Տպավորություններ Նիկոլի տարեվերջյան ասուլիսից

Տպավորություններ Նիկոլի տարեվերջյան ասուլիսից

Երբ լսում եմ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի հարցազրույցները՝ այնպիսի տպավորություն եմ ստանում, որ իմ առջև ոչ թե մեր երկրի իրական ղեկավարն է, այլ ինչ-որ օտար մի անձնավորություն: Դա՝ մեկ, և երկրորդ՝ ի տարբերություն, օրինակ, կենդանի շփումով մեծ մամուլի ասուլիսների, որ տարեվերջին տալիս է ՌԴ նախագահը, Նիկոլը որդեգրել է հարցերի նախապես ուղարկման տարբերակը: Դա, նախ, թույլ է տալիս կատարել հարցերի ընտրություն և, ապա, խուսանավել հազվադեպ տրվող տհաճ հարցերին պատասխանելուց: Եվ լսողն էլ այն տպավորությունն է ստանում, որ բանախոսը փորձում է պաշտպանել սեփական պատկերացումները, որոնք կտրված են իրականությունից: Եվ ի տարբերություն ՌԴ նախագահի, որ արևմտյան լրատվամիջոցների մեղադրական հարցերին պատասխանում էր նույն ոճով, սակայն հակառակ ուղղվածությամբ, Նիկոլը փորձում է անընդհատ կիսաճշմարտությամբ կամ ստերով հիմնավորել իր խոսքը: 

Չնայած գիտակցում ես, որ ցածրակարգ պոպուլիզմը՝ ստով ու կեղծիքով համեմված, վաղուց դարձել է Նիկոլի բնավորության հիմնական գիծը, սակայն ենթագիտակցաբար սպասում ես, որ նրա մեջ գոնե մի օր պետք է ծնվի երկրի իրական ղեկավարը: Մարդ, որ պետք է զբաղվի ոչ թե իշխանության պահպանմամբ ու սեփական փիառով, այլ երկրի առջև ծանրացած մարտահրավերների լուծումների փնտրտուքով: Ի վերջո, արդեն երեք ու կես տարի այդ անձը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը: Սակայն քո սպասելիքներն ամեն անգամ ի դերև են ելնում. ինչպես ժողովուրդն է ասում՝«Կարմիր կովը կաշին չի փոխի»: Այն ժողովուրդը, որին իբրև թե սիրում և որի առաջ իբրև թե խոնարհվում է Նիկոլը (դրանք էլ են, բնականաբար, կեղծիք): Եվ ամենից զարմանալին ու ողբերգականն այն է, որ երբ լսում ես նրա արդարացումներն այս կամ այն հարցի առնչությամբ՝ քեզ թվում է, որ դու լսում ես ոչ թե Հայաստանի, այլ թշնամի երկրի ղեկավարի դատողությունները: Չնայած անընդհատ կրկնում է, որ ինքն արդարանալու պատճառ չունի:

Որպեսզի խոսքս չհնչի մերկապարանոց՝ մեջբերեմ Նիկոլի երկու և կես ժամանոց հարցուպատասխանից մի քանի խնդիրների վերաբեյալ իմ տպավորությունները: 
Առաջին. ինչո՞ւ, օրինակ, նիկոլը չպատասխանեց ցեղասպանության ճանաչման խնդրից հրաժարվելու մասին հարցին: Դժվա՞ր էր հասկանալը, որ ոչ թե Հայաստանն է պահանջելու, որ Թուրքիան ընդունի ցեղասպանությունը, այլ թուրքերը կպահանջեն, որպեսզի Հայաստանը դադարեցնի ցեղասպանության խնդիրն առաջ տանելուց: Այն, ինչ անընդհատ փորձում էր կյանքի կոչել ՀՀ առաջին նախագահը:

Երկրորդ. կրկին կեղծ մանիպուլյացիաներ Արցախի կարգավիճակի հարցով, այդ թվում՝ հանրաքվեի առումով: Իսկապես, վարչապետ ունենք՝ աշխարհը չունի... Բայց քանի որ ես ինձ չեմ համարում Ղարաբաղյան կարգավորման հարցերում մասնագետ՝ զերծ կմնամ այս հարցն ավելի խոր դիտարկելուց: Ընդամենն ասեմ, որ այն, ինչին ես բավարար տեղյակ եմ, թույլ է տալիս նկատել նրա խոսքում առկա ստերն ու կեղծիքները: Օրինակ՝ նրա հիշատակած 2016 թվականի բանակցային աղետի, ադրբեջանցիների հետ համատեղ բնակվելու և կամ հանրաքվեն Ադրբեջանի սահմանադրությամբ անցկացնելու առումներով:    

