Մեկնարկում է ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանը. ի՞նչ կա օրակարգում

Մեկնարկում է ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանը. ի՞նչ կա օրակարգում

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին Նյու-Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 79-րդ նստաշրջանը:
Տարեկան նստաշրջանի օրակարգում կներառվեն բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ հակամարտությունների կարգավորումը, կայուն զարգացման նպատակներին հասնելը և զարգացող երկրներին օգնությունը։

Նոր նստաշրջանի գլխավոր իրադարձությունն ավանդաբար լինելու է բարձր մակարդակի շաբաթը, որի շրջանակում քննարկումները տեղի կունենան սեպտեմբերի 24-ից 30-ը՝ սեպտեմբերի 29-ի ընդմիջումով, որին կմասնակցեն տասնյակ նախարարներ և պետական ​​ղեկավարներ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը երեքշաբթի օրը կփակվի 109-րդ լիագումար նիստով, որը կունենա տեխնիկական բնույթ։ Դրանում Տրինիդադ և Տոբագոյի ներկայացուցիչ Դենիս Ֆրենսիսը, ով նստաշրջանի նախագահն է, կամփոփի կառույցի տարվա աշխատանքը և պաշտոնապես լիազորությունները կփոխանցի իր իրավահաջորդ Ֆիլիմոն Յանգին, ով զբաղեցրել է Կամերունի վարչապետի պաշտոնը։ 

Նստաշրջանի առաջին օրերը հիմնականում նվիրված են լինելու այնպիսի տեխնիկական հարցերի, ինչպիսիք են օրակարգի սահմանումը և տարբեր հանձնաժողովների կազմի հաստատումը։
Ապագա գագաթնաժողով

Մինչև բարձր մակարդակի շաբաթը, ՄԱԿ-ը կհյուրընկալի ապագա գագաթնաժողովը, որը նախատեսված է սեպտեմբերի 22-23-ը: Այս միջոցառումը նպատակ ունի ձևավորել նոր միջազգային կոնսենսուս, թե ինչպես հասնել ավելի լավ ներկայի և ապահովել ապագան: Դրա հիմնական թեմաները կլինեն կայուն զարգացումը և ֆինանսները, խաղաղությունն ու անվտանգությունը, թվային ապագան բոլորի, երիտասարդության և ապագա սերունդների համար և գլոբալ կառավարումը: Գագաթնաժողովի արդյունքը պետք է լինի երեք հիմնական փաստաթղթերի համաձայնությունը՝ Պակտ ապագայի համար, Համաշխարհային թվային համաձայնագիր և ապագա սերունդների հռչակագիր:
Բարձր մակարդակի շաբաթ

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդհանուր քաղաքականության քննարկումները, որը հայտնի է նաև որպես բարձր մակարդակի շաբաթ, կսկսվեն սեպտեմբերի 24-ին։ Բրազիլիան ավանդաբար առաջինն է խոսող երկրների ցանկում: Ակնկալվում է, որ երկրի անունից ելույթ կունենա նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան: Սպասվում է, որ Արևմտյան առաջնորդները, ներառյալ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նույնպես կմասնակցեն բարձր մակարդակի շաբաթվա քննարկումներին:
Ակնկալվում է նաև, որ բարձր մակարդակ շաբաթվա ընթացքում կժամանի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ում ելույթը նախատեսված է սեպտեմբերի 25-ին։

Բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում բաց բանավեճեր են նախատեսված նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Նիստի թեման, որն առաջարկվել է Անվտանգության խորհրդի Սլովենիայի նախագահության կողմից սեպտեմբերին, «Պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը. առաջնորդություն հանուն խաղաղության»:

79-րդ նստաշրջանի հիմնական առանձնահատկությունները

Ինչպես և սպասվում էր, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի առանցքային առանձնահատկություններից մեկը կլինի արհեստական ​​ինտելեկտի (AI) խնդիրների քննարկումը և դրա կարգավորումը միջազգային մակարդակով։ ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին անգամ հարցը կհայտնվի առանցքային տեղում:
Բացի այդ, այս նիստի ընթացքում նախատեսվում է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որը կմշակի արհեստական ​​ինտելեկտի օգտագործման ընդհանուր սկզբունքներ և չափորոշիչներ։ Ակնկալվում է, որ այս նախաձեռնությունը կգրավի ոչ միայն կառավարությունների, այլ նաև այնպիսի խոշոր տեխնոլոգիական կորպորացիաների, ինչպիսիք են՝ Google-ը, Microsoft-ը և Amazon-ը, որոնց մասնակցությունը կարևոր կլինի արհեստական ​​ինտելեկտի ոլորտում նոր միջազգային կանոնակարգերի մշակման և հետագա համապատասխանության գործում: