը բացել «ամենասեղմ ժամկետում», ապա Արարատ Միրզոյանը եւ Հաքան Ֆիդանն ավելի առաջ էին գնացել ու պայմանավորվել էին սահմանը բացել «առաջիկա շաբաթների» ընթացքում, եւ Արարատ Միրզոյանը հույս ուներ, որ առաջիկայում կյանքի կկոչեն այդ պայմանավորվածությունը: Դեկտեմբերի 2-ին էլ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետը պատրաստ է շահագործման: «Հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից եւս դրական ազդակներ ստանալ»,- ասված էր ՀՀ ԱԳ տարածած հաղորդագրության մեջ: Ազդակը, ցավոք, չուշացավ. դեկտեմբերի 4-ին Վայոց Ձորի մարզի սահմանագոտում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից սպանվեց հայ սպա Գերասիմ Առաքելյանը: Հայ սպայի սպանությունը թուրքական կողմի հավաքական ազդակն էր ՀՀ անմեղսունակ իշխանությունների` հայ-թուրքական սահմանի բացման սպասումներին, եւ հենց այդ պատճառով այս սպանության քաղաքական պատասխանատուն եւս ՀՀ իշխանություններն են: Եթե ՀՀ իշխանություններն ազդակի չսպասեին, թուրքական կողմն ազդակը չէր ուղարկի, եւ Գերասիմ Առաքելյանը ողջ կլիներ:

Ինչո՞ւ են ՀՀ իշխանություններն այդքան համառորեն փորձում հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը: Փաշինյանն ուզում է թուրքական եւ ադրբեջանական կողմին համոզել, որ իրենք կարող են առանց որեւէ խոչընդոտի օգտագործել Հայաստանի տարածքը, ընդ որում, ունենալ ոչ թե մեկ, այլ միանգամից երեք ճանապարհ: Ըստ Փաշինյանի տրամաբանության, եթե այս ծրագիրը հնարավոր լինի կյանքի կոչել, Ադրբեջանը եւ Թուրքիան կհրաժարվեն Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային հավակնություններից, կհրաժարվեն միջանցք բացելու գաղափարից, կհաջողվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել եւ հավերժացնել սեփական իշխանությունը ու այլեւս չմտահոգվել սեփական անվտանգության մասին: Եվ հակառակը`քանի դեռ Թուրքիան չի բացում սահմանը, նշանակում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը չեն հրաժարվել Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային հավակնություններից, իսկ այդ պայմաններում իր իշխանությունը միշտ վտանգի տակ է, ինքը չի կարող հանգիստ ուտել, խմել, քնել եւ հարստություն կուտակել:

Փաշինյանը համառորեն չի հասկանում մի բան. Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ իր գոյությունն իրար բացառող գործոններ են: Քանի դեռ ինքն իշխանության է, քանի դեռ Հայաստանում իշխանությունը գտնվում է թուրքական պահանջները եւ քմահաճույքները բավարարող, կամազուկ եւ փնթի մի վարչախմբի ձեռքին, Թուրքիան եւ Ադրբեջանը միշտ ձգտելու են Հայաստանից ինչ-որ տարածքներ պոկել, Հայաստանի հաշվին իրար հետ ցամաքային կապ ստեղծել, եւ ոչ մի խաղաղություն ու խաղաղության պայմանագիր չի լինի: Այսինքն՝ քանի դեռ ինքն իշխանության է, Հայաստանի տարածքային ամբողջականությունը միշտ լինելու է վտանգի տակ, ինչ զիջումների էլ ինքը համաձայնի գնալ: Չի լինելու այնպես, որ ե՛ւ ինքն իշխանություն պահի, ե՛ւ Հայաստանը մնա գոնե 29,8 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում: Դա չլինող բան է. ուզում է ինքը Թուրքիային եւ Ադրբեջանին առաջարկի Հայաստանը վերածել խաչմերուկի կամ նույնիսկ «կալցեւոյի»:
Ինչ վերաբերում է սահմանը բացելու խոստումներին. թուրքերը կարող են անվերջ ծաղրել, ստորացնել իրեն, իր արտգործնախարարին, խորհրդարանի փոխխոսնակին, նրանց ինչ-որ խոստումներ տալ՝ «ամենասեղմ ժամկետում», «առաջիկա շաբաթների ընթացքում» ձեւակերպումների տեսքով, բայց դա սովորական ձեռառնոցի է: Փաշինյանը եւ իր պաշտոնյաները ոչինչ չեն կարող անել, բացի նստել եւ շաբաթները հաշվելուց ու գուշակելուց, թե Հաքան Ֆիդանի ասած առաջիկա շաբաթները որոնք են. առաջիկա 10 շաբա՞թը, 100, թե 1000:

Ավետիս Բաբաջանյան