Երրորդ. պատերազմի մասին խոսելով, ասում է, որ իրեն լեգիտիմ իրավունք ունեն մեղադրելու ոչ թե հողերը հանձնելու մեջ, այլ որ չի հանձնել հենց սկզբից: Իհարկե, մոռացել է, որ 2019-ին իր համար Արցախը Հայաստան էր և վերջ, իսկ 2020-ի հուլիսյան դիրքային մարտի հաջողությունը հավասարեցրել էր Սարդարապատի ճակատամարտին՝ բաժանելով մեկ հերոսի կոչում և 72 շքանշան: Ընդ որում, այն մարտի, որ նախաձեռնել էր հայկական կողմը, և որի վերաբեյլա ինքը բացարձակ անտեղյակ էր: Բայց, բնականաբար, չի խոստովանում, որ 2019-ին առկա էր մի քանի հազար զոհերի գնով Արցախը հանձնելու գաղափարը, ինչը ավելի ուշ բարձրաձայնվել է լրագրողներից մեկի կողմից՝ համապատասխան հիմնավորմամբ: Եվ եթե նախկինում ասում էր, որ չի հանձնել հողերը, որպեսզի իրեն դավաճան չհամարեն, այսօր փոխել է խոսքը՝ չի հանձնել, քանի որ դրա դիմաց ոչինչ չէինք ստանում: 

Չորրորդ. էական չէ՝ 2016-ի ապրիլյան քառօրյան մարտական հետախուզություն էր, ինչպես արտահայտվել է Կոմանդոսը, թե իսկական պատերազմ: Էական է այն, որ Ադրբեջանը պարտվեց ու Իլհամը ստիպված դիմեց Պուտինին այն դադարեցնելու խնդրանքով: Ու երբեք չլինելով Սերժ Սարգսյանի համակիրը՝ պետք է ընդունեմ, որ քառօրյայի արդյունքում հետագայում մեծածավալ պատերազմ չծագեց, ու չէր ծագելու, եթե մենք այնքան խելացի լինեինք, որ 2018-ի ապրիլին Սերժ չմերժեինք ու նրա փոխարեն վարչապետ չկարգեինք մերօրյա կեղծ «փրկչին»: Իհարկե, ինքը չի խոստովանում, որ մեղավոր է թե՛ պատերազմ սանձազերծելու և թե՛ այն պարտության հասցնելու հարցում: 

Հինգերորդ. մեր պետականությունը 2020 թ. նոյեմբերի 9-ին կանգնած էր աղետի առաջ ոչ թե մի քանի տասնյակ մարդու կողմից պետական մեկ-երկու շենք, որոնք, չգիտես ինչու, լքված էին ոստիկանության կողմից, մուտք գործելով, այլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ապաշնորհության պատճառով խայտառակ պարտության պատճառով: Եվ այսօր էլ, դժբախտաբար, դեռևս գտնվում է այդ վիճակում:

Վեցերերդ. որպես ընդդիմություն Նիկոլը պետական ատրիբուտ չէր համարում պատից կախված Սերժի նկարը, սակայն որպես վարչապետ նույն դիրքում գտնվող իր նկարը համարում պետական ատրիբուտ: Այսպիսի տրամաբանություն...

Յոթերերդ. հերթական մանիպուլյացիան ընտրությունների առումով. ինքը ոչ թե պահեց ժողովրդի մանդատը, որպեսզի այն վերադարձնի ժողովրդին քվեարկության նախօրեին, այլ պահեց մանդատը, որպեսզի մնա իշխանություն և կազմակերպի ընտրությունը, իսկ ով իշխանություն է մեր երկրում և կազմակերպում է ընտրությունը՝ նա էլ շահում է այն:

Էլի բաներ կային, որ կարելի էր բացահայտել Նիկոլի ստերը, բայց ներկայացվածն էլ բավական է, որպեսզի գիտակցենք, որ մեր փրկությունը նրան պաշտոնից հեռացնելն է: Այլ տարբերակ ուղղակի չկա: